‘Մերօրյա զինվորները իսկական պրոֆեսիոնալներ են’. ազատամարտիկ վավերագիր
‘Հիմա, երբ նայում եմ պատերազմի մասին իմ նկարահանած ֆիլմերը, տեսնում եմ, որ հայրենիքն ազտագրած հերոս տղաներից շատ շատերը չկան: Ոնց էին նրանք կռվում:Նրանք չէին տարբերվում 20-րդ դ սկզբի հերոս ֆիդայիններից’,- այսօր ‘Հենարան’ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արաբո ջոկատի ազատամարտիկ վավերագիր օպերատոր Ռուբեն Հովհաննիսյանը: Նրա խոսքով` նկարահանումների ողջ ընթացքում ամենատխուր ու ազդեցիկ դեպքն այն էր, երբ Արաբոյի ջոկատի 79 ազատամարտիկներ անհայտ կորան:
Ռուբեն Հովհաննիսյանը սխալ է համարում, որ մեր զինվորները և սպաները Արցախյան ազատամարտի միայն մի քանի հերոսի մասին գիտեն: ‘Երբ զորամասերից մեկում Մովսես Գեորգիսյանի մասին հուշ երեկո էինք անցկացնում, մի սպա մոտեցավ ինձ ու հարցրեց.’ Ով է Մովսես Գեորգիսյանը’: Ցավալի է, որ զինծառայողները ամեն օր անցնում են մեր հերոսների նկարների մոտով, բայց չգիտեն նրանց մասին’,- ափսոսանք հայտնեց ազատամարտիկ վավերագիրը:
Ականատեսը պատմում է, որ 1992թ Լաչինի իքնապաշտպանության ժամանակ 18 տարեկան երիտասարդներ կամավորներ այնպես էին կռվում, որ նրանցից տարիքով մեծ ազատամարտիկները զարմանում էին նրանց ոգեղենությամբ ու քաջությամբ:
‘Հիմա էլ հիացած եմ մերօրյա զինվորներով: Նրանք այնպես են տիրապետում իրենց գործին, այնպես են կրակում, որ հուզմունքից և ուրախությունից աչքերս են լցվում: Նրանք իսկական պրոֆեսիոնալներ են’,- նշեց Ռուբեն Հովհաննիսյանը` ափոսանք հայտնելով միայն, որ այսօր գաղափարապես զինված զինվորի կերպարն է բացակայում:
Ասուլիսին ներկա մյուս բանախոսը` ազատամարտիկ վավերագիր օպերատոր Հակոբ Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ զինվորներն այսօր լավ մարտական վիճակում են, պարզապես բանակի մասին ճիշտ և անհրաժեշտ քարոզչություն չի գնում և զինվորների մեջ չի ներարկվում գաղափարի համար կռվող զինվորի ոգին:
‘Իհարկե թափթփուկներ լինում են թե հասարակության մեջ, թե բանակում: Մի բան հաստատ է, եթե տղամարդը հագնում է զինվորական համազգեստը, ուրեմն պարտավոր է զգաստ ու ձիգ լինի’,- ասաց ազատամարտիկ վավերագիրը: