Թուրքիան ձեռքերը ծալած չի նստում. թուրքագետ
Թուրքիան ձեռքերը ծալած չի նստում եւ միգուցե ավելի ակտիվորեն է պատրաստվում 2015-ին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը` խոսելով հայ-թուրքական հարաբերություններից եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նախապատրաստվելուց: Բանախոսի կարծիքով` 100-ամյա տարելիցը մեծ աղմուկ կբարձրացնի, սակայն նա ցավով նշեց այն փաստը, որ հանրությունը տեղյակ չէ` ինչպես են պատրաստվում այդ տարելիցին:
Թուրքագետը կարծիք հայտնեց նաեւ, որ հնարավոր է հայկական թույլ քաղաքականության պատճառով գերտերությունները Հայաստանին ստիպեն որեւէ հայտարարություն անել: Այդ պատճառով էլ թե հայերը, եւ թե հայկական սփյուռքը, նրա կարծիքով, պետք է հույս դնեն սեփական ռազմավարության, այլ ոչ թե որոշ պաշտոնական կազմակերպությունների վրա:
Արտակ Շաքարյանի խոսքով` նման քաղաքականությունը Հայաստանի համար հեռանկարային չէ: “Մենք պետք է գոնե որոշակիության սցենար ունենանք”,-նշեց թուրքագետը:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա բանախոսի կարծիքով դրանք ներկայումս վատ վիճակում են: Նա նկատեց, որ 2 պետությունների ներկայացուցիչները նույնիսկ դեսպանատներում հանդիպելիս չեն կարող շփվել միմյանց հետ, քանի որ դա կդիտվի որպես գաղտնի բանակցություններ: