26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

2011թ-ը աննախադեպ էր ԶԼՄ-ների հանդեպ դատական գործերի քանակով. փորձագետ

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց  կոմիտեի 2011թ զեկույցը, որում ամփոփվել են տարվա կտրվածքով խոսքի ազատության վիճակը Հայաստանում, եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների` կոմիտեի արձանագրած խախտումները:

Ըստ այդ զեկույցի` լրագրողների նկատմամբ գրանցվել է 5 բռնության դեպք, ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների վրա ճնշումների 49 դեպք, և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման 7 դեպք: Ինչ վերաբերում է դատական վեճերին, ապա դրանց թիվը կազմել է 38:

‘’2011թ-ը աննախադեպ էր ԶԼՄ-ների հանդեպ դատական գործերի քանակով: Այս իրավիճակը գնահատում ենք տագնապալի, քանի որ լրատվամիջոցների դեմ դատական այդ գործընթացները նպատակ ունեն ֆինանսական կոլապսի մեջ գցել առանց այն էլ դժվարին պայմաններում լրատվական գործունեություն իրականացնողներին և լռեցնել անցանկալի ԶԼՄ-ներին’’,- ասաց Աշոտ Մելիքյանը` հավելելով, որ նման պայմաններում առավել մեծանում է լրատվամիջոցներում  ինքնագրաքննության վտանգը, ինչպես նաև` ի հայտ են գալիս թաքնված գրաքննության տարրեր:

Բանախոսը նշեց, որ դատական գործերից միայն մեկն է մերժվել`ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հայցն ընդդեմ ‘’Իրավունք’’ թերթի, առավել սկանդալային են եղել 3 Հանրապետական պատգամավոր գործարարների հայցն ուղղված  ‘’Հայկական ժամանակ’’-ի դեմ, ինչպես նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ ‘’Հրապարակ’’ թերթի եւ  Բելլա ու Սեդրակ Քոչարյանների հայցն ընդդեմ ‘’Հայկական ժամանակ’’-ի: Երկու դատական գործերի դեպքում`  ‘’Չորրորդ ինքնիշխանություն’’ եւ ‘’Առավոտ’’ օրաթերթերի դեմ գործերն ավարտվել են հաշտությամբ:

‘’Կարծում եմ երկրորդ նախագահին  այդքան էլ հարիր չէր նման դատական հայցը’’,- կարծիք հայտնեց Աշոտ Մելիքյանը:

Անդրադառնալով ‘’Լրագրողներ առանց սահմանների’’ կազմակերպության հրապարակած զեկույցին, որի համաձայն` մամուլի ազատության տեսանկյունից Հայաստանը 2011թին 27 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը, Աշոտ Մելիքյանն ասաց, որ համաձայն չէ զեկույցի հետ, քանի որ 2011թ-ը լի էր դատական գործերով, և ԶԼՄ-ներն աշխատել են բավական ծանր պայմաններում:

‘’Փորձը ցույց է տալիս, որ ընտրություների ժամանակ ԶԼՄ-ների վրա ճնշումներն ավելանում են, ահա ինչու մենք սկսելու ենք ԶԼՄ-ների դեմ դատական գործերի մոնիտորինգ,  գործելու է արագ արձագանքման խումբ, ուշադիր հետևելու ենք, մեզ հետաքրքրելու է լրագրողների անվտանգ և արդյունավետ աշխատանքը’’,- ասաց Աշոտ Մելիքյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ