23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանի վարչապետի ելույթը 2013թ բյուջեի քննարկմանը

Հարգարժան Ազգային ժողովի փոխնախագահ` պարոն Շարմազանով,
Հարգելի պարոն Մինասյան,
Հարգելի գործընկերներ,
Ինչպես պարոն Մինասյանը նշեց, ես կփորձեմ ձեզ ներկայացնել 2013 թ. մեր պետական բյուջեի նախագծի փիլիսոփայությունը, այն սկզբունքային կետերը, որոնց վրա խարսխված է պետական բյուջեն: Նախ ցանկանում եմ անդրադառնալ 2012 թ. ստեղծված իրավիճակին, որն ստեղծում է նախադրյալներ, նախապայմաններ 2013 թ. պետական բյուջեի կատարման համար: Այս պահի դրությամբ մենք ամփոփել ենք Ազգային վիճակագրական ծառայության կողմից ներկայացված պաշտոնական տվյալները եւ սեպտեմբեր ամիսը ներառյալ կարող ենք արձանագրել, որ ունենք մոտավորապես 7 տոկոսանոց տնտեսական աճ, իսկ բյուջեի դեֆիցիտը, որը ծրագրված էր 3.1 տոկոս, ըստ մեր գնահատականների, կլինի ավելի ցածր, 2.8 տոկոս: Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ մեր մասնագետների գնահատականներով եւ ԾԻԳ-երի տնօրենների հետ անցկացված խորհրդակցության արդյունքում տեսնում ենք, որ իրականում բյուջեի դեֆիցիտը մի փոքր ավելի ցածր կլինի: Պետական բյուջեի եկամտային մասը մենք ամբողջությամբ կատարում ենք եւ դա նշանակում է, որ այս թվերը, որ ես ձեզ ներկայացրեցի, իրատեսական են: Դրա հիման վրա էլ մենք կատարում ենք 2013 թ. պետական բյուջեի կանխատեսումները:
Բյուջեի նախագծի առանձնահատկությունն այն է, որ առաջին անգամ ձեզ ենք ներկայացնում մի փաստաթուղթ, որը կոչվում է «Ծրագրի ռիսկերը եւ դրանց կառավարման հնարավորությունները»: Քանի որ առաջին անգամ մանրակրկիտ գործոններով եւ ցուցանիշներով ենք ներկայացնում այս մեթոդաբանությունը, պետք է խնդրեմ, որ շատ խիստ չդատեք այս մեթոդաբանության ներկայացումը, քանի որ, հասկանալի է` այն կատարելագործման տեղ ունի: Նախկինում մենք խոսում էինք ռիսկերի երեւույթների, ուղղությունների, դրանց կանխարգելման միջոցառումների մասին, այս անգամ փորձում ենք թվային գնահատականներ ներկայացնել, թե այդ ռիսկերն ինչպես կարող են դրսեւորվել, եւ այդ պարագայում ինչպես ենք այդ ռիսկերը կառավարելու:
2013 թ. պետական բյուջեի նախագիծը հիմնված է երեք կարեւորագույն սկզբունքների վրա: Դրանք այն սկզբունքներն էին, որ մենք ներկայացրել էինք ձեր դատին կառավարության ծրագիրը հաստատելու ժամանակ: Մասնավորապես, առաջին սկզբունքը տնտեսության մրցունակության ապահովումն է, երկրորդը` մարդկային կապիտալի զարգացումը, երրորդը` արդյունավետ ինստիտուտների առկայությունը: Դա նշանակում է, որ, ինչպես պարոն Մինասյանը նշեց, մենք ձեր դատին ներկայացնում ենք ծրագրային բյուջետավորման սկզբունքով նախագիծ, իսկ դա նշանակում է, որ այն ծրագրերը, որ մեր նախարարները ձեզ կներկայացնեն, ցույց են տալու, որ այս երեք ուղղություններով մենք ունենք լրջագույն միջոցառումներ: Միեւնույն ժամանակ, 2013 թ. բյուջեում մեզ համար թիրախավորել ենք հետեւյալ չորս կարեւոր նպատակները.
Առաջինը` տնտեսական աճի պահպանումն է, որի միտումները վերջին երկու տարիներին տեսնում ենք: Այս տարվա կտրվածքով տեսնում ենք, որ շուրջ 7 տոկոսանոց տնտեսական աճի ցուցանիշը մեզ համար դառնում է իրատեսական: Մեր խնդիրն է լինելու` 2013 թ. պահպանել բարձր տնտեսական աճի ցուցանիշը եւ հստակ միջոցառումներ իրականացնել տնտեսության դիվերսիֆիկացիայի խորացման համար: Մեր ծրագիրն այդ առումով ուղղված է արտահանման խրախուսմանը եւ դրա ծավալների ավելացմանը:
Մեր քաղաքականության մեջ երկրորդ շեշտադրումը սոցիալական քաղաքականությունն է, որտեղ արմատական փոփոխություններ ենք առաջարկում: Մասնավորապես, սոցիալական քաղաքականության մեջ անցում ենք կատարում հետեւյալ սկզբունքին. սոցիալապես խոցելի խավերի համար պետք է ստեղծենք հնարավորություններ` կրթություն ստանալու, աշխատանք ձեռք բերելու, այդ թվում նաեւ` պետության միջոցների հաշվին վերապատրաստման ծրագրերին մասնակցելով: Երաշխավորելու ենք նրանց համար առողջապահական ապահովվածությունը, եւ միայն վերջին հերթին շեշտադրումն արվում է լրացուցիչ սոցիալական նպաստների ավելացման վրա:
Այս արմատական փոփոխությունները մեր քաղաքականության մեջ պայմանավորված են այն ուսումնասիրություններով, որ կատարվել են Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Երբ սոցիալական նպաստների աճի տեմպը գերազանցում է այլ չափանիշների աճի տեմպին, մասնավորապես, երբ մարդկանց աշխատավարձի աճի տեմպը լինում է ավելի ցածր, քան սոցիալական նպաստների, թոշակների աճի տեմպը, մարդկանց մոտ խթաններ չեն լինում իրենց խնդիրներն աշխատանքով լուծելու համար: Նրանք իրենց կենցաղային չափանիշները փորձում են համապատասխանեցնել պետության սահմանած չափանիշներին, որպեսզի օգտվեն սոցիալական նպաստներից, եւ աշխատելու մոտիվացիան էապես խաթարվում է: Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ այդ ուսումնասիրությունները, որ կատարվել էին ոչ միայն Հայաստանում, հանգեցնում էին եզրակացության, որ մենք առաջին հերթին պետք է ապահովենք սոցիալապես խոցելի խավերի ներգրավվածությունը հասարակական կյանքում եւ նրանց առաջին հերթին ապահովել աշխատանքով: Դրան է ուղղված նաեւ սոցիալական ինտեգրված ծառայության համակարգի ներդրումը, որը մենք սկսել ենք իրականացնել Համաշխարհային բանկի հետ: 2013 թ. առնվազն 10 կետեր պետք է Հայաստանի Հանրապետությունում սկսեն իրենց գործունեությունը: Դա հնարավորություն է տալու մեզ բացահայտել սոցիալապես խոցելի ընտանիքների իրական խնդիրները եւ թիրախային օժանդակություն ցույց տալ այդ ընտանիքներին: Որտեղ կան չափահաս երեխաներ, որոնք ունեն կրթության հնարավորություն, պետությունը պետք է օգնի նրանց, որպեսզի աղքատությունը չլինի պատճառ, որ նրանք կրթություն չստանան: Եվ այդպիսի ծրագրեր արդեն իսկ սկսել ենք իրականացնել, որտեղ անհրաժեշտ է իրավական խնդիրների խորհրդատվություն՝ տրամադրելու ենք խորհրդատուներ, որտեղ անհրաժեշտ է առողջապահական միջամտություն` պետությունն առաջին հերթին սոցիալապես խոցելի խմբերին է երաշխավորելու առողջապական ծառայությունների հասանելիությունը: Եվ ինտեգրացված սոցիալական ծառայության ներդրումը մեզ օգնելու է լուծել այս խնդիրը:

Կարեւորում ենք նաեւ այն հանգամանքը, որ 2013 թ. մեր ուշադրության կենտրոնում ենք պահելու զոհված ազատամարտիկների ընտանիքներին տրվող նպաստները, որովհետեւ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ, ցավոք սրտի, դեռեւս այս խումբը առավել սոցիալապես խոցելի խումբն է, եւ այստեղ մենք իրականացնելու ենք թոշակների ավելացում: Միեւնույն ժամանակ, 2013 թ. սոցիալական փաթեթից օգտվողների թիվն ավելացնելու ենք 30 հազարով: Այս նորամուծությունը, որ տեղի ունեցավ 2012թ., արժանացել է մեր բնակչության դրական գնահատականին, եւ մեր բոլոր այցելությունները, հանդիպումները մեր քաղացիների հետ ցույց են տալիս, որ մեր առջեւ խնդիր է դրվում ընդլայնել սոցիալական փաթեթից օգտվողների ծավալը, եւ մենք 2013թ. շուրջ 30 հազարով ավելացնելու ենք այդ փաթեթից օգտվողների քանակը՝ պետական բյուջեում ապահովելով համապատասխան ֆինանսական միջոցներ:
Երրորդ ուղղությունը` գործարար եւ ներդրումային միջավայրի էական բարելավումն է: Դուք գիտեք, որ մենք շատ ուշադիր հետեւում ենք Doing Business-ի, մրցունակության եւ տնտեսական ազատականության աստիճանի ինդեքսներին: Եվ ոչ միայն մենք, այլեւ դուք տեսնում եք, որ մեր հարեւան պետությունների ղեկավարները նույնպես մեծ ուշադրություն են դարձնում այս գործոնին: 2013 թ.-ը մեզ համար այդ առումով պետք է լինի բեկումնային: Չնայած որ Doing Business-ով մենք բավականին լուրջ առաջընթաց արձանագրեցինք` 18 քայլով բարելավեցինք մեր դիրքը եւ 184 պետությունների շարքում հայտնվեցինք 32-րդ տեղում, բայց տեսնում ենք, որ մի քանի գործոններով դեռեւս լուրջ անելիքներ ունենք: Մասնավորապես, բարելավել առեւտրի պայմանները, որպեսզի ապրանքների արտահանման ծախսատարությունը Երեւանից մինչեւ մոտակա նավահանգիստ լինի նվազագույն: Այսօր, ցավոք սրտի, Համաշխարհային բանկի կողմից ծախսատարությունը գնահատվում է բավականին բարձր. մեկ կոնտեյների համար այն կազմում է 1800 դոլար, ներառյալ բոլոր ծառայությունները, այդ թվում բրոքերների ծառայությունը, որը բավականին թանկ է: Ինչպես նաեւ պետք է նզացեցնենք բյուրոկրատական բոլոր գործընթացները, քանի որ իրականության մեջ շատ ավելի շատ խոչընդոտներ կան արտահանողների համար, քան օրենսդրությամբ նկարագրված է եւ պրակտիկան այդտեղ պետք է էապես բարելավենք: Երկրորդ կարեւորագույն խնդիրը մեզ համար հարկահավաքման գործընթացն է. շուրջ 40 քայլով այստեղ բարելավեցինք մեր դիրքը, բայց դեռեւս հարյուրակի մեջ չենք մտնում եւ հարկային վարչարարության բարելավումը մեզ համար էական նշանակություն է ունենալու:

Մանավորապես, դրան էապես կնպաստի հունվարի 1-ից էլեկտրոնային հաշվետվությունների ներդրումը` սկզբից խոշոր բիզնեսի, հետագայում բոլոր տնտեսվարողների համար, ընդ որում փոքր եւ միջին բիզնեսին պետությունը ֆինանսապես օժանդակելու է, որպեսզի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդումը նրանց վրա նվազագույն արժեք ունենա, մասնավորապես, փոքր բիզնեսի համար սուբսիսավորելու ենք էլեկտրոնային ստորագրության տրամադրումը, էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների հաղորդման գործընթացին նույնպես էապես օժանդակելու ենք: Միեւնույն ժամանակ, մեզ համար կարեւոր է դատական պրակտիկայի բարելավումը, որովհետեւ ինչպես ցույց են տալիս ուսումնասիրությունները, դեռեւս դատական վեճերի քննումը դատարաններում տեւում է 400 օրից ավելի եւ հասկանալի է, որ այդ պատճառով տնտեսվարող սուբյեկտները կրում են լուրջ վնասներ ոչ միայն ժամանակի, այլեւ ֆինանսական: Հայաստանում դատական վեճերի քննարկման ծախսատարությունը դեռեւս բավական բարձր է եւ այս ուղղությամբ անելիքներ ունենք: Այս տարի տարբեր տիպի թույլտվությունների գործընթացն էապես բարելավվել է, մասնավորապես շինթույլտվությունների առումով: Բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ էլեկտրաէներգիայի, գազի, ջրի հասանելիությունը փոքր եւ միջին բիզնեսի համար էական նշանակություն է ունենալու մեզ համար:
Հաջորդ ֆունդամետալ ուղղությունը բիզնես միջավայրի բարելավման առումով Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի բանակցություններն են ԵՄ-ի հետ: Տեղյակ եք, որ այս տարի փետրվարին ԵՄ-ն հայտարարեց Հայաստանի Հանրապետության հետ պաշտոնական բանակցություններ սկսելու մասին եւ մենք արդեն իսկ բանակցությունների 6 փուլից երկուսն անցկացրել ենք, որտեղ արձանագրվել են մեր կողմից իրականացվող բարեփոխումները, պարտավորությունները՝ մեր օրենսդրությունը համապատասխանեցնելու եվրոպական չափանիշներին: Այդ բարեփոխումներն իրականացվելու են հետեւյալ ուղղություններով. առաջինը սննդի անվտանգության բնագավառն է, որտեղ պարտավոր ենք այնպիսի մոնիթորինգի համակարգ ներդնել Հայաստանի Հանարապետությունում, որը համապատասխանում է եվրոպական լավագույն չափանիշներին: Պետք է ունենանք համապատասխան լաբորատորիաներ, մեթոդաբանություն` ինչպես է գնահատվում սննդի անվտանգությունը, պատրաստված կադրեր, եւ որ ամենակարեւորն է` պրակտիկայում այդ բոլոր նորմերը պետք է կիրառվեն:
Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շրջանակներում երկրորդ ուղղությունը վերաբերում է ինտելեկտուալ սեփականության գրանցմանը: Մեր օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ պետք է իրականացնենք, պետք է ընդունենք նորմատիվ ակտեր եւ այստեղ նույնպես ամենակարեւորը կայանում է նրանում, որ իրավապահ մարմինները, դատական համակարգը պրակտիկայում պետք է գործառույթներ իրականացնեն ինտելեկտուալ սեփականության պաշտպանության ուղղությամբ:
Երրորդը` դատական պրակտիկայի կատարելագործումն է, մասնավորապես, տնտեսական վեճերի քննարկման ուղղությամբ: Այստեղ նույնպես ունենք ստանձնած պարտավորություններ:
Եվրոպական միության կողմից ներկայացվող լավագույն չափանիշների ներքո չորրորդ ուղղությունը մաքսային կատարելագործումն է՝ կանաչ ուղու ռեժիմի ներդրումը, ինվոյսային գների կարգավորումը: Այս բարեփոխումները եւ պարտավորությունները, որոնք ստանձնել ենք, մտադիր ենք ամբողջությամբ իրականացնել 2013 թ.: Ինքներս մեզ համար սահմանել ենք այնպիսի թիրախ, որպեսզի 2013 թ. ընթացքում ամբողջությամբ ավարտենք բոլոր բանակցային փուլերը եւ դրանց շրջանակում արձանագրենք, որ մեր կողմից ստանձված պարտավորությունները կատարված են: Չնայած ֆորմալ պարտավարությունները ենթադրում են, որ մենք այդ բանակցային գործընթացը պետք է ավարտենք 2014 թ., բայց մենք մեր առջեւ խնդիր ենք դրել ավարտին հասցնել 2013 թ. ընթացքում:
Ընդհանուր միջավայրի բարելավման եւ արդյունաբերական քաղաքականությունն իրականացնելու առումով կարեւոր նշանակություն ենք տալիս պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքին: Տեղյակ եք, որ արդյունաբերական նոր քաղաքականությունը, որը մշակեցինք Համաշխարհային բանկի մասնակցությամբ եւ ֆինանսական օժանադակությամբ, ենթադրում է, որ պետք է ձեւավորվի նոր պլատֆորմ՝ մասնավոր հատվածի հետ համատեղ, ընդ որում կարեւոր է, որ այս ծրագիրը մշակվել է հենց մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ եւ ակտիվ մասնակցությամբ, որը եւ հետագայում արժանացել է մեր համատեղ նիստի հավանությանն ու հաստատվել Կառավարության կողմից: Թիրախավորել ենք 12 ոլորտներ, որտեղ, ըստ ուսումնասիրությունների արդյունքների, առկա է արտահանման բավականին մեծ ներուժ, եւ պետության ջանքերը պետք է ուղղվեն այդ ներուժի իրացմանը: Տեղյակ եք, որ արդեն երկու ոլորտների շուրջ պետությունը համաձայնագրեր է ստորագրել մասնավոր հատվածի հետ, որով պարտավորություններ ենք ստանձնել, թե ինչպիսի գործողություններ պետք է իրականացնի պետությունը: Մասնավորն էլ իր հերթին փոխադարձ պարտավարություն է ստանձնել՝ իրականացնելու ներդրումներ, ավելացնել արտահանման ծավալները եւ ստեղծել նոր աշխատատեղեր: Կարծում եմ, որ այս ծրագիրն արդեն 2013 թ. տեսանելի կլինի մեր տնտեսվարողների համար:
Չորրորդ գերակա խնդիրը՝ մակրոտնտեսական կայունության ապահովումն է, որն էական նշանակություն է ունենալու: Այսօր բոլոր կանխատեսումներով՝ համաշխարհային տնտեսությունը գտնվում է բավականին վտանգավոր իրավիճակում: 2013 թվականի համար Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը նվազեցնում են աճի տեմպերի իրենց կանխատեսումները: Երկրորդ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե նախկինում դա հիմնականում վերաբերվում էր զարգացած երկրներին, ապա առաջին անգամ տեսնում ենք, որ նվազեցվում են նաեւ զարգացող երկրների աճի տեմպերի ցուցանիշները: Դա նշանակում է, որ 2013 թվականին մենք պետք է բավականին զգուշավոր մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնենք՝ հաշվի առնելով հավանական ռիսկերի դրսեւորումները: Ելնելով դրանից՝ այս պահին թիրախավորում ենք 6,2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ՝ այս տարվա սպասված 7 տոկոսանոց ցուցանիշի դիմաց: Պետք է ունենանք բավարար պաշարներ, որպեսզի կարողանանք բացասական դրսեւորումների ժամանակ չեզոքացնել այդ ռիսկերը: Մասնավորապես, այս պահի դրությամբ մենք Համաշխարհային բանկի հետ պայմանավորվածություն ունենք, որ եթե համաշխարհային բացասական ազդեցությունները մեր բյուջեի կատարողականի վրա բացասաբար ազդեն, ապա կկարողանանք անմիջապես ակնկալել 100 մլն դոլարի ֆինանսական օժանդակություն: Հակաճգնաժամային հիմնադրամում էլ ունենք 1 միլիարդ 100 մլն դոլար: Բացասական դրսեւորումների պարագայում Հայաստանի Հանրապետությունը կարող է հիմնադրամից ակնկալել այս ֆինանսական միջոցների ստացումը՝ բացասական ռիսկերի չեզոքացման նպատակով:
Ուզում են նաեւ նշել, որ մենք էական ուշադրություն ենք դարձնելու այն բոլոր ծրագրերին, որոնք սկսել ենք իրականացնել 2012 թ., որոնք ունենալու են շարունակական բնույթ: Մասնավորապես, առողջապահության ոլորտում ուշադրության կենտրոնում ենք պահելու մարզերում առողջապահական ծառայությունների մատուցման որակի բարելավումը: Տեղյակ եք, որ նախորդ երկու տարիների ընթացքում մեծածավալ ֆինանսական միջոցներ հատկացվեցին, որպեսզի մարզերում ունենանք առողջապահական ժամանակակից կենտրոններ, որոնք ոչնչով չեն զիջում այն առողջապահական կենտրոններին, որոնք այսօր առկա են Երեւանում` դրանով իսկ նպաստելով նաեւ մարզերի համաչափ զարգացմանը: Այս ծրագիրը շարունակվելու է: Պետական բյուջեի ֆինանսավորմամբ ծրագրում ենք կառուցել 13 համայնքային ամբուլատորիաներ, ինչպես նաեւ մարզկենտրոններում շարունակելու ենք առողջապահական հիմնարկների վերանորոգման աշխատանքները: Առողջապահության ոլորտում մեզ համար կարեւոր նշանակություն է ունենալու ֆինանսական մեխանիզմների կատարելագործումը: Ազգային ժողովին կներկայացնենք նաեւ այն նոր հայեցակարգը, որը հաշվի է առնելու ինչպես միջազգային լավագույն փորձը, այնպես էլ այն թերությունները, որոնք այսօր առկա են Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի ֆինանսավորման մեխանիզմներում: Դա վերաբերվում է պետպատվերին, համաֆինանսավորման, ապահովագրական մեխանիզմների կատարելագործմանը, դեղերի գնման գործընթացին, ինչպես նաեւ ծառայությունների գների կարգավորման նոր մեխանիզմների ներդրմանը:
Մեզ համար երկրորդ կարեւորագույն ոլորտը կրթությունն է:

Կրթական բարեփոխումները նույնպես գտնվելու են մեր ուշադրության կենտրոնում: Ընդ որում, ցանկանում եմ տեղյակ պահել, որ 2013 թ.-ին մտադիր ենք անցկացնել դոնորների հավաք: Արդեն իսկ նախապատրաստել ենք մի մեծ ծրագիր, որն իր մեջ ներառում է 31 բարեփոխումներ եւ ենթակառուցվածքների ֆինանսավորում: Աշխատում ենք Եվրամիության, Ռուսաստանի դաշնության մեր գործընկերների հետ, որպեսզի 2013 թ.-ին այդ դոնորների հավաքը դառնա իրականություն: Ցանկանում եմ տեղյակ պահել, որ ակնկալում ենք առնվազն 300 մլն դոլար ստանալ դոնորներից, որը պետք է ուղղվի դպրոցաշինությանը: Այսօր, ցավոք, դեռեւս մեծ է այն դպրոցների քանակը, որոնք կապիտալ վերանորոգման կարիք ունեն. 1400 դպրոցներից առնվազն 300-ն ունի հիմնանորոգման կարիք: Պետական բյուջեով ձեզ կներկայացնենք դպրոցների հստակ ցուցակ, որտեղ հիմնանորոգման աշխատանքներ ենք իրականացնելու, միեւնույն ժամանակ, ֆինանսական միջոցները բավարար չեն, որպեսզի բոլոր դպրոցները, որտեղ վերանորոգման աշխատանքներ ենք սկսել, հասցնենք իրենց ավարտին:
Ցանկանում եմ անդրադառնալ նաեւ պետական բյուջեի ծախսերի տրամաբանությանն ըստ տոկոսների, որպեսզի հասկանալի լինի, թե ինչպես ենք իրականացնում մեր ծախսային քաղաքականությունը: Մասնավորապես, 2013 թ. պետական բյուջեի նախագծով ծախսերի գերակշիռ մասը՝ 84,7 տոկոսը, հետեւյալ հինգ ոլորտներն են ներառում. սոցիալական բնագավառի ծախսեր՝ 41,8 տոկոս, այս բնագավառն իրենում ներառում է կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանվածության ոլորտները: Երկրորդ ուղղությունը պաշտպանությունն է՝ հասարակական կարգի պահպանությունը եւ ազգային անվտանգության ապահովման ոլորտը, որտեղ մեր ծախսերը կազմելու են 21,1 տոկոս, տնտեսության ճյուղերը՝ 14,1, պետական պարտքի սպասարկումը՝ 4,6 տոկոս: Համայնքների բյուջեների ֆինանսավորման համահարթեցման դոտացիաների համար տրամադրելու ենք բյուջեի 3,1 տոկոսը: Ընդ որում, էական ուշադրություն ենք դարձնելու արտաքին պարտքի ցուցանիշին:
Հայաստանը, միջազգային կազմակերպությունների գնահատականներով, 2013 թ. դասվելու է միջին կամ ավելի ցածր ծանրության բեռ ունեցող երկրների շարքին: Թույլ չենք տալու, որպեսզի արտաքին պարտքի կառավարումը համարվի ռիսկային:
Ավարտելով խոսքս, ցանկանում եմ նշել, որ դժվար է գերագնահատել պետական բյուջեի դերը պետության բնականոն զարգացման գործում: Այդ տեսակետից, ԱԺ-ում քննարկումները մեզ համար ունեն էական նշանակություն: Ակնկալում ենք պետական բյուջեի կառուցողական, շահագրգիռ քննարկում: Հավաստիացնում եմ, որ մենք պատրաստ ենք այդ երկխոսությանը: Շնորհակալություն ուշադրության համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ