Երեւանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց Կարմիր Խաչին
Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Գերմանական կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեի հետ հանդիպման ժամանակ:
Ողջունելով հյուրերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության կողմից մայրաքաղաքում իրականացվող բարեգործական ծրագրերի եւ մարդասիրական կարեւոր առաքելության համար. “Շուրջ 20 տարի դուք մարդասիրական գործունեություն եք իրականացնում Հայաստանի՝ այդ թվում Երեւանի տարածքում։ Իմ եւ երեւանցիների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ բարեգործական եւ անձնատուր աշխատանքի համար”,- նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` հյուրերը նշել են, որ քաղաքապետարանի հետ արդյունավետ համագործակցությունը այսուհետ եւս կլինի շարունակական եւ արդեն հոկտեմբերի 31-ին կմեկնարկի Գերմանական կարմիր խաչ կազմակերպության հովանու ներքո գործող “Գթության խոհանոցի” 19-րդ շրջանի հերթական բացումը:
Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու սոցիալական կարեւորագույն նշանակություն ունեցող բարեգործական բոլոր նախաձեռնություններին։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի վարչություն