23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը մեծարեց Սենատի մեծամասնության ղեկավարին` որպես Հայ Դատի մեծ պաշտպան

Հոկտեմբերի 28-ին Արեւմտյան Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Սենատի դեմոկրատ մեծամասնության ղեկավար Հարի Ռիդին մեծարեց կազմակերպության բարձրագույն եւ ամենահեղինակավոր` “Ազատության” մրցանակով:

Ցավոք, սենատոր Ռիդը, երկու օր առաջ տեղի ունեցած ավտովթարի պատճառով, չկարողացավ մասնակցել Հայ Դատի հանձնախմբի տարեկան հանդիսավոր միջոցառմանը: Սենատորի շարասյունը հայտնվել էր վեց ավտոմեքենաների խցանման մեջ Լաս Վեգասի ավտոմայրուղում: Բարեբախտաբար, սենատոր Ռիդը լրջորեն չէր վնասվել` բացի մի քանի կողոսկրերի վնասվածքներից:

Հանդիսության ժամանակ իմ ներածական խոսքում նշեցի, որ Հայ Դատի հանձնախումբը մեծարում է Ամերիկայի ամենաազդեցիկ օրենսդիրներից մեկին` ազգին մատուցած նրա բացառիկ ծառայությունների եւ հայ ժողովրդի ձգտումներին նրա երկարամյա աջակցության համար:

Ես շեշտեցի, թե “մեծամասնության ղեկավարը ջանասիրաբար աշխատել է Միացյալ Նահանգների կառավարության ամենաբարձր օղակներում, հաճախ լուռ ու մունջ` ամերիկահայերի հարցերն ու արժեքները պաշտպանելու համար: Նա հովանավորել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար Սենատի կողմից ներկայացված բոլոր բանաձեւերը”:

Հանդիսությանը սենատոր Ռիդի հարգելի բացակայության պատճառով, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը ընթերցեց սենատորի պատրաստած ելույթը եւ նրա անունից ընդունեց “Ազատության” մրցանակը: Ստորեւ ներկայացնում ենք սենատոր Ռիդի ելույթի կարեւոր հատվածները.

“Ցավում եմ, որ ավտովթարի պատճառով չեմ կարող ձեզ հետ լինել այս երեկո: Ես բարձր եմ գնահատում Հարութ Սասունյանին` լոբբինգի բնագավառում նրա երկարամյա գործունեության համար, եւ ի վերջո, իր բարեկամության համար”:

Անշուշտ, Հայ Դատի հանձնախումբը միշտ էլ առաջատար է եղել Հայաստանին եւ ամերիկահայ համայնքին սատարելու գործում` նրանց համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերում:

Ես վայելել եմ ամերիկահայերի ընկերությունը` սկսած մարաթոն վազքերի իմ մարզընկեր Արթ Դակեսյանից, մինչեւ իմ ընկեր ու նախկին փաստաբանական գրասենյակի հաճախորդ Քըրք Քըրքորյանը:

“Ծնվելով Սըրչլայթ, Նեվադայում` մի տան մեջ, որը զուրկ էր ներքին զուգարանից, տաք ջրից եւ այլ ժամանակակից հարմարություններից, ծանր էի տանում այդ իրավիճակը: Իմ ծնողները ուսում չունեին. հայրս չէր ավարտել ութերորդ դասարանը, իսկ մայրս` միջնակարգ դպրոցը: Պատանեկությանս տարիներին ինձ շրջապատող բաները, մեծ մասամբ, օրինակելի չէին եղել:

Երկար տարիներ անցան, մինչեւ որ ես իսկապես ընդունեցի իմ ով լինելը: Բայց իմ պատանեկությունը` իմ ծննդավայրն ու պայմաններն էին ինձ դարձրել այն, ինչ եմ ես այսօր: Երբ ինքս դա հասկացա, դարձա ավելի լավ մարդ եւ ավելի լավ ամերիկացի:

Ուստի, ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին` ինչ էլ լինեն ձեր կյանքի պայմանները` ընդունեք այն: Քանի որ Ամերիկայում դա կարեւոր չէ, ես վկայում եմ այդ մասին: Կարեւոր չեն ձեր տնտեսական պայմանները, կրոնը, ծնողների կրթությունը կամ ազգային ծագումը: Ամերիկայում բոլորս էլ կարող ենք հաջողության հասնել: Կարճ ասած, հպարտ եղեք նրանով, թե ով եք դուք:

Ես ուրախ եմ, որ ընդունում եմ այս մրցանակը եւ վերահաստատում եմ իմ աջակցությունն ամերիկահայ համայնքին:

Կրկնում եմ` Հայ Դատի հանձնախումբը միշտ էլ առաջատար է եղել Հայաստանին եւ ամերիկահայ համայնքին սատարելու գործում` նրանց  համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերում: Դուք հաջողության եք հասել Հայոց ցեղասպանության իսկական պատմությունը պետության ղեկավարների ուշադրությանն արժանացնելու գործում:

Որպես մեծամասնության ղեկավար, ես հազվադեպ եմ օրենսդրական ակտերի համահովանավոր եղել: Սակայն ես եղել եմ Հայաստանում, գիտեմ Ցեղասպանության պատմությունը, այդ իսկ պատճառով Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւերի երկարամյա համահովանավոր եմ եղել:

Որպեսզի առաջ գնանք, կարծում եմ` պետք է ընդունենք անցյալը, որքան էլ այն դժվար եւ ցավալի լինի: Պետք է հարգենք զոհերի հիշատակը եւ հարգանքի տուրք մատուցենք վերապրողներին: Ինձ բախտ է վիճակվել ներկայացնել Նեվադայի բարգավաճ եւ կենսունակ հայկական համայնքը, որը շուտով կավարտի նոր եկեղեցու շինարարությունը Լաս Վեգասում: Հայաստանում գտնվելու ընթացքում ես այցելեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպեցի Կաթողիկոսի հետ:

Հայկական համայնքի տոկունությունը եւ ուժը Նեվադայում, ինչպես նաեւ ամբողջ Միացյալ Նահանգներում, վկայություն է եւ պատիվ նրանց համար, ում կորցրել եք Ցեղասպանության ժամանակ: Մենք պետք է միշտ աչալուրջ լինենք Հայոց ցեղասպանության նման դաժանությունների հանդեպ, որպեսզի դրանք երբեք տեղի չունենան աշխարհի որեւէ անկյունում:

Սենատոր Ռիդը կոչ արեց բոլորին «հարգել եւ հիշել այդքան բազմաթիվ զոհերի կորուստը` շուրջ 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ընթացքում”:

Սենատի մեծամասնության ղեկավարը նաեւ իր գոհունակությունը հայտնեց, որ “Օբամայի վարչակազմը եւ Կոնգրեսի մի շարք անդամներ խստորեն դատապարտեցին Ադրբեջանի կողմից ադրբեջանցի զինվորական սպային ներում շնորհելը: Սպան ազատ էր արձակվել, չնայած որ դատապարտվել էր հայ զինվորական լեյտենանտին քնած ժամանակ գազանաբար կացնահարելու համար: Նրանք երկուսն էլ մասնակցում էին Հունգարիայում կայացած ՆԱՏՕ-ի դասընթացներին, որտեղ էլ տեղի էր ունեցել սպանությունը”:

Սենատոր Ռիդն իր խոսքն ավարտեց կոչ անելով ամերիկահայությանը «շատ հպարտ լինել նրանով, որտեղից, որ դուք եկել եք եւ ձեր հայկական ժառանգությամբ”:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը Սենատոր Ռիդի հետ միասին մեծարեց նաեւ գործարար Վարանդ Մելքոնյանին, պատվելի Հովսեփ Մաթոսյանին, դոկտ. Ռուբինա Փիրումյանին եւ գրող Քրիս Բոյաջյանին:

 

Հարութ Սասունյան`

“Կալիֆորնիա Կուրիեր” թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ