Ինչո՞ւ է Ռոմնիի ընտրվելը վտանգավոր Հայաստանի համար
‘Ես ձայնս կտայի Օբամային, և ամերիկահայերին էլ կոչ եմ անում, որ ընտրեն Օբամային’,-Henaran.am-ի հետ զրույցում, խոսելով նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների մասին, ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը: Վերջինս հավանություն է տալիս ԱՄՆ ներկայիս նախագահ Բարակ Օբամային, քանի որ Ցեղասպանության ճանաչման գործում ամենաշատ քայլն արել է հենց նա: ‘Բոլորը խոստանում են, որ կճանաչեն Ցեղասպանությունը, սակայն ոչ ոք էլ դա չի անում, ամենաշատ քայլն արել է Օբաման, բայց նույնիսկ նա չի ճանաչելու, քանի դեռ Թուրքիան դեր ունի Առաջավոր Ասիայում, Մերձավոր Արևելքում և դաշնակից է ԱՄՆ-ին’,-բացատրեց քաղաքագետը:
Եթե ԱՄՆ նախագահ դառնա Պիտ Ռոմնին, ապա նա ևս չի ճանաչի և նույնիսկ այդ հարցում նահանջ կլինի դեպի հետ:
Մելիք-Շահնազարյանը ամերիկահայեին խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա ևս: ‘Ով է Ռոմնին: Նա տարածված աղանդավոր շարժման ղեկավարներից մեկն է, մորմոնների, ինքը այդ շարժումը ղեկավարող ընտանիքի անդամն է’,-նշեց նա: Վերջինս վստահ է, որ Ռոմնիի ընտրվելու դեպքում մեզ համար դժվար կլինի դռները փակել Հայաստանի համար նոր, երկիրը քանդող երևույթի` մորմոնների դեմ, որ արդեն կան Հայաստանում և քանդում են մեր երկիրը: ‘ Դա վտանգավոր երևույթ է, այդ շարժումը կհզորանա միանգամից նաև ՌԴ-ում, Հունաստանում, Սերբիայում’,-հավատացրեց քաղաքագետը: Իսկ ամերիկահայ համայնքը ոչ Օբամայի, ոչ էլ Ռոմնիի ընտրվելու դեպքում առաձնապես չի շահի, չի էլ տուժի:
‘Հայ համայնքի համար որևէ էական ազդեցություն չի լինելու’,-եզրափակեց Լևոն Մելիք-Շահնազարյանը: