23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կարող է ես 20 դոլարանոց կոստյումով գնամ, բայց ելույթս շատ տարբերվի ադրբեջանցի պատգամավորի ելույթից. Էդմոն Մարուքյան

Այսօր խորհրդարանում ԱԺ-ի` պետբյուջեից եկող տարվա հատկացումների քննարկման ժամանակ ԱԺ պատգամավորներ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դժգոհեցին ֆինանսների սղությունից:

ԲՀԿ-ական պատգամավորն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ասաց, որ պատգամավորի ցածր աշխատավարձի պատճառով պատգամավորը զրկված է որակյալ բաճկոն գնելու հնարավորությունից եւ ադրբեջանական պատվիրակության առջեւ հանդիպումների ժամանակ ամաչում է, իսկ Էդմոն Մարուքյանը  ներկայացուցչական ծախսերի համար պատգամավորին հատկացվող 15 հազար դրամն անբավարար համարեց ու հիշելով երկրի նախագահի ուղերձը` կաբինետներում չնստել եւ հանդիպել ժողովրդի հետ, նշեց, որ այդ միջոցներով  մարզից ընտրված պատգամավորի համար իր ընտրողների հետ հանդիպումների մեկնելը գործնականում անհնարին է դառնում:

Էդմոն Մարուքյանը նաեւ մարզերից ընտրված պատգամավորներին հատկացվող բնակարանի վարձակալության 45 հազար դրամից դժգոհեց, որի հետ կապված համապատասխան դիմում է հղել ԱԺ նախագահին: Տվյալ հարցը կառավարության հետ քննարկվել է եւ, ինչպես ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց,  որոշում է կայացվել այդ նպատակով տրվող գումարը հասցնել 100 հազար դրամի: Ինչ վերաբերվում է 15 հազարին, այն կմնա անփոփոխ:

Henaran.am-ը բյուջեի քննարկումից հետո Մարուքյանից փորձեց պարզել, գուցե նա եւս կոստյումի  հետ կապված անհարմար իրավիճակում է հայտնվել:

“Մինչեւ պատգամավոր ընտրվելը, եղել եմ բարձր վարձատրվող փաստաբան, եւ կոստյումներ ունեմ, բայց ինձ համար դա չէ, կարեւոր, կարեւորն ինձ համար այն է, որ պատգամավորի գործառույթները լիարժեք կատարեմ”,-նկատեց պատգամավորը եւ հավելեց.” Որպես անկախ պատգամավոր ես պատվիրակությունների կազմում ընդգրկված չեմ, հետեւաբար չեմ տեսել ադրբեջանցի պատգամավորների կոստյումները, չեմ բախվել այդ խնդրին, բայց չեմ էլ կարծում, որ տեսնելու դեպքում էլ ինձ մոտ նման հարց կառաջանար, որովհետեւ խնդիրը դրա մեջ չէ, խնդիրը կատարված աշխատանքի մեջ է: Կարող է, ես 20 դոլարանոց կոստյումով գնամ, բայց  այնպիսի ելույթ ունենամ, որ շատ տարբերվի ադրբեջանի պատգամավորի ելույթից: Ինչ-որ մի տեղ կարող եմ հասկանալ` պատգամավորը պաշոտանատար անձ է եւ անընդհատ կոստյում է կրում: Պատգամավորի ստացած աշխատավարձով հնարավոր չէ  մի քանի կոստյում գնել”:

Էդմոն Մարուքյանը ընդգծեց, որ իր հարցադրման մեջ մտահոգություն կար այն մասին, որ այսօր չի խրախուսվում այն մարդկանց մուտքը խորհրդարան, որոնք այլ եկամուտ եւ բիզնես չունեն:

Մարուքյանի խոսքով, խորհրդարանում տարիներ շարունակ ոչ պոպուլյար է եղել այն, որ պատգամավորն իր  աշխատավարձի մասին հարց բարձրացնի, ինչը բերել է նրան որ  այսօր ունենք այն, ինչ ունենք: “Եթե պետությունը ուզում է ունենալ պրոֆեսիոնալ Ազգային Ժողով, պետք է նաեւ համապատասխան աշխատավարձ տա, որ այդ մարդն ուրիշ ոչնչով չզբաղվի, չէ՞ որ մենք օրենքով այլ գործունեությամբ զբաղվելու իրավունք չունենք”:

Պատգամավորը նշեց նաեւ, որ եթե ինքն այսօր փաստաբանական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունենար, ապա չէր հնչեցնի այն հարցերը, որոնք այսօր բարձրաձայնեց: Բերելով գերմանական օրինակը, Էդմոն մարուքյանն ասաց, որ այս հարցը ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ քննարկել են եւ կարծում են, որ ներկայացուցչական ծախսերն, օրինակ կարելի է տասն անգամ ավելացնել` միեւնույն ժամանակ դրա նպատակայիին օգտագործման հաշվետվություն ներկայացնել խորհրդարանին, թեեւ դատելով պատգամավորների մեծամասնության հայտարարագրերից,  չեն կարծում, որ  150 դրամի համար ՀՀ ԱԺ պատգամավորները պատրաստ ցանկություն կունենան հաշվետվություն ներկայացնել:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ