22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Ժողովուրդը” սիրում է բոլորին` սկսած Սասուն Միքայելյանից մինչեւ …

Ուղիղ մեկ տարի առաջ` 2011թ. փետրվարի 1-ին լույս տեսավ “Ժողովրդի” առաջին համարը: “Ժողովուրդը”  կարողացավ ունենալ իր ընթերցողը կարճ ժամանակահատվածում: Henaran.am-ը շնորհավորում է իր գործընկերներին` մաղթում բարի լուրեր, անկախ ու ազատ սկզբունքներ, ֆինանսական կայունություն  եւ իհարկե, երկարակեցություն: Տարեդարձի առիթով զրուցեցինք “Ժողովուրդ” օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի հետ:

 -Թագուհի, դու սկսել ես լրագրողի աշխատանքից: Ո՞րն է հեշտ խմբագիր, թե՞ լրագրող աշխատելը: 

-Բնականաբար, լրագրողի աշխատանքը շատ հեշտ էր: Ինձ համար դյուրին է` օրը 5-6 նյութ գրելը, քան խմբագրելը: Որպես խմբագիր, զլանում եմ նույնիսկ  2 նյութ խմբագրել: Գիտես, դժվար է ուրիշի մտքերը կարդալը, ուրիշի խոսքը հասկանալը, կրճատելը…

-Երեւի դու էլ գիտես, որ տարբեր անուններ են շրջանառվում թերթի սեփականատիրոջ հետ կապված` սկսած Սասուն Միքայելյանից մինչեւ հանրապետության նախագահի փեսա …

-Նմանատիպ խոսակցությունները մեկ տարի է, ինչ ուղեկցում են “Ժողովրդ”-ին: Պիտի ասեմ, որ ես եմ օրաթերթի միակ սեփականատերն ու հիմնադիրը: Թերթի քաղաքականությունը ես եմ մշակում եւ որեւէ մեկի հետ ճշտումներ չեմ անում: Ես պարտականություն չունեմ որեւէ մեկի հանդեպ: Ես ազատ մարդ եմ եւ մեր թերթի ընթերցողները հանգիստ կարող են դա հասկանալ` որոշակի ժամանակահատված օբյեկտիվ մոնիտորինգ անելով:

Ես չեմ հրաժարվում, տարբեր առիթներով ասել եմ, որ “Ժողովրդի” ծննդին օգնել է Սասուն Միքայելյանը` իր ունեցած կապերով: Բայց ես նրա նկատմամբ էլ որեւէ պարտականություն չունեմ,  քանի որ նա իմ ընկերն է: Իսկ ընկերները միմյանց պետք է օգնեն` չպարտադրված:

Ինչ վերաբերում է “փեսաների վարկածին”, ապա ասեմ, որ դա ֆանտաստիկայի ժանրից է, եւ ես դա բազմիցս հերքել եմ:

Թագուհի Թովմասյան

Թագուհի Թովմասյան

՞նչ ես կարծում, մեկ տարվա մեջ հաջողվեց տեղ գրավել մամուլի ընտանիքում: “Ժողովրդին” ընդունեցի ՞ն:

-Թող ինքնագովազդ չհնչի, բայց կարծում եմ, որ կարողացանք մեր տեղը զբաղեցնել մամուլի ընտանիքում: Ես սա չեմ ասում տարբեր կողմերից ստացած հաճոյախոսությունները լսելով: Պարզապես արձանագրում եմ իրողություն. մեկ տարվա ընթացքում թերթի տպաքանակը 3 անգամ շեշտակի ավելացել է: Սա նշանակում է, որ “Ժողովրդ”-ին սպասում են:

-Կարելի է նաեւ հաջողություն համարել  այն, որ թերթը հայտնվել է դատարաններում:

-Դրանից չենք էլ նեղվել: Դատի տալն էլ գովազդ է`գումարը կհավաքենք, կվճարենք դիցուք  2մլն դրամ, բայց կարձանագրենք, որ 10 մլն դրամի “Ժողովրդին” գովազդեցին: Այսինքն` դատական նիստերը կօգտագործենք մեր PR-ի համար: Իսկ եթե Հայաստանում լիներ անկախ դատական համակարգ, ապա  “Ժողովրդ”-ի դեմ ներկայացված դատական հայցերը պարզապես վարույթ չէին ընդունվի, քանի որ “Ժողովուրդ”-ը նյութերը հրապարակում է բազմակարծություն ապահովելով միայն:

Եւ մինչեւ նյութը կամ լուրը բոլոր կողմերի հետ չի ճշտվում, չենք հրապարակում: Նույնիսկ նրանք ովքեր “զրպարտվել են”, նույն հոդվածի մեջ արտահայտել են իրենց կարծիքը` խնդրի առնչությամբ եւ տարակուսելի է, որ հետո էլ` վազել են դատարան: Այնպես որ, մենք դատարանից վախենալու բան չունենք:

-“Ժողովուրդը” քո երազանքների մարմնացո՞ւմն է:

-Գիտես, իմ երազած ու պատկերացրածը օրաթերթը չէ դեռ, որովհետեւ լրատվական դաշտում պրոֆեսիոնալների կարիք կա: Աշխատում ենք մարդկային փոքր ռեսուրսներով` անելով հնարավորը` լավ արդյունքի հասնելու համար: Բայց զարմանում եմ, որ երիտասարդ լրագրողները կրթություն են ստանում, սակայն չեն ուզում իրենց մասնագիտությամբ աշխատել: Ես ինքս էլ երիտասարդ եմ, բայց իմ սերունդը մի փոքր այլ կերպ է պատկերացնում լրագրությունը: Իսկ այսօր գիտեն թե լրագրող լինելը “քոփի-փեստ” անելն է կամ հեռախոսով զրուցել, գրելը…Չգիտեմ, մեր դաշտը կադրերի պակաս ունի:

-Ասում են, առաջիկա շաբաթ օրը ճոխ նշելու ես “Ժողովրդի” ծնունդը եւ հրավիրել ես կառավարության բոլոր անդամներին: Սա զարմանք է առաջացրել, թե ո՞նց կարող է ընդդիմադիր լրատվամիջոցը իշխանության ներկայացուցիչներին հրավիրի:

-Չեմ ընդունում ընդդիմադիր թերթ, ընդդիմադիր լրագրող ասվածը: “Ժողովուրդը” անկախ, ազատ թերթ է եւ ընդդիմադիր է բոլորին` բոլոր վատ երեւույթներին ու անձանց` անկախ նրանից, թե որ դաշտում են նրանք: Այո’,  հրավիրել ենք կառավարության անդամների (ոչ բոլորին), մի շարք պատգամավորների, Հայ ազգային կոնգրեսի, “Դաշնակցության”, “Ժառանգության” ներկայացուցիչների, անկախ քաղաքական, ընդդիամադիր գործիչների, լրատվամիջոցների, փաստաբանների:

Մի խոսքով, բոլոր նրանց, ովքեր կան հասարակական-քաղաքական դաշտում: Ասեմ, որ բոլոր այն գործիչներն ու չինովնիկները, ովքեր արագ արձագանքել են եւ մեր կողմից բարձրացված հարցերը չեն անտեսել, շնորհագրեր ենք տալու: Եթե սա է ճոխությունը, ապա հստակեցնեմ, որ մրցանակներ չենք տալու:

Իսկ ճոխությունները լինում են ասենք “Օջախում”` մի քանի հարյուր հրավիրյալների առկայությամբ: “Ժողովուրդ”-ն իր տարեդարձը նշելու է “Անի” հյուրանոցում` բարեկամների, համակիրների, ընկերների, ինչու չէ նաեւ չկամների հետ … Մենք բոլորին էլ սիրում ենք:

Զրուցեց Արմեն Դավթյանը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ