Սկսել են խոսե՞լ Մարգարի դեմ /վիդեո/
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանի եւ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում են պետությանը խոշոր չափերի վնաս հասցնելու մեջ, մասնավորապես, ըստ մեղադրանքի, յուրացրել են մեծ քանակությամբ բենզին:
Նախ դատավոր Մխիթար Պապոյանը հրապարակեց նախկինում հարցաքննված վկա Եղիշե Ենգիբարյանի դիմումը, ըստ որի` նա խնդրում էր հիմք ընդունել նախաքննչական մարմնում արված ցուցմունքները: Վկան պատճառաբանում է, որ դատարանում ինքը խառնված է եղել:
Հիշեցնենք, որ Եղիշե Ենգիբարյանն անցած դտական նիստում հայտարարել էր, որ ինքը իր գումարտակին հասանելիք վառելիքը ստացել է եւ բողոքներ չեն եղել: Նույնիսկ նա նյարդայնանալով դատախազի հարցերից` ասել էր. “Ուզում եք հրամանատարիս դեմ խոսեմ:
Օհանյանի փաստաբան Մնացական Վասակյանը միջնորդեց որ վկան նորից կանչվի հարցաքննության եւ պարզաբանի, թե ինչու էր կաշկանդված: Միջնորդությանը առարկեց մեղադրող Հարություն Հարությունյանը: Սակայն Մարգար Օհանյանը եւս դեմ էր եւ փաստաբանը հանեց միջնորդությունը:
2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանն ասաց, որ իր գումարտակին ամսական հասնում էր 33 հազար լիտր բենզին, սակայն ստացել է 27 հազար, իսկ որոշ ամիսների էլ մոտ 23 հազար լիտր բենզին:
Վկան` անձամբ այդ մասին տեղյակ է պահել ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանին: Վերջինս ասել է, որ տեղյակ է, բայց պատճառը չի ասել, թե ինչու են պակաս տալիս: Մարգար Օհանյանը հարցերի միջոցով փորձել է պարզել, թե ինչու ոստիկանության աշխատողը հիմք ընդունել բանավոր խոսակցությունը եւ օրենքով սահմանված կարգով չի դիմել համապատասխան ատյաններին:
“Ես մտածել եմ, որ պակաս է տրվում, քանի որ դա օգտագործվում է այլ ստորաբաժանումների համար ուժեղացված ծառայություն իրականացնելու նպատակով”,-ասաց վկա Արսեն Արշակյանը:
Վկաներից երկուսը չեն կարող ներկայանալ դատարան, քանի որ մեկը հիվանդ է, իսկ մյուսը Ռուսաստանում է, ուստի դատարանը որոշեց ըստ գործող կարգի հրապարակել նրանց նախնական ցուցմունքները:
Ներկայումս ՌԴ-ում գտնվող Արմեն Կարապետյանը իր նախնական առաջին ցուցմունքում նշել է, որ բենզինը պակաս է ստացել, բայց Ստեփան Կարախանյանից չի փորձել ճշտել, թե ինչու է պակաս ստանում, քանի որ Կարախանյանը իր անմիջական պետն է եղել եւ չի ցանկացել խառնվել նրա “ապօրինի” գործողություններին:
Միաժամանակ, ըստ վկայի, ինքը բարձրաստիճան ղեկավարությանը տեղյակ չի պահել, որ պակաս են ստացել: Լրացուցիչ բացատրությունում Արմեն Կարապետյանը ավելացրել է, որ զորակոչային օրերին 700 լիտր ավել է ստացել:
Երկրորդ անգամ հարցաքննության ժամանակ նրան հարցվել է, որ Ստեփան Կարախանյանը նշել է, որ անհրաժեշտ վառելիքը տրվել է, սակայն Արմեն Կարապետյանը էլի պնդել է, որ պակաս է ստացել: Մյուս վկան` Մերուժան Կարապետյանը նույնպես նշել է, որ Կարախանյանից պակաս բենզին է ստացել: Հետաքրքիր է, որ պակաս ստացված վառելիքը չի խաթարել որեւէ գումարտակի աշխատանքը:
Գործով անցնող 20 վկայից չի հարցաքննվել միայն մեկը: Պետական մեղադրող Հարություն Հարությունյանը միջնորդեց, եթե նա հավուր պատշաճի ծանուցված է եւ դատարան չի ներկայանում, ապա սահմանված կարգով բերման ենթարկեն:
Դատավոր Մխիթար Պապոյանը հետաձգեց դատաքննությունը մինչեւ փետրվարի 7-ը:
http://youtu.be/tsl5-Yya-rI