ԲՀԿ-ն գործող նախագահի հետ է. Հրապարակ
Նախօրեին “կանյաչնիում” տեղի ունեցած ԲՀԿ հավաքից առաջ ՀՀԿ-ականները պնդում էին, որ արտերկրից վերադարձած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ վերջնական համաձայնությունը կայացել է. ԲՀԿ-ն կսատարի “գործող նախագահին”։
Հայտարարությունը կլինի մինչեւ նոյեմբերի վերջ. “Օրը դեռ որոշված չէ, մինչեւ վերջ ասածն էլ խիստ հարաբերական է՝ այն կարող է լինել նոյեմբերի հինգին, տասին, քսանին՝ կերեւա. պորտֆելների եւ սահմանադրական հանրաքվեի մասին այս պահին վաղ է բարձրաձայնելը”։ ԲՀԿ նիստը, որը տեւել էր մի քանի ժամ, եւ որի մասին ԲՀԿ-ն քար լռություն է պահպանում, պարզվում է՝ իրականում ամենեւին էլ ինտրիգ չի պարունակել։
Չնայած որոշ լրատվամիջոցների լուրերին, թե նիստում խոսվել է քաղաքական լուրջ սեգմենտների, կոշտ պայքարի, ընդդիմության միավորման մասին։ “Սուտ է,– տեղեկացրեց ԲՀԿ մեր աղբյուրը,– լուրերը չեն համապատասխանում իրականությանը”։
Համենայնդեպս, նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելու եւ կամ Սերժ Սարգսյանին սատարելու մասով խոսակցություն, որպես այդպիսին, նիստում չի ընթացել։ Գագիկ Ծառուկյանն իր “ծերակույտին” ընդամենը հարկ է համարել տեղեկացնել, որ քաղաքական քննարկումներ իսկապես կան, այդ թվում եւ Սերժ Սարգսյանի հետ։
Ուրիշ ոչինչ։ Այնուհանդերձ, ներկաների տպավորությամբ՝ Սերժ Սարգսյանի սատարման եւ սեփական թեկնածուով հանդես գալու հարաբերակցությունը 60-40 է՝ հօգուտ սատարման։ Խորհրդակցության առյուծի բաժինն առնչվել է ընթացիկ, կազմակերպչական հարցերին, եւ “կոշտը”, ըստ մեր աղբյուրների, վերաբերել է նրան, որ Ծառուկյանը դժգոհություն է հայտնել պառլամենտում գործող ԲՀԿ երեսունյոթ հոգանոց ֆրակցիայից, որի ընդամենը յոթ հոգին են ակտիվ աշխատում, իրենց “ճղում”, մնացածները չգիտես ինչով են զբաղված։