Վարչապետը Արմավիրի ղեկավարությանը հանրապետականացրեց
Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի մշակույթի կենտրոնում քիչ առաջ մեկնարկեց հանրապետական կուսակցության տեղական ակտիվի, տեղի մտավորականության եւ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը:
Պատվիրակության կազմում են սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարներ Տիգրան Դավթյանը եւ Վաչե Գաբրիելյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Մինչ 2008-2011 թթ. ընթացքում կառավարության իրականացրած աշխատանքներն ու առաջիկա անելիքները ներկայացնելը, վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀԿ անդամատոմսեր հանձնեց ՀՀԿ-ի շարքերը համալրած 6 քաղաքացիների, որոնց թվում են Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը, Արմավիրի բժշկական կենտրոնի ղեկավար Սարգիս Խառատյանը, Բաբմակաշատ համայնքի ղեկավար Արբակ Եղիազարյանը եւ երեք ուսանողներ:
Եվս 500 արմավիրցիներ կուսակցական տոմսեր կստանան ՀՀԿ Արմավիրի տարածքային կառույցից: “Միանալով մեզ եւ ամրացնելով ՀՀԿ-ն, մենք ի վիճակի ենք լինելու միասին հաղթահարել բոլոր խնդիրները”,-նշեց Տիգրան Սարգսյանը:
Ինչպես փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը Արմավիրի մարզից, վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց կառավարության իրականացրած քայլերը:
Այս պահին հավաքվածները իրենց հուզող հարցերը ներկայացնում են վարչապետին` միջահամայնքային ճանապարհների նորոգման խնդիրներից սկսած մինչեւ գյուղական համայնքներում մշակութային կյանքը ակտիվացնել եւ այլն: