Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Բաշկիրիայի ԱԺ նախագահի տեղակալին
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 22-ին ընդունեց Բաշկիրիայի ԱԺ նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովին եւ “Հայ-ռուսական համագործակցություն” ՀԿ նախագահ Յուրի Նավոյանին:
Տեղեկացնենք, որ Բաշկիրիայի ԱԺ փոխնախագահը Հայաստան է ժամանել ‘Հայ-ռուսական համագործակցություն” կազմակերպության հրավերով՝ մասնակցելու իր՝ ‘Հայաստան. հազարամյակների ուղի’ գրքի առաջին հատորի շնորհանդեսին: Այդ գիրքը հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերի հայոց պատմության չափածո շարադրանք է՝ հիմնված հայոց պատմիչների աշխատությունների վրա: Առաջին հատորի իրադարձությունները սկսվում են հայոց պատմության վաղնջական ժամանակներից եւ հասնում մինչեւ հայոց գրերի գյուտը: Ներկայումս ընթացքի մեջ են երկրորդ եւ երրորդ հատորների տպագրման աշխատանքները:
Էդուարդ Շարմազանովը, ողջունելով հյուրին, բարձր գնահատեց նրա հետաքրքրությունն ու կատարած աշխատանքը հայոց պատմության ու քաղաքակրթության ուսումնասիրության գործում, “Հայաստան. հազարամյակների ուղի” գիրքը, որը, նրա համոզմամբ, մեծ լիցք կհաղորդի Հայաստանի ու Բաշկիրիայի մշակութային հարաբերությունների զարգացմանն ու առավել արդյունավետ կդարձնի հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցությունը:
Բաշկիրիայի ԱԺ նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ դժվար է ասել, թե իր վերաբերմունքն ու հիացմունքը հայ ժողովրդի, նրա պատմական անցյալի ու ներկայի, նրա մշակույթի հանդեպ երբվանից է ձեւավորվել, միայն մի համոզմունք ունի. հայ ժողովուրդը մեծ ներդրում ունի ոչ միայն համաշխարհային մշակույթի, այլեւ ընդհանրապես մարդկության պատմության ձեւավորման գործում. ավելին՝ այդ պատմությունը համամարդկային պատմության ամենակարեւոր օղակներից է:
“Հայ-ռուսական համագործակցություն” ՀԿ նախագահ Յուրի Նավոյանը տեղեկացրեց, որ Ռաֆայիլ Զինուրովը ոչ միայն հայ ժողովրդի պատմության ու նրա մշակույթի մեծ գիտակ է, այլ նաեւ հայ ժողովրդի մեծ բարեկամը, ով ակտիվ մասնակցություն է ունենում Ռուսաստանի հայկական համայնքի բոլոր կարեւոր միջոցառումներին ու իր նպաստը բերում հայ, ռուս եւ բաշկիր ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Նրա գնահատմամբ՝ Ռաֆայիլ Զինուրովի գիրքը եւ դրա արձագանքը Հայաստանի եւ Բաշկիրիայի միջեւ համագործակցության զարգացման խթան է դարձել: Ներկայում էլ ընթացքի մեջ են Բաշկիրիայի նախագահի՝ Հայաստան այցելության նախապատրաստական աշխատանքները:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցությանը, երկու խորհրդարանների կառուցվածքին ու գործունեությանը, ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ Հայաստանը եղել եւ մնում է խաղաղ բանակցությունների ճանապարհով ԼՂՀ հիմնախնդրի լուծման կողմնակիցը, այնինչ ադրբեջանական իշխանությունները չեն դադարում ռազմատենչ ու ֆաշիստական հայտարարություններ անել՝ խեղաթյուրելով փաստերն ու ոտնահարելով միջազգային չափանիշները: Մասնավորապես նա անդրադարձավ Twitter սոցիալական ցանցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հակահայկական քարոզչությանը, որտեղ վերջինս Հայաստանն անվանում է ‘դրսից գործող գաղութ’ եւ Ադրբեջանի թիվ մեկ թշնամին համարում հայկական լոբբին:
Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ալիեւին անվանեց բռնապետական պետության բռնապետ առաջնորդ՝ նկատելով, որ իր ցինիկ հայտարարություններով Ալիեւը հաստատում է, որ այսօր էլ դեռ մնացել են ֆաշիզմի կողմնակիցներ:
Բաշկիրիայի ԱԺ նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովը կարեւորեց խաղաղ բանակցությունների ճանապարհով ԼՂ հիմնախնդրի լուծման հայկական մոտեցումը եւ հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը կսատարի այդ դիրքորոշմանը: