“Արծիվներն” ու նախկին նախագահները պետք է սոլիդ լինեն. Առավոտ

“Առավոտ” օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր խմբագրականում կարծիք է հայտնել, որ “Հայոց արծիվներ”-ի նախագահ Խաչիկ Ասրյանը պետք է արտահայտություններում զգույշ լինի:
“Եթե հայոց գլխավոր արծիվ Խաչիկ Ասրյանի եւ նրա համակիրների համար գլխավոր առաջնահերթությունն իսկապես պետությունն է, ինչպես որ նրանք հայտարարում են, ապա “արծիվները” պետք է ընտրեն այն արտահայտությունները, որոնք իրենց հրապարակային ելույթներում կիրառում են ներկա եւ նախկին նախագահների նկատմամբ: Որովհետեւ պետություն սիրող մարդը պետք է հասկանա, որ դրա առաջին դեմքը, ինչպիսին էլ նա լինի, իրեն վերապահված ժամանակահատվածում խորհրդանշում է այդ պետությունը:
Բնականաբար, այդ ղեկավարների գործունեությունը մեզ կարող է եւ դուր չգալ, եւ մենք իրավունք ունենք, դրա մասին բարձրաձայնելու, բայց դա պետք է անել առանց չափի զգացողությունը կորցնելու”,-գրում է “Առավոտը”:
“Սոլիդ չեմ համարում, երբ նախկին նախագահներն առանց հարգանքի են խոսում միմյանց մասին կամ հանձնարարում են հնչած որակումներին նույն ոճով պատասխան տալ իրենց կողմնակիցներին կամ էլ, ասենք, գրասենյակների ղեկավարներին”,- խմբագրականում տեսակետ է հայտնում Արամ Աբրահամյանը: