Պահպանակները, հոմոսեքսուալիզմն ու հայկական մենթալիտետի նրբությունները
2007թ-ից Հայաստանի դպրոցներում դասավանդվում է ‘’Առողջ ապրելակերպ’’ կոչվող առարկան, որն իր մեջ ներառում է նաեւ սեռական կրթություն:
Լրագրողների հետ հանդիպմանը ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանն ասաց, որ բժիշկներն ունեն ասելիք կրթության ոլորտում, սակայն սեռական կրթության ոլորտում դեռ անելիքներ կան` կապված մասնագետի եւ առարկայի դասավանդման ճիշտ մեթոդների հետ:
Անահիտ Մուրադյանը նշեց, որ առարկայի դասավանդման ձեւաչափը տարբերվում է ավանդական դասարանային ձեւաչափից, եւ իր մեջ ներառում է զրույց, քննարկում, բանավեճ:
‘’Առարկայի կարեւոր խնդիրը ոչ թե նոր գիտելիքներ տալն է, այլ դեռահասի ունեցած ինֆորմացիան համակարգելն ու կառավարելը: Սեռական դաստիարակություն իրականացնելիս չի կարելի երբեւէ դեռահասին ասել ‘’չի կարելի’’:
Պետք է ասել` դա քո ընտրությունն է, եւ որ կոնկրետ քայլերը ինչ հետեւանքների կարող են հանգեցնել’’,- ասաց Անահիտ Մուրադյանը` հավելելով, որ դասավանդողների բոլոր ջանքերն ուղղված են հնարավորինս հետաձգել դեռահասի կողմից առաջին սեռական հարաբերության ցանկությունը:
Մաշկաբան Կարեն Վարդանյանի կարծիքով` Արեւմուտքից նեմուծված ծրագրերն ու ակցիաները հաճախ հարամարեցված չեն լինում մեր ազգային արժեքներին, հաճախ էլ իրենց մեջ գաղտնի պրոպագանդա ունեն: Որպես օրինակ, մաշկաբանը նշեց Սիրահարների այգում անչափահասների ներկայությամբ պահպանակներ բաժանելու ակցիան:
‘’Արդեն իսկ պահպանակները հետաքրքրություն են առաջացնում դեռահասների մոտ, ինչն էլ նրանց դրդում է փորձել սեռական հարաբերության մեջ մտնել: Պահպանակը պետք է բաժանել սեռապես ակտիվ մարդկանց, բայց ոչ անչափահասներին’’,- համոզված է Կարեն Վարդանյանը` կարեւորելով ծնողների ու մասնագետների ազդեցությամբ` հնարավորինս հետաձգել սեռական առաջին փորձը:
Երբեմն դասագրքում մատուցվող նյութը հենց վերնագրից սկսած ամեն ինչ նույնացնում են սեքսի հետ: Մաշկաբանի համոզմամբ` նախ պետք է կրթվեն ծնողները, դասավանդող մասնագետները:
Հոգեբան Սամվել Խուդոյանի համոզմամբ, սեռական կյանք սկսելուց առաջ երիտասարդը պետք է հասունանա ինչպես ֆիզիոլոգիապես, այնպես էլ հոգեբանորեն, եւ սոցիալապես:
‘’Սեռային դաստիարակությունը պետք է իրականացվի վաղ տարիքից` նպատակ ունենալով նպաստել ծնելիությանը, եւ կանխարգելել հոմոսեքսուալիզմը: Դպրոցներում եւ բուհերում կրկին կարեւորվում է սեռային դաստիարակությունը` նպատակ ունենալով նախապատրաստել պատանիներին ընտանեկան հարաբերություններին, կամ ձեւավորել սեռական հարաբերությունների ճիշտ էթիկա’’,- ասաց հոգեբանը:
Նա սեռային դաստիարակությունը դիտարկում է որպես ահռելի մի շղթա, որն ունի ազգային անվտանգության խնդիր: Բոլոր փորձագետները կարեւորեցին մասնագետների հետ սեռական խնդիրների մասին բարձրաձայնելը, քննարկելը: