Ինչո՞վ կարող է հանրապետության նախագահը ուրախացնել տիկնոջը
Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածը լավագույնն է հայ կանանց համար, քանի որ այդ շրջանում տղամարդիկ ավելի ուշադիր են դառնում, առավել հաճախ ժպտում եւ սիրալիրություններ շռայլում կանանց: Անկախ դիրքից եւ ճանաչված լինելու աստիճանից` տոնին անհամբերությամբ են սպասում բոլոր կանայք: Իսկ ինչպիսի՞ զգացողություններ է տոնը առաջացնում ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի մոտ: Այս եւ հայ կանանց վերաբերող մի շարք այլ հարցերի շուրջ “Արմենպրես”-ը զրուցել է Ռիտա Սարգսյանի հետ:
-Տիկի’ն Սարգսյան, ինչպե՞ս կբնութագրեք հայ կնոջը: Ո՞ր գծերն եք Դուք ամենից շատգնահատում նրա մեջ:
-Անհիշելի ժամանակներից հայ կինն, անշուշտ, եղել է ընտանեկան օջախի եւ սովորույթների իրական պահապանը. նա իր ամուսնուն միշտ եւ ամեն ինչում կաջակցի, երեխաներին կգուրգուրի եւ կգտնի ջերմ խոսքեր տարեցների համար: Ծանր պահերին խոհեմաբար իր փխրուն ուսերին կվերցնի տղամարդկանց հոգսերը: Ամեն ինչ հայ կնոջ ուժերի սահմաններում է, նա կարող է ամեն ինչ անել: Այդ ամենի հետ մեկտեղ, հաշված րոպեների ընթացքում կարող է վերափոխվել եւ արքայադստեր պես դուրս գալ տանից: Սա՛ է մեր կանանց առանձնահատկությունը, որը մինչ օրս չի դադարում զարմացնել եւ խորը հիացմունք առաջացնել:
-Ընդունված է կարծել, որ տղամարդը տան գլուխն է, իսկ կինը` պարանոցը: Այն համապատասխանո՞ւմ է արդյոք հայ կնոջ նկարագրին:
– Գուցե այդ պնդման մեջ ճշմարտության չափաբաժին կա, եթե ինչպես ասացիք` ընդունված է այդպես համարել: Բայց անձամբ ինձ ավելի հոգեհարազատ է մեկ այլ ասույթ` տղամարդը թռչուն է, իսկ կինը` նրա թեւերը, որոնք կարող են ինչպես բարձրացնել նրան մինչեւ երկինք, այնպես էլ տանել մինչեւ անդունդ:
-Դուք Հայաստանի Առաջին տիկինն եք: Դժվար չէ՞ արդյոք այդ պատասխանատու “պաշտոնում” լինել, երբ բոլորի համար անհրաժեշտ է օրինակ ծառայել:
-Եթե մինչեւ վերջ անկեղծ լինեմ, իհարկե բարդ է: Բայց համաձայնեք` ես այդ ամենից վատ գլուխ չեմ հանում (ծիծաղում է): Այդուհանդերձ, ամենեւին չեմ ձգտում օրինակ լինել, բայց ինձ շատ ուրախացնում է, երբ հաջողվում է ուրիշներին դրդել բարի եւ օգտակար գործերի:
– Դուք ակտիվ հասարակական կյանք եք վարում, բարեգործական աշխատանք ծավալում արվեստի եւ առողջապահության ոլորտներում: Որքանո՞վ է տարբերվում Ռիտա Սարգսյանը տանը եւ դրսում:
-Իմ կարծիքով, եթե նույնիսկ կա տարբերություն, ապա այն գրեթե աննշան է: Ես ինձ այն կանանց շարքին եմ դասում, ովքեր միշտ անկեղծ են եւ չեն կարողանում, չեն էլ սիրում ձեւացնել, եթե նույնիսկ անհրաժեշտություն է լինում:
– Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածը լավագույնն է կանանց համար:Փոխվո՞ւմ է արդյոք ձեր ինքնազգացողությունն այդ շրջանում:
-Դեռ մանկուց շատ եմ սիրում մարտի 8-ը: Ապրիլի 7-ը նույնպես ինձ համար թանկ է դարձել: Իսկ ահա մնացյալ միջանկյալ օրերն ինձ համար պարզապես գարնանային ուրախալի զգացողություններ են առաջացնում: Իմ կարծիքով եթե տոները շատ երկար են ձգվում, ապա դրանք կորցնում են իրենց տոնականությունն ու առանձնահատուկ գրավչությունը: Սակայն, եթե կան կանայք, ովքեր իրենց ավելի լավ են զգում հենց այս ժամանակահատվածում, ապա թող այդ զգացողությունները ձգվեն ամբողջ տարվա ընթացքում:
-Տոնը ենթադրում է նաեւ նվերներ: Ինչպիսի՞ նվերներ եք սիրում ստանալ:
-Ինչ վերաբերում է նվերներին, անշուշտ, ինչպես յուրաքանչյուր կին, ես նույնպես սիրում եմ նվերներ ստանալ: Հավելեմ նաեւ, որ ավելի շատ սիրում եմ նվիրել: Ինձ շատ ուրախացնում են գեղեցիկ ծաղիկները եւ ինչ թաքցնեմ` համեղ կոնֆետները: Սիրում եմ նաեւ արտասովոր նվերներ եւ ամենեւին կարեւոր չէ, թե որքան դրանք կարժենան:
– Ի՞նչ կմաղթեք հայ կնոջը տոների առթիվ:
-Ամենից առաջ գարնան շուտափույթ գալուստ` ձյունառատ, ձգձգված ձմռանից հետո: Թող մեր կանայք միշտ եւ յուրաքանչյուր եղանակին, տարվա ցանկացած ժամանակահատվածում լինեն սիրված եւ շրջապատված սիրով, հարազատների ջերմությամբ: Թող արցունքները լինեն միայն ուրախության, իսկ բարկություն առաջացնեն միայն հիմար սերիալները:
Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ կանայք: