‘Արմեն Ալավերդյանի առաքելությունն էր վարկաբեկել Հարթունյանների բարի համբավը’
Այսօր Նյու-Յորքի հայ համայնքի ներկայացուցիչները հաղորդագրություն են տարածել Նարեկ Հարթունյանի գործի կապակցությամբ, որում մասնավորապես ասված է. ‘’ Ներդրողների իրավունքների խախտումներին վերաբերվող հարցերի քննարկման նպատակով՝ օրերս ‘’Արմենիա Մարիոթ’’ հյուրանոցում հրավիրվել էր Հայաստան-ԱՄՆ տեսակամուրջ՝ սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանների, ԱԺ պատգամավորների, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի, ՀՀ սփյուռքի փոխնախարարի եւ այլոց մասնակցությամբ: Ընդ որում տպավորություն ստեղծվեց, որ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը մասնակցում է տեսակամուրջին հատուկ Նարեգ Հարթունյանի գործով, որը նույնիսկ օրակարգում չկար: Ա.Ալավերդյանն անտեսելով իր պաշտոնական դիրքն ու Ն.Հարթունյանի սահմանադրական իրավունքները` կատարեց անհիմն հայտարարություն.
‘’Նարեկ Հարթունյանի գործը տիպիկ ‘’մեր հայերի’’ գործերից է, որոնք Հայաստանը դիտում են որպես եկամուտ ստանալու աղբյուր, եւ, ցավոք սրտի, այդ նորմալ երեւույթն ուղեկցվում է հարկերը չվճարելով’’: (‘’մեր հայեր» ասելով, արդյոք ՊԵԿ նախագահի տեղակալը նկատի ունի սփյուռքահայերին’’, ովքեր այլ կերպ բնորոշում են հայրենասիրություն խաղացող, բայց իրականում շահամոլ հայի տեսակը):
Ա.Ալավերդյանը մասնավորապես նշեց, որ Ն. Հարթունյանի ընկերությունը երեք տարի շարունակ Ռուսաստանի Դաշնությունից ներմուծել է մակարոնեղեն եւ ալյուր, որի արդյունքում ամբողջ շրջանառությունը ցույց չի տրվել այն գնով, ինչ իրականում եղել է:
ՊԵԿ-ի ներկայացուցիչը վստահ է, որ կեղծ խանութի միջոցով (այդպիսի խանութ գոյություն չունի) մլն-ավոր դրամների իրացում է կատարվել, իսկ փաստաթղթերում ցույց է տրվել ավելի ցածր վաճառք, քան իրականում եղել է: Տարբերությունը կազմել է 20 տոկոս, որի հետեւանքով պետությանը հասցվել է շուրջ 70 մլն դրամի վնաս` չհաշված տույժերն ու տուգանքները: Բոլոր խանութները, այդ թվում` շուրջ 40 վկաների բացատրությունները հաստատում են այն փաստը, որ ապրանքներն ավելի թանկ են իրականում վաճառվել, իսկ գումարը դրամարկղ չի մուտքագրվել:
Ա. Ալավերդյանը նաեւ հիշեցրեց, որ այս գործում քրեական տարրեր կան, որովհետեւ դրամարկղից կանխիկ գումար է հանվել առանց փաստաթղթերի, 11 աշխատող է պահվել առանց հրամանագրերի, գործող աշխատակիցների աշխատավարձերը ցույց է տրվել ավելի, քան իրականում եղել են: Քրեական գործն արդեն ուղարկվել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարան:
Փաստորեն, նման հայտարարություն տարածելով բարձրաստիճան պաշտոնյան ամենակոպիտ կերպով խախտեց ինչպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, այնպես էլ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անձի անմեղության կանխավարկածի սկզբունքը: Ա.Ալավերդյանը շտապել է հայտարարել, որ Նարեգ Հարթունյանը հանցագործ է դեռ այն ժամանակ, երբ քրեական գործը միայն նոր՝ այդ օրը, դատարան չէր էլ հասել:
Հիշեցնենք, որ անձի մեղավորությունը հաստատվում է միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով, եւ որեւէ մեկը, այդ թվում նաեւ հարգարժան պարոն Ալավերդյանն իրավունք չուներ Հարթունյանի մեղավորության վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ հանդես գալ:
Տեղեկացնում ենք , որ Ն.Հարթունյանն արդեն հայցադիմում է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ ՀՀ ՊԵԿ-ի` հրապարակային հայտարարությունները հերքելու եւ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալու պահանջների մասին: Ն.Հարթունյանն իր հայցադիմումով պահանջել է արգելել ՊԵԿ-ին նմանաբովանդակ հրապարակային հայտարարություններ տարածել, քանի որ նման վարքագծով ՊԵԿ-ը փորձ է անում ներգործել դատական իշխանության վրա եւ կաշկանդել դատարաններին անաչառ լինել Հարթունյանների գործով: Ստացվում է, որ Ա.Ալավերդյանը մասնակցում էր հեռուստակամուրջին մեկ առաքելությամբ` վարկաբեկել Հարթունյանների բարի համբավն ու հեղինակությունը, ստվեր նետել բարեգործ ընտանիքի վրա. ‘Ես չեմ կարծում, որ ‘Ցար’ ապրանքանիշի ալյուր կամ մակարոնեղեն վաճառելը Հայաստանում զուտ բարեգործական նպատակներ է հետապնդել’,- ի թիվս իր նախորդ հայտարարությունների՝ ամպագորգոռ մեղադրանքով իր ‘տեսակետն’ այս բառերով է արտահայտել պարոն Ալավերդյանը:
Որեւէ պետությունում որեւէ պետական պաշտոնյա դժվար թե իրեն դրսեւորեր այնպես, ինչպես իրեն դրսեւորեց Ալավերդյանը:Գուցե իրեն ինքնակոչ եւ այն էլ բարձրագույն դատարան է համարել պարոնը… Ինչեւէ, տեսնենք, թե ինչ բարոյական, իրավաբանական եւ նյութական պատասխան կտա Ա.Ալավերդյանը ներկայացված գործով: Իսկ վերջինիս կողմից տարածած հայտարարությունը չհերքելու դեպքում Ն.Հարթունյանը հետամուտ է լինելու գործը հասցնել մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, եւ ստիպել, որ պետությունը վճարի իր պետական ծառայողի անպարկեշտ վարքագծի համար’’:
Henaran.am-ին հաղորդում են ‘’Նարեկ Հարթունյան’’ ընտանիքի մամլո գրասենյակից