22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Փողը կա, բայց չկա … ինչ արժե Եվրատեսիլը

Henaran.am-ի  զրուցակիցն է երգահան Սասուն  Պասկևիչյանը: 

Պարոն  Պասկևիչյան, Եվրատեսիլացավը պատել է ազգը հայոց Դուք ի՞նչ կարծիքի եք

– Ա՛խ այդ Եվրատեսիլներն ու դրա նմանները… Թվում է , թե դրանք լավ երգերի ու երգիչների մրցույթներ են: Բայց արդյո՞ք այդպիսին են: Կատարյալ շոուներ են, որոնք տարբեր նպատակներ ու հաշիվներ են հետապնդում: Իսկ ճշմարիտ, իսկական արվեստը ետին պլան է մղված: Իսկ ինչպիսի՜ գումարներ են ծախսվում, մխսվում (Ես նաև նկատի ունեմ մեր՝ Հայաստանի, պարագայում):

Միայն հաշվենք, թե պետության , հարկատուների վրա որքան է արժենում Եվրատեսիլին մասնակցելը . անկասկած՝ տասնյակ հազարավոր դոլարներ… Իսկ այստեղ՝ Հայաստանում` նոր, ազգային երգեր պետական միջոցներով ձայնագրելու համար փող չկա, բայց օտարամուտ մեղեդիներով, անհասկանալի տեքստ ու երաժշտություն ունեցող երգերի համար՝ փող կա … Իսկապես ցավ ու վիրավորանք եմ ապրում:

Եթե մենք Եվրատեսիլի նման “մրցույթներում” պետք է աշխարհին ծանոթացնենք – ներկայացնենք Հայաստանն ու նրա մշակույթը , ապա… ավելի լավ է … չշարունակեմ…Իսկ մասնակցել Եվրատեսիլին Ադրբեջանում – մի երկիր, որտեղ հայատյացությունը պետական քաղաքականություն է, որտեղ հերոսացնում են քնած հայ սպային գազանաբար կացնահարած նախամարդ վիժվածքին – ես համարում եմ ազգային արժանապատվության վիրավորանք: Չեմ հավատում, որ մեր երգիչները վախենում են մեկնել թշնամու երկիր, համոզված եմ, որ նրանցից շատերը, հարկ եղած դեպքում, զենք կվերցնեն Հայրենիքը պաշտպանելու ու թշնամուն հաղթելու համար:

Վկա ՝ մեր երգիչներից մահապարտներ Դավիթ Ամալյանն ու Մկրտիչ Մկրտչյանը, “Կարին” համույթի ղեկավար, ազգագրագետ , դարձյալ մահապարտ Գագիկ Գինոսյանը …, նրանց նման շատ-շատերը ` մեր ժամանակի Սասունցի Դավիթները… Իսկ մեր երգահաններն ու երգիչները կշարունակեն աշխարհին ու քաղաքակիրթ մարդկությանը ներկայացնել ու ապացուցել հայ ազգային երգ – երաժշտության վեհությունը , հմայքն ու անկրկնելիությունը …

Ի՞նչ   ծրագրեր   ունեք   2012 թ.  համար:

-Երբ 1988 թ. դեկտեմբերի 7-ին մեզ պատուհասեց երկրաշարժը (այդ ժամանակ ես ընտանիքով Լոս Անջելեսում էի ապրում), ես միայն մի բան էի մտածում՝ ինչպե՞ս կարելի է օգնել, օգտակար լինել Հայրենիքիս: Մի քանի հայրենասեր , նվիրյալ մտավորականներով ստեղծեցինք “Հայաստան” հեռուստաժամը, մեր հնարավորությունների սահմաններում մասնակցեցինք ու նպաստեցինք դրամահավաքների և նյութական արժեքների հանգանակման, հայթայթման և Հայաստան ուղարկելու աշխատանքներին: Իր գոյության ավելի քան 15 տարիների ընթացքում “Հայաստան” հեռուստատեսությունը զգալի ներդրում ունեցավ հայապահպան, ազգանպաստ սուրբ ու վեհ գործում:

Հիմա, երբ վերադարձել եմ Հայրենիք (արդեն 8 տարի է), իմ գլխավոր նպատակն ու ծրագիրը նույնն է՝ ինչո՞վ և ինչպե՞ս կարող եմ օգտակար լինել մեր Հայրենիքին: Միաժամանակ, քանի որ երգեր եմ հորինում, փորձում եմ իմ ստեղծագործություններով էլ մասնակից լինել մեր ազգային մշակույթի, երգարվեստի զարգացմանը: Այս հարցում արհեստական և բնական շատ խոչընդոտներ կան, բայց հանձնվել, հուսահատվել չի կարելի: Ես հավատում եմ հայ ազգի ներուժին… Մենք հաղթելու ենք…

Ի՞նչ կմաղթեք հայ կանանց միամսյակի կապակցությամբ

-Հայ կանանց և աղջիկներին բարեմաղթանքներ պետք է հղել ոչ միայն միամսյակի օրերին ու կապակցությամբ , այլև նրանց ամբողջ կյանքի ընթացքում, ամեն օր, ամեն ժամ …Նրանց վրա է դրված ազգապահպանման , հարատևման ամենասուրբ առաքելությունն ու պարտականությունը , պարտավորությունը … Ես մաղթում եմ, որ հայ կնոջ կողքին միշտ լինի նրան ու ընտանիքին նվիրված հայ ամուսինը, որ հայ ընտանիքներում շատ լինեն երեխաները: Յուրաքանչյուր կին, նաև հայ կինը թող միշտ հիշի հանրահայտ ասացվածքը՝ “Յուրաքանչյուր հաջողված տղամարդու թիկունքին կին է կանգնած” …

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ