20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շուշին հանձնե՞լ են թե՞ գրավել. Ազգ

Ըստ “Ազգ” օրաթերթի, ադրբեջանական կողմը փորձում է “նսեմացնել” հայկական զինուժի հաղթանակները: Դա մերթ “հայերին ռուսական օժանդակության» կաղապարով է արվում, մերթ` “ներքին դավաճանության”: Երբեմն էլ ասվում է, որ “եթե Հեյդար Ալիեւը մի փոքր շուտ վերադառնար իշխանության, ապա իրավիճակը բոլորովին այլ կլիներ”:

Այս առթիվ բավական ուշագրավ մեկնաբանություններ է արել Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիեւը: Վերջինիս հանդեպ, ինչպես հայտնի է, արդեն Հեյդար Ալիեւի նախագահության օրոք դատավարություն է ընթացել: Ղազիեւը մեղադրվել է “պետական դավաճանության” մեջ: Նրան մեղսագրվել է Շուշին “դավաճանաբար հանձնելը”:

“Շուշիի անկման համար ես միայն բարոյական պատասխանատվություն եմ կրում”, obyektiv.tv-ին տված հարցազրույցում պնդել է Ռահիմ Ղազիեւը եւ իրական պատասխանատվությունը բարդել Էլբրուս Օրուջեւի վրա, որը “նշանակված էր Շուշիի պարետ”: Ղազիեւի ասելով, Շուշիում բավարար քանակության զենք-զինամթերք, ռազմական տեխնիկա եւ կենդանի ուժ են եղել, որ «քաղաքի պաշտպանությունը հուսալի լինի”: Պաշտպանության նախկին նախարարը հռետորական հարց է ուղղել Օրուջեւին, թե “ինչպե՞ս է պատահել, որ քաղաքի բոլոր բնակիչները հեռացել են”:

Նա խոստովանել է, որ 1992թ. մարտ-հունիս ամիսներին Ադրբեջանում սուր պայքար է ծավալվել` տիրանալու իշխանությանը: Ղազիեւը ասել է, որ ինքը ենթարկվել է Ժողճակատին: “Իսկ Շուշիի պարետ Օրուջեւը եւ գործադիր իշխանության ղեկավար Նիզամի Բահմանովը քաղաքի պաշտպանության հարցով ընդունելության են եղել ոչ թե Բաքվում, այլ մեկնել են Նախիջեւան եւ քննարկումներ ունեցել Հեյդար Ալիեւի հետ”:

Եթե Ռահիմ Ղազիեւի ասածն իրականությանը համապատասխանում է, ուրեմն արդեն 1992թ. Հեյդար Ալիեւը իշխանության վերադառնալու ծրագիր է ունեցել: Որպես “գործարքի” վկայություն Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը մատնանշել է Էլբրուս Օրուջեւի զինվորական գլխապտույտ կարիերան: “Հեյդար Ալիեւի օրոք նա արժանացել է գեներալի կոչման”, -ասել է Ղազիեւը:

“Կարելի է ասվածն անուշադրության մատնել` համարելով, որ Ղազիեւը նույնպես ճգնում է Շուշիի ազատագրման ռազմագործողության նշանակությունը “նսեմացնել”: Բայց ամեն դեպքում չափազանց ուշագրավ է, որ նույն ռազմագործողության պատասխանատուներից մեկը դատվել եւ տեւական ժամանակ անցկացրել է բանտում, մյուսն, ընդհակառակը, իշխանության վերադարձած Հեյդար Ալիեւից ստացել զինվորական բարձր կոչում եւ պատիվներ”,-գրում է “Ազգ”-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ