16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Զինված ուժերի վերականգնումն ու բարեփոխումը պատշաճ չի իրականացվում․ Տիգրան Աբրահամյան

Հարցազրույց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ։

-ԱԺ մի շարք ընդդիմադիր պատգամավորների մանդատից զրկելու հարցը դարձյալ ԱԺ խորհրդի օրակարգում էր։ Ներկայացված էր 22 անուն, բոլորը՝ «Հայաստան» խմբակցությունից, թեև «Պատիվ ունեմ»–ն էլ էր բոյկոտում նիստերը։ Ստացվում է «Հայաստան»–ը ավելի ընդդիմադիր է, և իշխանությունը «ա՞չք է փակում» ձեր բացակայությունների վրա։

–Ովքեր կարծում են, որ խնդիրը արմատական լինել-չլինելու մեջ է, կամ նպատակային թեման տանում են այլ դաշտ՝ իշխանական քարոզչությանն սպասարկելով, կամ ուղղակի անտեղյակ են: Մենք փորձում ենք մեր քայլերն առավելագույնս ներդաշնակեցնել «Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ: Երբ պետք է վերադառնայինք խորհրդարան, մենք տեղյակ ենք պահել մեր գործընկերներին, սակայն նրանք մեզնից մեկ քառօրյա ուշ են վերադարձել, դրա համար իրենց բացակայությունների թիվը շատ է: Բացի դա, դեկտեմբերին եղել է արտահերթ նիստ, որին ևս «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել։ Այսինքն, մենք մասնակցության 50 տոկոսի շեմը հաղթահարել ենք, իսկ իրենք չեն հաղթահարել, մեր և իրենց անհարգելի բացակայությունների միջև կա տարբերություն, ինչն էլ բերել է նման իրավիճակի:

–Առհասարակ, պատգամավորներին մանդատից զրկելու հարցով ՍԴ դիմելու հարցը կարո՞ղ է դեր խաղալ, և ընդդիմադիրները ավելի պարտաճանաչ լինեն իրենց աշխտանքում: 

–Խնդիրը ոչ թե պարտաճանաչությունն է, այլ քաղաքական պայքարը, որը տարբեր ճանապարհներով ու տարբեր մարտավարությամբ է կառուցվում: Կարող է լինել ժամանակահատված, որ որոշենք առհասարակ չմասնակցել նիստերին: Դրանից հետո ՍԴ–ում մեզ մանդատներից զրկելու գործընթաց կսկսվի թե ոչ, մեզ չի հետաքրքրում: Ինչ վերաբերում է Հայաստանի իրավապահ համակարգին, ապա դրանք գտնվում են գործադիր իշխանության վերահսկողության ներքո: Այդ որոշումները ձևավորվում են քաղաքական որոշումների արդյունքում:

–Իշխանությունը հայտարարում է, որ իրավական համակարգը, նույնիսկ այսօր, կախված է նախկիններից: 

–Իշխանությունը իր բոլոր ձախողումները կապում է ինչ–որ մեկի, ինչ–որ մի կողմի հետ։ Մի փուլում դրանք 1990-ականների կամ 2000-ականների իշխանություններն են, մի դեպքում՝ ՌԴ-ն է, երրորդ դեպքում կարող է այլ գործոն նշվել։ Առնվազն մեր քաղաքական ուժի անունից կարող եմ ասել, որ այս պահին իրավական դաշտում չկա մի գործոն, որն սպասարկում է մեր շահը։ 

Այս 4-5 տարիները ցույց են տվել, որ այդ համակարգը քայլ առ քայլ բերել, մտցվել է այս իշխանության վերահսկողության տակ: Իշխանության նպատակն է եղել հատկապես դատական իշխանությունը կամ առհասարակ ողջ պետական կառավարման համակարգը այնպիսի կադրերով համալրել, որոնք կլինեն իրենց ամբողջական վերահսկողության տակ:

–Հակակոռուպցիոն կոմիտեն նոր բացահայտումներ է անում: Նախօրեին Գևորգ Կոստանյանի, ապա նաև Տարոն Մարգարյանի հետ կապված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցեր են ներկայացվել: Շատերն ասում են, որ այս գործընթացը շատ ավելի վաղ պետք է սկսվեր, իշխանությունն ուշացրել է: 

–Եթե որևէ պրոցես մտել է դատական փուլ, դա դեռ չի նշանակում, որ այդ մարդիկ մեղավոր են ճանաչվել: Դատական համակարգում ոմանց նկատմամբ կա վերահսկողություն, ոմանց նկատմամբ՝ ուժեղ ճնշումներ, հետևաբար, այսօրվա դատական համակարգի չի կարող մարդկանց շրջանում արդարության զգացում ապահովել: Ինչ տեղի է ունենում այս իշխանությունների ստեղծած խաղի պայմաններում, բնականաբար, օբյեկտիվ դաշտից դուրս է: Նման որոշումների հիման վրա եզրահանգումներ անելը տեղին չէ:

 –Ընդդիմությունը վերադարձել է խորհրդարան, ԱԺ հանձնաժողովների նիստերի է մասնակցում: Ի՞նչ ունի անելու այսօր ընդդիմությունը խորհրդարանում, որը փողոցային պայքարի տապալումից հետո վերադարձել է ԱԺ:

 

–«Պատիվ ունեմ» խմբակցությունը խորհրդարանից չի հեռացել, որ վերադառնա: Երկու ընդդիմադիր խմբակցությունները որոշ դեպքերում մարտավարական առումով ունենում են տարբեր գործելաոճ: Ձեր դիտարկումը, որ ընդդիմությունը վերադարձել է հանձնաժողովների աշխատանքին, չի համապատասխանում իրականությանը, որովհետև մեր խմբակցությունը ինչպես հոկտեմբեր, նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսներին, այնպես էլ այս պահին հանձնաժողովներում որևէ գործունեություն չի ծավալում: Ինչ վերաբերում է տապալված փողոցային ակցիաներին, ապա բուն նպատակին փողոցային շարժումը չի հասել, բայց որոշակի խնդիրներ իր ճանապարհին լուծել է: Ես չեմ կարծում, որ ՀՀ-ում կգտնվեն մարդիկ, իշխանական կերակրատաշտից օգտվողներից և իշխանության հետ կապված կոնկրետ շահեր ունեցողներից բացի, որոնք ուրախ կլինեն, որ շարժումն իր վերջնական նպատակին չի հասել, որովհետև երկրի զարգացման և անվտանգության առումով գլխավոր խոչընդոտն իշխող ուժն է: Նրա ղեկին մնալը, բնականաբար, շատ ավելի է բարդացնում Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը:

–Իշխող ուժին հեռացնել չի հաջողվել, իսկ ի՞նչ է հաջողել ընդդիմությունը:

–Ապրիլ-մայիսից մեկնարկած շարժումն ուներ որոշակի կոնսոլիդացիոն դաշտ։ Կար նաև նպատակ ընդհանուր քաղաքական դաշտում ֆիլտրացիա իրականացնելու և հասկանալու, թե ովքեր են Նիկոլ Փաշինյանի դաշտում, չնայած որոշ դեպքում ներկայանում են որպես ընդդիմադիր ուժեր: Այս շարժումը նաև ֆիլտրացիա էր՝ հստակեցնելու համար, թե ով որ դաշտում է խաղում: 

–Խոսքը արմատական ընդդիմադիր դաշտում գործողների՞ մասին է: 

–Խնդիրն այն է, թե ով ինչպես է վերաբերվում մեր երկրի ճակատագրին, իրականում ով է խաղում Նիկոլ Փաշինյանի դաշտում, և ով է խաղում ընդդիմության դաշտում: Անկախ նրանից, թե ինչ որակումներ կներկայացվեն ընդդիմադիր, ազգային դաշտում խաղացողներին, կա երկու խնդիր՝ հասկանալ որ ուժերն ու անհատներն են խաղում Նիկոլ Փաշինյանի դաշտում:

–Հիմա այդ ֆիլտրացիան տեղի՞ է ունեցել, ձեր պայքարը կրկին «Հայաստան» խմբակցության հե՞տ է լինելու, եթե նորից որոշեք արտախորհրդարանական պայքար մղել:

–Խնդիրը զուտ «Հայաստան» դաշինքի հետ համագործակցությունը չէ: Մենք այսօր էլ փորձում ենք աշխատել «Հայաստան» խմբակցության, դրա մաս կազմող ուժերի և այն մարդկանց հետ, որոնք այս պահին խորհրդարանում չեն, բայց ԱԺ-ից դուրս մեր ընդհանուր նպատակներին ներդաշնակ են գործում: Այս փուլում բավական ծանր իրադրություն է Հայաստանի ու Արցախի շուրջ, և այս վիճակում նաև ընդհանուր գործընթացներն են շատ ավելի բարդանում: 

–Լաչինի միջանցքի խնդիրն ի՞նչ հանգուցալուծում պետք է ստանա: Կառավարության վերջին նիստին վարչապետն ասաց, որ Ադրբեջանի նպատակը հերթական ռազմական էսկալացիան է: Ինչպե՞ս եք գնահատում Ալիևի հոխորտանքները, ռազմական էսկալացիայի վտանգ տեսնո՞ւմ եք:

–Ադրբեջանը բաց տեքստով հայտարարում է, որ կամ Հայաստանն իր պայմաններով ընդունում է կապիտուլիացիայի երկրորդ փուլը, կամ իրենք դրան կհասնեն ռազմական ճանապարհով: Այլ խնդիր է, որ Լաչինի միջանցքում և առհասարակ՝ Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը առաջին հերթին հետևանք են այս իշխանության 4,5 տարիների գործունեության։ Եթե փորձում ենք իրավիճակը գնահատել 2022-ի դեկտեմբերի և 2023-ի հունվարի դրությամբ, երբ Լաչինի միջանցքը փակված է, հասկանում ենք, թե որտեղ են դրա ակունքները, և ինչի հետևանք է այս ամենը: Ադրբեջանը մեծ առումով այս ճանապարհով գնում է, որովհետև իր համար բարենպաստ դաշտ է ձևավորվել: Դա առաջին հերթին Հայաստանում առկա և գործող իշխանությունն է, երկրորդը Հայաստանի կենսունակությունն է: Դա վերաբերում է արդեն արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, պետական կառավարման համակարգին և այլն: Այսինքն, իրականում, երբ խոսում ենք հնարավոր լուծումների, կարգավորումների մասին, պետք է նկատի ունենալ, որ սրա հիմքում հիմնական խոչընդոտը ՀՀ իշխանությունն է՝ անկախ նրա ցանկությունից, կամքից ու հնարավորությունից:

–Այսինքն, եթե Հայաստանի վարչապետը իշխանությունը հրաժարական չի տալիս, Լաչինի միջանցքը շարունակելու է փա՞կ մնալ: 

–Հրաժարական չտալու դեպքում իրավիճակը շատ ավելի կծանրանա, որովհետև մի կողմից կա բանակցողի փոփոխության անհրաժեշտություն, ինչը նվազագույն հնարավորություն է Հայաստանի ու Արցախի համար, և երկրորդը՝ կա քաղաքացու տեսանկյունը։ Անկախ նրանից, թե ինչ քաղաքական կողմնորոշում ունի, կամ հետաքրքրված է քաղաքական գործընթացներով թե ոչ՝ նա տեսնում է, որ 2018-ին այս իշխանության գալուց հետո եղել է 44-օրյա պատերազմ, եղել է 5 հարձակում Հայաստանի ու Արցախի ուղղությամբ, Հայաստանում և Արցախում բազմաթիվ մարդիկ են զոհվել, տարածքային կորուստներ ենք ունեցել, էլ չեմ խոսում Հայաստանի ինքնիշխանության խնդիրների մասին: Այս պարագայում ավելի քան ակնհայտ է, որ միջին վիճակագրական քաղաքացու համար սա մի իշխանություն է, որի օրոք Հայաստանն ու Արցախը ունեցել են հսկայական մարդկային ու տարածքային կորուստներ: 

–Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը համաձայն չէ ՀՀ վարչապետի՝ ասուլիսում հնչեցրած դիրքորոշումների հետ և դա չի թաքցնում։ Կա՞ որոշակի լարվածություն Երևան-Ստեփանակերտ հարաբերություններում: 

–Այդ անհամաձայնությունը եղել է նույնիսկ 2020-ին Արցախում անցկացված նախագահական ընտրություններից հետո, երբ ձևավորված իշխանությունը, կարծես, փորձում էր ՀՀ իշխանությունների հետ ներդաշնակ աշխատել: Առաջին հիմնական անհամաձայնությունը եղել է 2022-ի ապրիլին, երբ ՀՀ իշխանությունը հայտարարեց Արցախի հարցում նշաձողի իջեցման մասին։ Դա ուղեկցվում էր իշխող քաղաքական թիմի ակտիվ ներկայացուցիչների հայտարարություններով, և նույնիսկ հայտարարվեց, որ Արցախը կարող է ապագա ունենալ Ադրբեջանի կազմում, որ Արցախը բեռ է, և պետք է զոհել, որպեսզի Հայաստանը պաշտպանվի կամ անվտանգություն ապահովվի: Հայաստանի իշխանությունը գնում է Արցախը հանձնելու ճանապարհով, և բնական է, որ Արցախում այս թեմայով մեծ աժիոտաժ առաջացավ: Սա այն է, ինչի մասին դեռ 2018-ի հայտնի իրադարձություններից ու 44-օրյա պատերազմից հետո խոսում էին որոշ ուժեր։ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև ամենամեծ անհամաձայնությունը, կարծում եմ՝ 2022-ի ապրիլին է հնչել, երբ Արցախի 5 ուժեր, բավականին կոշտ, հայտարարեցին իրենց անհամաձայնության մասին։ Ինչո՞ւ եմ ասում առաջին որովհետև թեև Արցախի ընդդիմադիր ուժերը դրա մասին ավելի վաղ էին խոսում, դա այն փուլն էր, երբ նրանց միացան Արցախի իշխող ուժի և իշխող կոալիցիայի մեջ մտնող ուժերը ևս: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները այս ողջ ընթացքում ուղիղ կամ քողարկված խոսում էին Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին, և, բնական է, որ Արցախից պետք է հնչի կոշտ հակազդեցություն:

–Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում տեղի չեն ունենա, Ռուսաստանից էլ արձագանքեցին, որ դա իրենց համար անակնկալ էր: Ինչպիսի՞ն կարող են լինել ՀՀ վարչապետի հայտարարության հետևանքները: 

–ՀԱՊԿ զորավարժությունները ամեն տարի մեկ կամ մի քանի երկրում են տեղի ունենում: Այս տարի ընտրվել էր Հայաստանը, և դա նաև քաղաքական որոշում էր, ինչ–որ առումով՝ նաև քաղաքական աջակցության ցուցաբերում: Հայաստանի իշխանության հրաժարվելը, ըստ էության, նշանակում էր, որ մերժվում է ՀԱՊԿ քաղաքական այս որոշումը: Բացի քաղաքականը․ցանկացած զորավարժություն ուղղված է զորքերի մարտունակության բարձրացմանը է: Դժվար է ՀՀ իշխանությունների որոշումները տրամաբանության կամ ռացիոնալիզմի համատեքստում քննարկելը, որովհետև կարմիր գիծը վաղուց են անցել: Եթե ՀԱՊԿ-ում ես, ապա պետք է օգտվես բոլոր գործիքակազմերից, որոնք արդյունավետ գործողությունների հնարավորություն են տալիս։ Մտահոգիչ է ոչ թե ՀԱՊԿ–ի հնարավոր հակազդեցությունը, որովհետև ՀԱՊԿ-ի հետ կապված Հայաստանից ավելի սուր և վտանգավոր հայտարարություններ են հնչել, այլ այն, թե Հայաստանը ինչ նոր բաղադրիչ է ընտրելու երկրի անվտանգությունն ապահովելու համար:

–Տարեվերջին ընդդիմադիր պատգամավորները եղան տարբեր զորամասերում: Կայի՞ն փոփոխություններ։

–Ես զինված ուժերի տարբեր զինված օբյեկտներում լինում եմ ոչ միայն տարավերջին։ Սեպտեմբերի հարձակումից հետո էլ գտնվել եմ առաջնագծում, վերջին երեք ամսվա ընթացքում եղել եմ բոլոր ուղղություններում, որտեղ Ադրեբեջանն ունեցել է հարձակում, այսինքն, Արտանիշից դեպի Ծավ, Հայաստանի երեք մարզերում՝ Գեղարքունիք, Վայոց Ձոր ու Սյունիք: Այս երկու տարում զինված ուժերի վերականգնողական և բարեփոխումների ընթացքը պատշաճ ձևով չի իրականացվել, անհրաժեշտ մակարդակը չի ապահովվել, և հենց դրանով է նաև պայմանավորված, որ ադրբեջանական ագրեսիվ քարոզչությունը, քաղաքական հայտարարությունները այսպիսի մակարդակի են հասել: Ադրբեջանի բառապաշարը ցույց է տալիս, թե քո պետական համակարգը, անվտանգությունն ինչպիսի մակարդակի վրա են։

–Իշխանությունն անընդհատ շեշտում է, որ բանակում դրական փոփոխություններ տեղի են ունեցել, և ընդդիմությունը դա չի ուզում տեսնել:

–Եթե զինված ուժերում փոփոխություններ լինեին, սեպտեմբերին 200-ից ավելի զոհեր, տարածքային կորուստներ չէինք ունենա: Անվտանգության համակարգի քննությունը տեղի է ունենում առաջին հերթին սահմանագծին, իսկ իրավիճակը ցույց է տվել, որ Ադրբեջանը 2020-ից հետո երեք անգամ ագրեսիայի է դիմել Հայաստանի նկատմամբ, և երեքի դեպքում էլ ունեցել ենք զոհեր և տարածքային կորուստներ:

parliamentmonitoring.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ