26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հաջորդ հարվածի անմիջական թիրախը լինելու է Իրանը, որի համար Հայաստանը դեռևս շարունակում է ունենալ կարևոր ռազմավարական նշանակություն

ԱՄՆ-ի՝ Հարավային Կովկասում վարած քաղաքականությունը և հատկապես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն ուղղված ջանքերը ամենևին էլ նոր չեն։ Այդ քաղաքականությունը բխում է աշխարհաքաղաքական հակամարտությունից, ըստ այդմ՝ տարիներ շարունակ պլանավորվում և մշակվում է։ Այդ աշխատանքն ստանձնում են ինչպես բուն պետական մարմիններին սպասարկու կառույցները, այնպես էլ մերձպետական հետազոտական կենտրոնները (think tank)՝ փոխանցելով իրենց եզրակացությունները համապատասխան մարմիններին։

Ասվածի վառ ապացույցը կարելի է գտնել RAND կորպորացիայի՝ 2019 թ․ հրապարակած զեկույցներից մեկում։

Նշենք, որ RAND (թարգմանաբար՝ «Հետազոտություն և զարգացում») կորպորացիան գլոբալ քաղաքականության վերլուծության կենտրոն է, որը ստեղծվել է 1948 թ․՝ ԱՄՆ զինված ուժերին հետազոտություններ և վերլուծություններ առաջարկելու նպատակով: Այն ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության, ոչ պետական հիմնադրամների, կորպորացիաների, համալսարանների և մասնավոր անձանց կողմից:
RAND-ի վերոհիշյալ զեկույցում ուսումնասիրվում էին Ռուսաստանի տնտեսական, քաղաքական և ռազմական խոցելիությունը և սահմանվում այն ոլորտները, որտեղ ԱՄՆ իր շահերն առաջ մղելու համար կարող է մրցակցել Ռուսաստանի հետ։ Միաժամանակ գնահատվում են այդ միջոցառումների օգուտները, ծախսերը և ռիսկերը, ինչպես նաև հավանականությունը, թե որքանով կարող են դրանք հաջողությամբ կիրառվել ու խոչընդոտել Ռուսաստանի ազդեցության ընդլայնումը: Զեկույցի գլուխներից մեկը՝ «Աշխարհաքաղաքական կանխարգելիչ միջոցառումները», նվիրված է Հարավային Կովկասում ռուսական ազդեցությունը թուլացնելուն ուղղված քաղաքականությանը։

Ըստ զեկույցի՝ ԱՄՆ-ը կարող է երկու ճանապարհով խոչընդոտել Ռուսաստանի՝ Հարավային Կովկասում ընդլայնվելը։ Առաջին հերթին ԱՄՆ կարող է ՆԱՏՕ-ի միջոցով սերտացնել հարաբերությունները Վրաստանի և Ադրբեջանի հետ, երկրորդ՝ առավել ուշագրավ ճանապարհն «անցնում է Հայաստանով»։ Զեկույցում ներկայացվում են որոշ մանրամասներ այս երկու տարբերակների վերաբերյալ։

Զեկույցում բառացիորեն գրված է․ «ԱՄՆ կարող է դրդել Հայաստանին խզել իր կապերը Ռուսաստանի հետ»։ Ըստ զեկույցի հեղինակների՝ չնայած Ռուսաստանի հետ վաղեմի բարեկամությանը՝ Հայաստանը ժամանակի ընթացքում զարգացրել է իր կապերն Արևմուտքի հետ, զորք է տրամադրել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գլխավորած գործողություններին, ինչպես նաև համաձայնել է ամրապնդել իր քաղաքական կապերը ԵՄ-ի հետ։ Հեղինակների կարծիքով՝ իրենց հաջողության պարագայում Ռուսաստանն ստիպված կլինի դուրս գալ Գյումրիում իր ռազմաբազայից, Երևանի մերձակայքում գտնվող զորամասից ու Էրեբունու ավիաբազայից։

Քննարկելով Ռուսաստանի ընդլայնումը խոչընդոտելուն ուղղված քայլերը՝ զեկույցը չէր կարող շրջանցել Արցախյան հակամարտության հարցը և այն վերածել գործիքի՝ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման համար։ Զեկույցի մեջ հստակ նշված է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը նախապայման կհանդիսանա Հայաստանի՝ Ռուսաստանի հետ կապերը խզելու համար»։ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հաջորդած դեպքերը ցույց տվեցին, որ հայ-ռուսական հարաբերություններն իրոք է՛լ ավելի վատացան։ Կարող ենք եզրակացնել, որ վերջին պատերազմից հետո կտրուկ ակտիվացած քարոզչությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու հարցում ևս տեղավորվում է այս քաղաքականության մեջ, որը մեծապես ուղղորդված է Արևմուտքի կողմից։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կարևորությանը, ապա ըստ զեկույցի հեղինակները շեշտում են աշխարհագրական դիրքը, ինչն այդ երկրին դարձնում է առաջնային և՛ տարածաշրջանային հետախուզության, և՛ Իրանին առնչվող տվյալների հավաքագրման հարցում։ Բացի այդ՝ Ադրբեջանի հետ ավելի սերտ քաղաքական հարաբերությունները կարող են նպաստել Կասպից ծովի ռեսուրսներին հասանելիություն ստանալու համար։
Այսպիսով՝ ԱՄՆ՝ Հարավային Կովկասում ռուսական ազդեցությունը նվազեցնելուն միտված քաղաքականությունը հստակ մշակված և հետևողականորեն տարվող ծրագիր է։ Ակնհայտ է նաև, որ այս ծրագրի հաջողության հասնելու դեպքում հաջորդ հարվածի անմիջական թիրախը լինելու է Իրանը, որի համար Հայաստանը դեռևս շարունակում է ունենալ կարևոր ռազմավարական նշանակություն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ