23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Փող և տեսարաններ՝ առանց հայրենիքի. 168.am

Վերջին տարիներին, հատկապես արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմից հետո, հայկական քաղաքական, ոչ պոպուլիստական, այլ բովանդակային խոսույթում ամենահաճախը հնչում է պետության կազմաքանդման, ընդհուպ՝ պետության վերացման մասին ահազանգը։ Լայն իմաստով, ինչպես պատերազմում կրած պարտությունը, այնպես էլ հաջորդող երկու տարվա ընթացքում Հայաստանին ու Արցախին պատուհասած աղետները և դրանց շարունակությունը գործառութային պետության չգոյության, մեղմ ձևակերպմամբ՝ պետության խայտառակ անարդյունավետության արտահայտություններ էին ու են։

 

Հայաստանն այսօր ապրում է ապապետականացման գործընթաց, որը դեռևս տեղի է ունենում խորքային հարթությունում, բայց ժամանակի մեջ ստանալու է շատ ավելի առարկայական դրսևորումներ։ Ընդ որում, ողբերգական հակասականությամբ, որքան ավելի շատ է նվազում հայկական պետության բովանդակությունը, այնքան ավելի ցցուն ու գռեհիկ են դառնում դրա ձևական, ցուցադրական ատրիբուտները․ Արցախից կամ Հայաստանից կատարվող յուրաքանչյուր զիջումից հետո, օրինակ, Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցների թիվն ավելանում է, Ալիևի հետ բանակցություններում հերթական նահանջից հետո կառավարությունը որոշում է թարմացնել պետական մարմինների ավտոպարկը, պարգևավճարներն ավելացնել, և այդպես շարունակ։

Հայկական պետության ապապետականացումը կամ դևալվացիան արտահայտվում է նաև առաջին հայացքից անտեսանելի դրսևորումներով։ Օրինակ, շրջանառության մեջ է դրվում զինված ուժերում ծառայության պարտականությունը 24 միլիոն դրամով գնելու մասին օրինագիծը, որը գալիս է լրացնելու հայկական բանակի ֆիզիկական ու բարոյական կազմաքանդման քայլերի երկար շարքը։ Իշխանությունը հետևողականորեն ամեն ինչ անում է Հայաստանը պետականության ամենաբովանդակային համակարգերից մեկից՝ բանակից զրկելու կամ խղճուկ վիճակի հասցնելու համար։

Եվ ահա, այս ամենին զուգահեռ՝ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը հավանության է արժանացնում քաղաքացիների՝ մինչև 10 միավոր զենք ունենալու հնարավորությունն օրինականացնող նախագիծը, որն առաջիկայում օրենքի կարգավիճակ կստանա։ Օրինագծի տեխնիկական դետալները, դրա հիմքում ընկած զանազան կոմերցիոն մոտիվացիաներն ու խմբային շահերը երկրորդական են։ Շատ ավելի կարևոր է այն թաքնված ուղերձը, որն իշխանությունը հղում է հասարակությանը՝ մի կողմից՝ բանակը կազմաքանդելով, մյուս կողմից՝ զենք կրելու իրավունքն օրինականացնելով։ Իսկ ուղերձի բովանդակությունը շատ պարզ է․ պետությունն աստիճանաբար հրաժարվում է քաղաքացիների անվտանգությունն ապահվողի իր պարտականությունից և մարդկանց խրախուսում է զենք ունենալ՝ սեփական կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու համար։

Իշխանության տրամաբանությունը պարզամիտ է՝ ինչպես նրա բոլոր քայլերը․ չկա բանակ, չկա նաև անվտանգությունն ապահովելու պարտականություն։ Բայց քանի որ քաղաքացիների անվտանգությունն ամեն դեպքում պետք է պաշտպանել, տալիս է զենք կրելու հնարավորություն։ Սա պետության բովանդակային նահանջի, ապապետականացման ցցուն օրինակ է, որի մասին, սակայն, իշխանությունը չի խոսում։ Նաև այն պատճառով, որ գտել է խոսելու միակ և ըստ ամենայնի ամենահաճելի թեման՝ փողը։

Նիկոլ Փաշինյանը, օրինակ, մասնակցում է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը, ելույթ է ունենում այն մասին, որ առաջիկայում ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն՝ ընդգրկելով նաև արտակարգ իրավիճակների նախարարությանը, և ողջ ելույթի ընթացքում խոսում է համակարգի աշխատողների սոցիալական երաշխիքների, բարձրացվելիք աշխատավարձերի մասին։ Այն, որ ԱԻ համակարգի աշխատակիցների աշխատավարձերը կարող են ավելանալ, իհարկե, շատ դրական է։ Բայց խնդիրն այլ է։

ԱԻ համակարգի աշխատակիցներն այսօր էլ, առավել ևս՝ ՆԳ նախարարության կազմում ընդգրկվելուց հետո էլ համարվել ու համարվելու են ուժային կառույցի ներկայացուցիչներ։ Տրամաբանությունը հուշում է, որ այդ համակարգի մասին խոսելիս երկրի ղեկավարը նախ պետք է ընդգծեր, թե ինչպիսի լարված անվտանգային միջավայրում է գտնվում Հայաստանը, և որքան ջանք ու պրոֆեսիոնալիզմ է պահանջվում բոլոր ուժային մարմինների աշխատակիցներից՝ այդ անվտանգային մարտահրավերին դիմակայելու համար։ Սակայն ԱԻ աշխատակիցներին ուղղված Փաշինյանի ուղերձում որևէ բառ չկա անվտանգության խնդիրների մասին, փոխարենը՝ նրա ամբողջ ելույթը նվիրված է սոցիալական երաշխիքներին, աշխատավարձերին, փողին, մի խոսքով։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածել է տարածքի, որտեղ իր իսկ իշխանության քաղաքականությամբ՝ ամենակարևոր արժեքը դարձել է փողը, որի պաշտպանության համար քաղաքացիներին թույլ է տրվում զենք ունենալ։ Նա առաջնորդվում է այն թեզի մակերեսային ընկալմամբ, որ փողը հայրենիք չի ճանաչում, և հիմա զբաղված է հայրենիքի հաշվին փողի խնդիրը լուծելով։

Հայկական պետականության ապապետականացումը շարունակվում է։ Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանի գլխավոր առաքելությունն այդ գործընթացն ավարտին հասցնելն է, որի ուղղությամբ նա առայժմ շարժվում է անպայքար պայմաններում։ Բայց կարևորը՝ մեջը փող կա։

Հարություն Ավետիսյան

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ