29 Հունվարի, Կիրակի, 2023
KFC

Երկիրը թալանելու դասական օրինակ. «Ժողովուրդ»

D39EB28D-60F0-47B1-98BE-8DCA4FC38D11
 
Հայաստանյան արտադրության տարբեր տեսակի ծխախոտներ ռուսական շուկա են մտել առանց ակցիզային դրոշմանիշի: Մաքսանենգություն հիշեցնող այս երևույթի մասին հայտնում է «Ժողովուրդ»-ի թղթակիցը ՌԴ-ից:
Մեր թղթակիցը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի տարբեր փոքր խանութներից եւ կրպակերից խնդրել է իրեն տալ հայկական ծխախոտ, որոնք լուսանկարել եւ տեսանկարել է:

Դուք էլ կադրում տեսնում եք, որ տուփի վրա չկա որեւէ հայերեն կամ ռուսերեն տառ, բացակայում է ակցիզային դրոշմանիշը: Սա՝ այն դեպքում, երբ ծխախոտի գնագոյացման հարցում մեծ թիվ է կազմում դրոշմանիշը:

Տեղեկացնենք, որ առանց դրոշմանիշի հայկական ծխախոտ վաճառվում է նաեւ Դոնի Ռոստովում. տեղի խանութներում ևս ծխախոտի ստենդները փակ են, բայց երբ աշխատողներից պահանջում ես հայկական ծխախոտ, անմիջապես առաջարկում են մեծ տեսականի:

Մեր թղթակիցը նկարել է՝ ինչպես են հայկական մի քանի ընկերությունների արտադրած ծխախոտներն առանց ակցիզի վաճառվում ռուսական քաղաքներում: Խոսքը «Ար տոբակո», «Սիգարոն», «Մասիս տաբակ» ընկերությունների մասին է: Իհարկե, փորձեցինք ստանալ այս արտադրողների պարզաբանումը: «Ար Տոբակո» ընկերությունից մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին: «Սիգարոն» ընկերությունից մեր հարցին գրավոր պատասխանեցին՝ նշելով հետեւյալը. «Համաձայն օրենքի՝ առանց ակցիզային դրոշմանիշի արտադրվում և վաճառվում են միայն «դյութի ֆրի»-ներում: Մեր ապրանքատեսակները ներկայացված են ինչպես Հայաստանի օդային և ցամաքային սահմանակետերի «դյութի ֆրի»-ներում, այնպես էլ տարբեր երկրների ավելի քան 100 «դյութի ֆրի»-ներում: Որպես ասվածի ապացույց՝ կցում ենք համապատասխան նկարները: Ձեր նշած դեպքը միայն մեկ բացատրություն ունի. այդ սիգարետները գնվում են «դյութի ֆրի»-ից և անկանոն վերավաճառվում են Ռուսաստանի Դաշնությունում, որը մեր ընկերության վերահսկողությունից դուրս է, ավելին` հակասում է մեր կոմերցիոն շահերին, քանի որ մեր ապրանքատեսակները պաշտոնապես ներկայացված են Ռուսաստանի Դաշնությունում: Նույնիսկ վերազգային խոշոր ընկերությունները այդ գործընթացը չեն կարող կանխել կամ վերահսկել: Դա արդեն տվյալ երկրի վաճառքի օրենքի խախտում է և գտնվում է իրենց իրավասության շրջանակներում:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ մեկ անձը «դյութի ֆրի»-ից կարող է սահմանափակ քանակությամբ սիգարետ գնել և անցկացնել սահմանը, իսկ Ձեր նշած վաճառակետում ավելի մեծ քանակությամբ է հնարավոր ձեռք բերել, կարելի է ենթադրել, որ այդ գործընթացը կազմակերպվել է բազմաթիվ անգամներ և տարբեր մարդկանց միջոցով»: Չնայած «Սիգարոն»-ի պատասխանին՝ նկատենք, որ անհասկանալի է տրամաբանությունը. մարդիկ խմբերով գնան իքս քաղաքի օդանավակայան եւ տուփերով ծխախոտ գնեն ու վաճառե՞ն: Իհարկե, դիմեցինք նաև «Մասիս տաբակ» ընկերություն, սակայն հրաժարվեցին մեզ մեկնաբանություն տալ:

Ինչևէ, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հայկական ծխախոտը ՌԴ-ում վաճառվում է բավականին բարձր գնով՝ մեկ տուփը 130-150 ռուսական ռուբլի կամ 900-1000 դրամ, իսկ մեր հանրապետությունում այդ ծխախոտների մեկ տուփն արժե միջինը 800 դրամ:

Հասկանալի է, որ առանց ակցիզի սիգարետ արտադրողն ու վաճառողը գերշահույթ են ստանում, սակայն փաստ է նաև, որ առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտի հայտնությունը ՌԴ-ում ոչ այլ ինչ է, քան ցամաքային կամ օդային ճանապարհով այլ երկիր թափանցված մաքսանենգ ապրանք: Ինչպե՞ս է հայկական արտադրանքը հատել մաքսային սահմանը՝ չունենալով դրոշմանիշ. իհարկե, ոչ օրինական եղանակով:

Կհիշեք՝ առանց դրոշմանիշի ծխախոտը դրսում վաճառելու առիթով 2020 թվականի ապրիլի 25-ին մեծ աղմուկ բարձրացավ. ռուսական ԶԼՄ-ները ցուցադրեցին, թե ինչպես մի ամբողջ ինքնաթիռ ծխախոտ առգրավվեց: Մոսկվայի մաքսային ծառայության աշխատակիցները կանխել էին Հայաստանից առանց ակցիզային դրոշմանիշների ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման դեպքը նաև 2021 թվականի սեպտեմբերին:

Մաքսանենգ ճանապարհով ծխախոտի բիզնեսի մասին խոսել էր նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը` ասելով. «Ծխախոտի այդ խմբաքանակը Երևանում գնել է Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանը, այն մաքսանենգ ճանապարհով ՌԴ արտահանելու ու այնտեղ վաճառելու նպատակով: Իսկ Սիփան Փաշինյանին ՀՀ մաքսային մարմիններում այդ հարցում աջակցել է Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, այնտեղ իր «դրածո», ՀՀ ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Շուշաննա Ներսիսյանի միջոցով: Որպես միջնորդ հանդես է եկել Աննա Հակոբյանի եղբայրը՝ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը»:

Իհարկե, շղթայի նկարագրությունը տնտեսական հանցագործություն է, բայց, արի ու տես, մեղավորներ չհայտնաբերվեցին, մարդիկ պաշտոնաթող չեղան, ոչ էլ ստի համար հերքում պահանջվեց, կամ սուտ մատնության հոդված առաջադրվեց Մինասյանի նկատմամբ:

Սա նշանակում է, որ պետական թալանին աջակցում են, անգամ «մասնաբաժին» ունեն հեղափոխական իշխանությունները:
Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կասեր՝ սա դասական կոռուպցիա է, բա կոռուպցիան հո պոզով, պոչով, մեծ կենդանի չէ՞:

KFC

Արխիվ

Հունվարի 2023
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ