29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Վերադարձին ինձ այլեվս հոս չեք գտներ, ես չանփորդ Եմ…»

2d5fc8d673ad20f9a7c0ea329fe4fd88

Մի «այցելություն» անմահ Կոմիտասին

Կոմիտասի ձայնն է հնչում: Ամենուր վարդապետի անձնական իրերն են` սրինգները, արծաթյա գրչակալը, Կոմիտասի համերգային դաշնամուրը, գորգը, սափորն ու Թերլեմեզյանի կտավը, Բեռլինի համալսարանի և կոնսերվատորիայի վկայականները, գերմաներենով և թուրքերենով խմբերգերը, հայտնի ճաշացանկը, նամականիներն ու ձեռագրերը, այլ անձնական իրեր: Դուք գտնվում եք Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Երկհարկանի թանգարանի մշտական ցուցադրությունը բաղկացած է ութ թեմատիկ սրահներից, որոնք արտացոլում են Կոմիտասի կյանքի ուղին, նրա կոմպոզիտորական, երաժշտագիտական, բանահավաքչական և կատարողական գործունեությունը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հավաքածուն պարբերաբար համալրվում է նոր նմուշներով: Առաջին նվիրատվությունը եղել է թանգարանի բացման օրը  Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից: Վեհափառ հայրապետը  թանգարան-ինստիտուտին նվիրել է Կոմիտասի գրչակալը՝ թանաքամանով, որը վարդապետը ստացել է Բաքվում՝ 1908 թ., համերգից հետո։ Գրչակալի վրա փորագրված է. «Հայ ժողովրդական երգերին ոգի տուող խօսուն երաժշտագետ հայր Կոմիտաս վարդապետին` նրա գեղարուեստական տաղանդը յարգողներից: 1 ապրիլի, Բագու, 1908 թ.»:

Կոմիտասի անձնական գորգն ու հախճապակյա ջրի սափորը, որոնք նաև պատկերված են Փանոս Թերլեմեզյանի հայտնի կտավում, նույնպես այստեղ են: Սափորը խորհրդանշում է Կոմիտասի ծննդավայր Քյոթահիան, որի  պատրաստման այդ օրինակը իրենց հետ բերել են Կոմիտասի նախնիները` Նախիջևանի Գողթն գավառի Ցղնա գյուղից:  Թերլեմեզյանի վրձնած կտավում Կոմիտասը գորգի վրա նստած ընթեցանություն է անում, հիշյալ սափորն էլ կողքին դրված: Գեղանկարն արվել է 1913 թ., երբ երկու ընկեր Քյոթահիա գյուղում վարձած վրանում էին մնում: Կոմիտասի այցեքարտն է շատ հետաքրքիր` փոքրիկ լուսանկարով: Ֆոնդային մասում նույնպես կա այսպիսի մի այցեքարտ, որի վրա ձեռագիր հասցե է գրված: Կոմիտասը բավականին առաջադեմ է եղել իր հայացքներով, ժամանակակից, ինչի մասին է վկայում ոչ միայն այցեքարտը, այլ նաև կնիքները: Այստեղ կտեսնեք նրա թղթահատ դանակը, որի օգնությամբ բացել է նամակները, առանձնացրել գրքի էջերը։ Թանգարան-ինստիտուտում ցուցադրվող ամենաարժեքավոր ցուցանմուշներից է նաև երգահանի դաշնամուրը: «Վերջապես ես էլ մարդահաշիվ եմ, ես էլ հնարավորություն ունեմ աշխատելու և աշխատելու»: Ահա այսպես է Կոմիտասն արտահայտում իր հուզմունքն ու ուրախությունը, երբ այն 1907 թ. նվեր է ստանում Ալեքսանդր Մանթաշյանի կողմից:

1911 թ. Կոմիտասը համերգներով լինում է Կահիրե և Ալեքսանդրիա քաղաքներում: Ալեքսանդրիայում, համերգից հետո, ի պատիվ նրա հացկերույթ է կազմակերպվում: Ընթրիքի ճաշացանկն աչքի է ընկնում նրանով, որ մատուցվող ուտեստների ցանկի շարադրանքից` Կոմիտաս վարդապետի անունով աքրոստիկոս է ստացվում: Ճաշացուցակը նույնպես թանգարանում է: Ասում են` մաքրակենցաղ մարդ է եղել: Ասում էր. «Ես կարող եմ առանց հաց ու ջրի ապրել, բայց առանց մաքուր օդի չեմ կարող ապրել»: Կոմիտասը շատ է սիրել զբոսնել Էջմիածնի այգիներում։ Կյանքի վերջին տարիները տառապանքի մեջ Կոմիտասն անց է կացնում Փարիզի հոգեբուժարաններից մեկում: Այդ օրերից ոչ մի գրավոր տեղեկություն վարդապետը մեզ չի թողնում: Այդ շրջանում Փանոս Թերլեմեզյանին հաջողվում է զրուցել Կոմիտասի հետ, խնդրում է երգել, վարդապետը հրաժարվում է ասելով` «Ես այլևս երգում եմ ինքս ինձ համար, և այն էլ շատ կամաց»: 

Ստորև ներկայացնում ենք «Ժամանակակիցները Կոմիտասի մասին» գրքից մեկ հատված: Պատմում է Փանոս Թերլեմեզյանը. «1921 թվի մարտին, մի առավոտ ուզեցի Կոմիտասի հետ անցկացնել: Ծառայողի հետ միասին իր սենյակը մտա: Պառկած էր, վեր ցատկեց. ես էլ վզին ընկա և սկսեցի համբուրել իրեն: Նա երեսներս բռնեց և փաղաքշական ապտակներ տալով՝ ասաց. «Արի քեզ ծեծեմ, արի քեզ ծեծեմ»: Հետո «նստիր» ասաց, ու ինքն իր առողջ ու աշխույժ մարմնով ոտքի մնաց և սկսեցինք խոսիլ

 -Կոմիտա՛ս,- ասացի,- գիտեմ չափազանց վշտացել ես մարդկանցից, իրավունք ունես, ես էլ եմ վշտացած, սակայն չի կարելի հավիտենապես խռովել: Մենք բոլորս անհամբեր քեզ ենք սպասում: Սակայն նա բառերի ստուգաբանություն և փիլիսոփայություն էր անում: Հետզհետե ավելի լրջացավ: Նկարչության մասին հետևյալն ասաց. «Պետք չէ. հարկավոր է միայն լույս և բնություն»: Առաջարկեցի միասին Սևան գնալ

– Ի՞նչ անեմ այնտեղ, – ասաց: Էջմիածնի մասին էլ անտարբեր մնաց:

– Գնանք դուրս ման գանք,- ասացի:

– Այստեղ շատ լավ է,- ասաց:

…Խոսեցի իր աշակերտների մասին. ուրախացավ, որ եկել են Փարիզ սովորելու: Հարցրի` հա՞յ երաժշտությունն է լավ, թե եվրոպականը. «Եղբայր (բարկացած), դուն ուզում ես ծիրանից դեղձի հա՞մ առնել, նա իր տեղն ունի, մյուսը` իր»: Հարցրի. «Կերգե՞ս»: «Այո»,- ասաց: «Դե, Կոմիտաս ջան, մի բան երգի ինձ համար»: «Չէ՜, հիմա ես իմ համար եմ երգում և այն էլ շատ կամաց»: Մի կես ժամ էլ դեսից-դենից խոսելուց հետո հանկարծ խռովեց. դուռը բաց արավ և գնաց երեսը կպցրեց պատուհանի ապակուն և էլ չխոսեց: Հագնվեցի, մնաս բարով ասացի և առանց պատասխան ստանալու դուրս եկա: 1928 թվին մի անգամ ևս այցելեցի Կոմիտասին: Հիվանդանոցի այգում պառկած մտածում էր: Մազերը բոլորովին սպիտակել էին: Մոտեցա, կես ժամ զանազան հարցեր տվի, սակայն իմ ոչ մի հարցին չպատասխանեց: Այդպես էլ բաժանվեցի նրանից: Որոշ է, որ Կոմիտասը ամենեն ավելի ինքը կզգա իր էությունը բզկտող տառապանքը. «Զիս հանգիստ ձգեցեք», «Ես իմ անելիքներս ունիմ…»,- կըսե մեկու մը: Եվ երբ իր ներկայության ընդունված ուրիշ հայրենակից մը բաժանվելու ատեն փափագ կհայտնե կրկին այցելել, ան կհարե սրտառուչ կերպով. «Վերադարձին ինձ այլևս հոս չեք գտներ, ես ճանփորդ եմ…»:

Պատրաստեց Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ