20 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2021
KFC

Եռամյա սին «փուչիկներ» ու ոչինչ ավել. «Փաստ»

6eb0a851cabd861cb406542f631bd49b_M

Պատերազմից մեկ տարի անց էլ գործող իշխանություններն իրենց կապիտուլ յացիան արդարացնելու նպատակով այնպիսի թեզեր են շրջանառության մեջ դնում, թե Ադրբեջանը ահռելի տնտեսական ռեսուրսներ, մասնավորապես նավթադոլարներ է ներդրել իր ռազմական ոլորտի զարգացման ուղղությամբ։ Ըստ այդմ, նավթի ու գազի վաճառքից ստացված լրացուցիչ միջոցների հաշվին Բաքվին հաջողվել է մեծ քանակությամբ գերարդիական զենքեր ներմուծել արտերկրից, իսկ Հայաստանը ո՛չ նավթ ունի, ո՛չ էլ գազ, որ նման շքեղություն իրեն թույլ տար։

Սա արտաքուստ անվիճարկելի թեզ է: Սակայն իրականում այս թեզն ընդամենը պատասխանատվությունից խուսափելու հասարակ փորձ է, քանի որ մեր ունեցած ռեսուրսների խելամիտ կառավարման արդյունքում թեկուզ երեք տարվա ընթացքում հնարավոր էր տնտեսական շատ լուրջ հաջողությունների հասնել, իսկ ստացված տնտեսական միջոցների մի զգալի մասն էլ կարելի էր ուղղել ռազմական ոլորտի զարգացման ուղղությամբ։ Պարզ էր, որ Ադրբեջանը ոչ թե ձևի համար է գնում նորագույն ռազմական տեխնիկա, այլ կոնկրետ ռազմական խնդիրներ լուծելու նպատակ է հետապնդում։

Չէ՞ որ Ալիևը ադրբեջանական հասարակությանը պետք է ցույց տար, որ չի փոշիացրել պետական միջոցները և այն ծառայեցրել է կոնկրետ խնդիրների լուծմանը։ Եվ այս հանգամանքը քաջ գիտակցելով՝ Հայաստանի իշխանությունները պետք է հետևողական աշխատանքի միջոցով բանակին և հասարակությանը պատրաստեին մոտալուտ պատերազմին։ Սակայն իրական քայլերի փոխարեն փողոցից իշխանության վերին էշելոններում հայտնված մարդիկ ի սկզբանե թերագնահատեցին ռազմական էսկալացիայի ու պատերազմի հնարավոր վտանգը։

Փաշինյանն ու իր թիմակիցները գրեթե ամեն օր մարդկանց զբաղեցնում էին պոպուլիզմով, դատարկ սելֆիներով, ֆեյսբուքյան ուղիղ եթերներով, «թալանվածը հետ բերելու» և այլ կեղծ խոստումներով ու փոփոխությունների իմիտացիայով։ Հանրությանը պատերազմի վերահաս պայթյունին դիմագրավելու նպատակով նախապատրաստական լուրջ ձեռնարկումների փոխարեն Փաշինյանը մարդկանց հավաքում էր իր ցույցերին, հոխորտում ընդդիմության հասցեին ու «հպարտ քաղաքացիների» գլուխների տակ փափուկ բարձ դնում, թե իբր իրենց կատարած «հեղափոխության» արդյունքում պետությունն աննախադեպ առաջընթաց է արձանագրելու։

Իշխանությունները մի կողմից՝ հայտարարում էին ահռելի ներդրումների մասին, թե իբր ներդրողները հերթ են կանգնել, որ Հայաստանի տնտեսության մեջ կարողանան գումարներ ներարկել, իսկ մյուս կողմից էլ՝ այնպիսի քայլեր ձեռնարկում, որոնցով ուղղակի խաթարում էին (ու խաթարում են) Հայաստանի ներդրումային միջավայրը։ Իշխող ուժի կողմից առաջ քաշված օրենսդրական նախաձեռնությունները, մասնավորապես գուքահարկի ավելացման ու բանկային գաղտնիքի մասին, ուղղակի վանում են ներդրողներին։ Բացի դրանից, տեսնելով իշխանությունների կողմից որոշ տնտեսվարողների անհարկի հետապնդումները և քաղաքական նպատակներով պայմանավորված ճնշումները՝ դժվար թե արտերկրից որևէ գործարար հետաքրքրություն ցուցաբերեր Հայաստանի տնտեսության նկատմամբ։

Իսկ ընդհանրապես, Փաշինյանի օրոք տնտեսական առումով որևէ նախաձեռնողականություն չի նկատվել, տնտեսությունն ուղղակի զարգացել է միայն անցյալից եկող իներցիայով։ Այսպիսի պայմանների հետևանք էր նաև այն, որ երկրի վարչապետը ստիպված էր կրկին կատարել որոշ ձեռնարկությունների ու գործարանների բացումը, որոնք արդեն իսկ բացված էին։ Եթե ունենայինք տնտեսական լուրջ առաջընթաց, ու ներդրումները հոսեին դեպի Հայաստան, ապա դա կնշանակեր նաև հսկայածավալ ֆինանսական հոսքեր դեպի պետբյուջե, որի մի զգալի մասն էլ կարելի էր ծառայեցնել ռազմական նպատակներով։ Իշխանությունների կողմից անընդհատ տարփողվել է նաև այն թեման, թե իրենք կայացած ռազմարդյունաբերական համալիր են ստեղծելու, որի հիմնական ներուժը ուղղված է լինելու հայկական արտադրանքի արտահանմանը։

Բայց, ի վերջո, պարզվեց, որ իշխանությունների գովերգած ռազմարդյունաբերական համալիրն ընդամենը հերթական փուչիկն է։ Նախ՝ բավարար միջոցներ չուղղվեցին հայկական արտադրության զինատեսակներ ստեղծելու ուղղությամբ, քանի որ դրա համար առաջին հերթին պետք էր ոլորտում կայացած տարբեր գիտնականների ու մասնագետների համախմբում ու նրանց ներուժի օգտագործում։ Գոնե կարելի էր ստեղծել ռազմական ոլորտի պրոֆեսիոնալներից, այդ թվում՝ նաև սփյուռքի ներկայացուցիչներից կազմված մի խումբ, որը կարող էր խորհուրդներ տալ ու ծրագրեր առաջ քաշել, թե ինչ ռազմավարության միջոցով է հնարավոր բանակը համապատասխանեցնել ժամանակակից պատերազմի պահանջներին, կարճ ժամանակահատվածում անհրաժեշտ մոբիլիզացիա ապահովելու համար ինչ ձեռնարկումներ են անհրաժեշտ, որպեսզի պատերազմի ժամանակ անկազմակերպ իրավիճակ չունենայինք։

Սակայն իշխանություններն ինչպե՞ս կարող էին լսել ոլորտի գիտակներին, երբ բանակի սպաներին ու գեներալներին թիրախավորելով՝ նրանցից միայն թալանչիների կերպար էին ստեղծել։ Իսկ բանակում «ելակով» զինվորներին կերակրելու ու դրա շուրջ քարոզչական փիառ կազմակերպելու համար մասնագիտական հմտություններ անհրաժեշտ չէին։ Կարճ ասած՝ իշխանություններն այսքան ժամանակ Հայաստանի առաջ ծառացած սպառնալիքներին դիմագրավելու տեսանկյունից ոչինչ չեն ձեռնարկել, բայց դրա հետ մեկտեղ վայելել են իրենց պաշտոններն ու պարգևավճարները, որի արդյունքում է նաև, որ պարտվել ենք ու խայտառակվել ողջ աշխարհի առաջ։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ