20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Այն հարաբերությունը, որը ձևավորվել է Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, չի կարելի բարեկամական կոչել». Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը հոգեհանգստի կարգ է մատուցել Եռաբլուրում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, որ նույնպես Եռաբլուրում էր, լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց, որ իրենց համար անսպասելի չէր հայկական եկեղեցիները պղծելու, հուշարձանները քանդելու և վերացնելու Ադրբեջանի գործելաոճն ու քաղաքականությունը:

«Մենք Ադրբեջանի պետական քաղաքականությանն այդ առումով նոր չէ, որ պետք է ծանոթանանք: Նախիջևանի խաչքարերի ոչնչացումը դրա ցայտուն օրինակներից մեկն էր: Իհարկե, Մայր Աթոռը փորձում է միջազգային տարբեր կազմակերպությունների ներգրավելու միջոցով որոշակի անվտանգության երաշխիքներ ստանալ պատմամշակութային հուշարձանների պահպանության համար, բայց թե որքա՞ն արդյունավետ է, դա դժվար է գնահատել: Ամեն դեպքում պետք է փորձենք, բայց մեծապես վտանգված են մեր սրբավայրերը, մեր պատմամշակութային հուշարձանները՝ հաշվի առնելով Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքում դրված ընդհանուր մոտեցումները»,- ասաց Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

 

Անդրադառնալով թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության՝ Շուշիում կենտրոն կառուցելու ցանկությանը, Խաչատրյանն ասաց.

«Դա որոշակի ազգային հոգեբանական կոմպլեքսի հետևանք է, երբ որ փորձում ես ամեն կերպ հայկական պատմական տարածքները սեփական տարածք հռչակել, պետք է փորձել պատմամշակութային այն շերտը, որ հայկականություն է ենթադրում, ոչնչացնել և դարձնել, ներկայացնել դրանք թուրքական կամ իսլամական, որքան էլ որ պատմականորեն, գիտականորեն դրանք զավեշտական թվան: Կարծում եմ, որ դա այդ հոգեբանության և դրա վրա կառուցված քաղաքականության հետևանք է»:

Արցախյան վերջին պատերազմից հետո գործող իշխանությունը ամենաբարձր մակարդակով ձեռնամուխ է եղել այն թեզի տարածմանը, որ մենք պետք է վերանայենք մեր վերաբերմունքը թուրքերի նկատմամբ, նրանց չհամարենք թշնամի, բարեկամանանք նրանց հետ: Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները պայմանավորված են ստեղծված իրավիճակով:

«Ես զերծ կմնամ զգացական այնպիսի բառապաշար օգտագործել հարաբերությունների մեջ, ինչպիսիք են՝ «թշնամի» կամ «սիրելի»: Միջազգային հարաբերությունների մեջ կան օբյեկտիվ, առարկայական իրավիճակներ, այս իրավիճակի մեջ հասկանալի է, որ այն հարաբերությունը, որը ձևավորվել է Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, չի կարելի բարեկամական կոչել: Օբյեկտիվ իրավիճակի մեջ ենք, մի քանի ամիս է՝ պատերազմն ավարտվել է, այդ պատերազմի արդյունքում ունենք բազմաթիվ զոհեր, ունենք կորսված տարածքներ, էմոցիոնալ ֆոնը շատ բարձր է այսօր, և այդ ֆոնի վրա նման հայտարարություններ անելը, չեմ կարծում, որ օբյեկտիվ է և առարկայական»,- ասաց Խաչատրյանը:

Եպիսկոսպոսը նաև պարզաբանեց՝ երբ եկեղեցին ասում է՝ «սիրիր թշնամուդ», դա չի նշանակում, որ դու նրան պետք է հպատակվես:

«Երբ մենք խոսում ենք թշնամուն սիրելու անհրաժեշտության մասին, դա չի նշանակում, որ մենք խոսում ենք մեր արժեքների, մեր Աստծո նկատմամբ պաշտամունքն այդ թշնամու հակումներին, ամբիցիաներին ստորադասելու մասին: Ամենադասական օրինակը, որ մեր քրիստոնեական եկեղեցու հայրերից մեկը բերել է, ասում է՝ սատանան մեր թշնամին է, դա արդյոք նշանակո՞ւմ է, որ մենք սատանայի նկատմամբ սեր պետք է ունենանք: Մենք սիրո բովանդակությունը բացահայտելու խնդիր ունենք, սիրել թշնամուն՝ չի նշանակում՝ համակերպվել իր ըմբռնումներին, պահանջներին, սիրել թշնամուն՝ նշանակում է՝ նաև ջանք թափել թշնամու մոտ՝ քրիստոնեական զգացմունքները զորացնելու ուղությամբ: Սիրել՝ չի նշանակում՝ հպատակվել, չի նշանակում՝ ստրկանալ, մեր քրիստոնեական հնազանդությունը կամավոր է, պարտադրված հնազանդությունը դա հպատակություն է, որը խորթ է քրիստոնյայի հոգուն»,- ասաց նա:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ