26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Երդման արարողություն Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում

Հոկտեմբերի 9-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում կայացավ Երեւանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսերի ուսանողների երդման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էր նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ավանդույթի համաձայն` Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսերի ուսանողները մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում երդվում են հավատարիմ մնալ ուսուցչի մասնագիտությանը: Այս տարի շուրջ 1200 ուսանող կզինվորագրվի այն մեծ բանակին, որի առաջին ուսուցիչը եղել է Մեսրոպ Մաշտոցը, ում վեհ գաղափարներով մեր նախնիները հանուն լուսավոր ապագայի պայքարել են խավարամտության դեմ: Երդմնառության արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով, ապա ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Գերաշնորհ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի օրհնանքը: Առաջին կուրսեցիներին ողջունեցին ՀՊՄՀ ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, ՀՊՄՀ ռեժիսուրայի ամբիոնի վարիչ Արմեն Էլբակյանը, Մասնագիտական կրթության եւ կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ Աիդա Թոփուզյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առաջին կուրսեցիներին ուղղված իր շնորհավորական ելույթում նշեց, որ թեպետ հաճախ է ներկա գտնվել երդման արարողությունների, բայց ապագա ուսուցիչների, մանկավարժների երդումն առանձնահատուկ խորհուրդ ունի մեր ժողովրդի համար: Սեյրան Օհանյանը մասնավորապես կարեւորեց ուսուցիչների դերն ապագա զինվորի, հայրենիքի պաշտպանի, Հայաստանի Հանրապետության ապագա քաղաքացիների դաստիարակության գործում: Բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն էլ խորհրդանշական համարեց այն հանգամանքը, որ նմանօրինակ կարեւոր միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել են եկեղեցին եւ ազգային բանակը ներկայացնող պատվարժան հյուրերը:

Միջոցառմանը ներկա էին նաեւ համալսարանի երեք ուսանողներ, ովքեր ներկայումս հայոց բանակի ժամկետային զինծառայողներ են: Եվ տոնական օրվա առթիվ նախարարը նրանց եռօրյա արձակուրդ  շնորհեց:

Երդմնառության հանդիսավոր արարողությունն ամփոփվեց տոնական համերգով, որի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկավ նաեւ ՀՀ ՊՆ “Զորական” համույթը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ