24 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2020
KFC

Լատենտ Հայաստան. Վահե Հովհաննիսյան

ur.thumb

Բոլոր քաղաքական կենտրոնների հաշվարկներում ժողովրդի ռեակցիան է՝ հիմա, վաղը, այս կամ իրավիճակում, որևէ կարևոր խնդրի առիթով։ Բոլորի հաշվարկներում է դա՝ հների, գործողների, գալիքների, շանս ունեցողների և բացարձակ անհեռանկարայինների։
Իսկ ինչպե՞ս ենք հաշվարկում ժողովրդի ռեակցիան, ո՞րն է չափման օբյեկտիվ հիմքը, ինչի՞ հիման վրա։

Գուցե անցյալի փորձի վրա՞. սա աբսուրդ է. 2018-ը այս առումով դադարեցրեց «անցյալի փորձի» լիազորությունները։ «Անցյալի փորձը» որպես հանրային ինստիտուտ այլևս չկա։ Չհասկանալ սա, նշանակում է չհասկանալ Հայաստանն ընդհանրապես։

Գուցե սոցհարցումների միջոցով. սա նույնպես աբսուրդ է։ Բոլոր սոցհարցումներ պատվիրող կենտրոնները գիտեն, որ հարցվողների մինչև 40-50 տոկոս հրաժարվում են կարծիք հայտնել։ Իսկ մնացածի կիսաճիշտ պատասխանների վրա սոցոլիոգիա կառուցելը գրեթե անհնար է։

Ի՞նչ է ստացվում

Ունենք մութ հասարակություն, որի իրական ապրումների, իրական ցանկությունների, իրական բողոքի, իրական մոտիվացիաների մասին մենք գրեթե պատկերացումներ չունենք։ Կամ՝ գուցե ունենք լրիվ սխալ պատկերացումներ։
Մենք միշտ ունեցել ենք փակ հասարակություն, որի տեսանելի շերտը սովորաբար չի եղել խորքային իրականության ցուցափեղկը։

Մեծ է հավանականությունը, որ հասարակության մեջ ընթանում են լատենտ պրոցեսներ, որոնք այս պահին չեն գիտակցվում, բայց դրանք ընթացքի մեջ են, խմորվում են։ Դրանք հաշվարկելը անհնարինության չափ դժվար է։ Չի բացառվում, որ հենց այդ լատենտ պրոցեսներն են ունենալու վճռորոշ ազդեցություն մեր պետության վրա ոչ միայն երկարաժամկետ, այլև՝ կարճաժամկետ հեռանկարում։

Խորհուրդը մեկն է՝ փորձել հասկանալ հասարակության մեջ ընթացող լատենտ պրոցեսները։ Հակառակ դեպքում կարող են լինել լուրջ, համակարգային անակնկալներ։
Ձևավորվել է մի 1.5 սերունդ, որի էլեկտորալ կշիռը տարիքի բերմամբ մեծանում է. նա պիտի քվեարկի, և մենք տեղյակ չենք նրա նախասիրությունների, նրա պատկերացումների մասին՝ ոչ միայն ներքին կյանքի, այլև՝ պետականության, պահանջատիրության, Արցախի և այլնի շուրջ։

Ավելի ավագ սերունդների որակների մասին պատկերացումներն արդեն հին են. ես այսօր չգիտեմ՝ 2017-ի հայտնի համակարգի՝ մեկ օրում անմռունչ 5-6 հազար ՀՀԿ-ական դարձած որակը կա՞, թե արդեն նման բան հնարավոր չէ։

Ձայն ստանալու կամ բերելու ո՞ր մեխանիզմներ են աշխատունակ, իսկ որո՞նք են արդեն պատմություն։ Հեղափոխության լիդերի և ամենաբարձր վարկանիշ ունեցող գործչի՝ դիմակ կրելու կոչերը արհամարհվում են տոտալ և անվերապահ։ Մյուս կողմից՝ դժվար է հավատալ, որ շենքի, համատիրության, թաղապետարանների՝ ձայն բերող բրոկերների այլանդակ ինստիտուտը կարող է գործել։ Այդ դեպքում ի՞նչն է գործելու։

Չես ուզում հավատալ, որ այսուհետ որևէ ընտրության արդյունքում պառլամենտում կհայտնվի նախկինում մեծամասնական-ռեյտինգային ընտրակարգերի մշտական շահառու ռեգիոնալ ֆեոդալները՝ բոլոր մարզերից, և դահլիճի ու երկրի մթնոլորտը լցնեն իրենց նշանակալի ներկայությամբ։
Բայց, եթե դրա փոխարեն հասարակությունը նորից ԱԺ ուղարկի մեկ հոգու սպասարկման զանգված, որը հետհեղափոխական կարճ ժամանակում ինքնազրոյանում է հանուն մեկ հոգու, ապա երկիրը ոչ մի լավ տեղ չի հասնի։
Իսկ արդյո՞ք հասարակության լատենտ պրոցեսներում կա երկիրը ավելի լավ տեղ հասցնելու խնդիրը։ Կա՞ այդպիսի հավաքական խնդիր, թե՞ ամեն ինչ շատ ավելի անհատական է։ Ոչ ոք այս հարցի պատասխանը չունի և առանձնապես ջանքեր չեն թափվում դա հասկանալու ուղղությամբ։ Բայց առանց դրա մենք չենք կարող հաշվարկել ռիսկերը։

Մենք գիտենք, որ ժողովուրդը մինչև 2018 թվականի իշխանություններից վիրավորված է, մենք գիտենք, որ ժողովուրդը սկսել է վիրավորվել 2018-ից հետոյի իշխանություններից, բայց մենք չգիտենք, թե դա ընթացիկ կյանքում ինչի է հանգեցնելու։ Իսկ կարո՞ղ է նախկին իշխանության մերժման և ներկա իշխանությունից խոր հիասթափության արդյունքում ոչ թե նոր, ավելի լավ իշխանության գաղափարը ծնվի, այլ՝ ագրեսիան սեփական պետության հանդեպ։ Ինչո՞ւ ենք բացառում սա։

Մենք չգիտենք, թե երկու տարի հաղթանակի հետ կապված ամեն ինչը և ամենքին արժեզրկելու արշավը ի´նչ պրոցեսների է հանգեցրել հասարակության մեջ. իսկապես չգիտենք, այդ պատճառով էլ հենց վախենալու է։

Մենք չգիտենք փողոցներում ոստիկանության միջոցով ժողովրդին պատերազմ հայտարարելու իշխանության որոշումը ի՞նչ հետևանքներ է ունենալու. կա՞ մեկը, որ կարող է ճիշտ հաշվարկել։

Ես հեռու եմ այն մտքից, որ հասարակության մեջ ընթացող լատենտ պրոցեսները մի օրում միանգամից պայթելու են։ Հավանորեն դրանք հանրային տրամադրությունների տեսքով երևակվելու են պարբերաբար՝ տարբեր առիթներով։
Չեմ բացառում, որ այսօրվա լատենտ պրոցեսները առաջիկայում դրսևորվեն արտագաղթի զգալի ալիքով։ Դա կարող է լինել շոկային ծավալների։

Չեմ բացառում, որ հասարակությունը չկարողանա ոչ միայն ներկա, այլև՝ հաջորդ սերունդների համար պատմական ճիշտ որոշումներ կայացնել։

Չեմ բացառում, որ նաև լատենտ պրոցեսների արդյունքում ձևավորվի առողջ այն պոտենցիալը, որը բուռն զարգացման կտանի պետությունը՝ ստեղծելով՝ ավելի արդար, անվտանգ ու աշխատունակ պետություն։

Ինչի՞ց է կախված հեռանկարը

Հեռանկարի բանալին հանրային լատենտ պրոցեսների վրա ազդելու կարողության մեջ է։ Չի կարելի հասարակական տրամադրությունների ձևավորումը թողնել տոքսիկ խմբերի հույսին կամ ինքնահոսի։ Դա կլինի ազգային վիճակախաղ՝ ազգային ավանտյուրա։ Այդպես մենք մի օր կստանանք մեծ անակնկալ, որը արմատապես կարող է փոխել պետության պատմական ընթացքը։
Կա՞ հնարավորություն, կա՞ ռեսուրս՝ հանրային առողջ տրամադրություններ ձևավորելու համար՝ ներկա բոլոր սերունդների համագործակցությամբ։ Իհարկե կա։ Այդ համագործակցությունը կարևոր պայման է. նրանք, ովքեր ուզում են Հայաստանը տեսնել թոլացած, ամեն ինչ անելու են՝ սերունդների մեջ հոգեբանական խզվածություն մտցնելու համար, որպեսզի նոր սերունդները իրենց չզգան որպես պետական անընդհատության շղթայի օղակ։

Մեր պետության հեռանկարի բանալին այսօրվա հանրային տրամադրությունների վրա աշխատելն է։ Վաղվա Հայաստանի հեռանկարը այսօր ձևավորվող հանրային տրամադրություններով է պայմանավորվելու։ Հիմա ձևավորվում են հետհեղափոխական, հետէյֆորիկ, գուցեև՝ հետքովիդային Հայաստանի առաջին, բազային հանրային տրամադրությունները, և պետք է անել ամեն ինչ, որ դրանք չլինեն հետադիմական, պարտվողական, հուսահատական։

Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ