18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում. Աննա Նաղդալյան

Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների հետ. վերջիններիս հետ դեսպան Վահագն Աթաբեկյանի կողմից կապ է հաստատվել նաև այսօր առավոտյան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Դեսպանի հաղորդմամբ` խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են հարավային սահմանի ուղղությամբ, որը բավական հեռու է տեղակայված դեպքի վայրից։

Խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում, և նրանք շարունակում են իրականացնել իրենց բնականոն ծառայությունը»,- գրել է նա:

Նշենք, որ ՀՀ ԱԳՆ տվյալներով՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 հայ է զոհվել։ Հայտնի են նրանցից 4-ի անունները:

Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել էին Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, որ Բեյրութի նավահանգստի պայթյունի ժամանակ եղել է Ռում հիվանդանոցի իր աշխատավայրում:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել պայթյունի հետևանքով լիբանանահայ գործիչ Նազար Նաճարյանի զոհվելու մասին: «Լիբանանի «Ազդակ» օրաթերթը հայտնում է, որ պայթյունի հետևանքով զոհերի թվում կա ևս մեկ հայ՝ Ժաք Պարամաքեանը:

Հայազգի զոհերի թվում է նաև Դելիա Փափազյանը: Երկու երեխաների մայր Դելիա Փափազյանն ընտանիքով բնակվում էր նավահանգստին շատ մոտ թաղամասում:

Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից: Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են, հայտնում է Լիբանանում Կարմիր խաչի գրասենյակը:

Պայթյունի հարվածային ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մայրաքաղաքի որևէ հատված ավերածությունից զերծ չի մնացել, անգամ հարևան Հորդանանում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել:

Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:
Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:

«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:

Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:

«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ