28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Գրեթե բացակայում են «ազգ», «հայրենիք», «հայ» հասկացությունները․ Մայր Աթոռը՝ կրթության նոր չափորոշչի մասին

EE1D28FB-9DE4-4B4C-BA69-B06D0A9898E4

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը դիրքորոշում է հայտնել հունիսի 25-ից հանրային քննարկման դրված Հանրակրթության պետական չափորոշչի նախագծի վերաբերյալ, որն հուլիսի 10-ին ուղարկվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։

«Հաշվի առնելով Հայոց Եկեղեցու պատմական առանցքային դերակատարությունը հայոց դպրոցի հիմնադրության, զարգացման և կայացման գործում, ինչպես և անխուսափելի պատասխանատվությունը սերունդներին ազգային, հոգևոր-բարոյական առաքինությունների ոգով ուսուցանելու և դաստիարակելու առաքելության մեջ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես դրսևորում է նախաձեռնողականություն` առավելագույն նպաստ բերելու Հայաստանի կրթական համակարգի բարեփոխմանը: Այս առումով Եկեղեցին ողջունում է հայրենի իշխանությունների յուրաքանչյուր նախաձեռնություն` ուղղված հանրակրթության որակի բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը: Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, Եկեղեցի-Պետություն հարաբերությունները կանոնակարգելու և առկա հարցերը կարգավորելու նպատակով 2019 թ. հունվարի 29-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ: Վերջինիս շրջանակներում որոշվեց ձևավորել երկկողմանի` թեմատիկ հինգ ենթախմբեր, որոնցից մեկը Կրթական հարցերով աշխատանքային ենթախումբն է: Ցավով ենք արձանագրում, սակայն, որ առ այսօր, պետական պատկան մարմինների կողմից Կրթական հարցերին առնչվող ենթախմբի կազմը ձևավորված չլինելու պատճառով, հնարավոր չի եղել ունենալ հանդիպումներ և քննարկումներ: Օրեր առաջ կրթության պետական լիազոր մարմնի կողմից շրջանառության մեջ դրվեց Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը (այսուհետև` Նախագիծ), որի մշակման գործընթացին, հակառակ ձեռք բերված պայմանավորվածություններին, Եկեղեցին այդպես էլ չհրավիրվեց մասնակցելու: Այսուհանդերձ, հաշվի առնելով այլևս կայացած իրողությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախումբը (այսուհետև` Կրթական հարցերով ենթախումբ), նախագծի վերաբերյալ իր դիրքորոշման շրջանակներում արձանագրում է. Ա. Նախագծի ընդհանուր դրույթներ բաժնում արձանագրված է, որ վերջինիս նպատակն է սահմանել «հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտի ակնկալվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաներ), տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները՝ ըստ կրթության աստիճանների և սովորողների գնահատման համակարգի սկզբունքները» 

Ըստ էության, Նախագիծը կոչված է սահմանելու դպրոցի շրջանավարտների հոգևոր, մտավոր կարողությունների և վարքագծային դրսևորումների նշաձողը, որոնք դիտարկվում են որպես առաջնահերթություններ ու անհրաժեշտություններ ՀՀ քաղաքացու համար: Այսուհանդերձ, հետագա շարադրանքում շոշափելիորեն չի երևում, թե միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտների համար սահմանված որակական պահանջները որքանով են համարժեք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, մասնավորաբար` մեր հոգևոր և ֆիզիկական անվտանգության ապահովման, ազգային արժեքների և ինքնության անխաթար պահպանության ոլորտներում առկա հիմնախնդիրներին: Կարևորելով բնագիտական, տեխնոլոգիական, սոցիոլոգիական, տնտեսագիտական, տեխնիկական և այլ բնույթի գիտելիքներով զինված սերնդի պատրաստության ծրագիրը, այսուհանդերձ, Կրթական հարցերով ենթախումբն արձանագրում է, որ ՀՀ Հանրակրթության մասին օրենքով կրթության առանցքային և կարևորագույն նպատակներից է «անհատի և հասարակության անվտանգության և կայուն զարգացման ապահովումը և հայի ինքնության պահպանման երաշխավորումը», ինչը և դրված է Հանրակրթության բնագավառում ՀՀ պետական քաղաքականության հիմքում (հ. 4): Հատկանշական է նաև, որ Կրթության մասին օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է․ «Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը։ Այդ գործին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին»։ Բ. Մտահոգիչ է, որ Նախագիծը պարունակում է սահմանումներ, որոնք հնարավորություն են վերապահում հայագիտական առարկաների դասաժամերի նվազեցման համար, ինչը ժամանակի մեջ անխուսափելիորեն հանգեցնելու է ազգային ինքնության գիտակցության թուլացմանը։ Կրթական հարցերով ենթախմբի համոզումն է, որ հայագիտությունը պետք է ճանաչվի որպես հանրակրթության գերակա ուղղություն։ Տարօրինակ է, որ սահմանված վերջնարդյունքներում գրեթե բացակայում են «ազգ», «հայրենիք», «հայ» հասկացությունները, և դրանք ճանաչելու ու հարգելու վերաբերյալ պահանջները: Նախագծում լեզուն, այդ թվում՝ հայոց լեզուն, դիտարկված է ընդամենը «որպես ուսումնառության և հասարակական կյանքին մասնակցության համապիտանի գործիք», մինչդեռ հայոց լեզուն առաջին հերթին օժտված է ազգային ինքնության ճանաչողության ու բացահայտման գործառույթով:

Տարակուսելի է նաև «ինքնանդրադարձման և ինքնակազմակերպման միջոցով ինքնաճանաչման ձգտելու» ձևակերպումը, որն ըստ էության անտեսում է հոգևոր գիտելիքի և ապրումի միջոցով ինքնաճանաչման հասնելու քրիստոնեական համոզումը: Գ. Նախագծում ուղղակիորեն բացակայում է բարոյագիտության ուսուցման վերաբերյալ որևէ ակնարկ: «Էթիկա» բառը սահմանափակ նշանակությամբ ու գործածություններով կիրառվում է պարզապես ընդգծելու համար տարբեր ոլորտներում վարվելակարգերի գոյության և դրանց պահպանման անհրաժեշտությունը (օր․՝ «օնլայն հաղորդակցության էթիկայի պահպանում»): Ավելին` Հայոց Եկեղեցին, որ սկզբնավորման օրվանից քրիստոնեական վարդապետության հենքով ձևավորել է մեր ժողովրդի հոգևոր-բարոյական արժեքների համակարգը և դարձել անմիջական երաշխավորը նրա պահպանության ու զարգացման, Նախագծում հիշատակված է զուտ հարևանցիորեն՝ արձանագրված լինելով ընդամենը մեկ անգամ: Մինչդեռ այսպիսի մոտեցումը համահունչ չէ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն տրված սահմանադրական կարգավիճակին, որի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում» (ՀՀ Սահմանադրություն, հ․ 18)։ Կրթական հարցերով ենթախումբն արձանագրում է, որ կրթությունը միջոց է հոգևոր-բարոյական առաքինությունները յուրացնելու` այսպիսով ինքնակատարելագործման ու ինքնաճանաչման հասնելու համար: Գիտելիքն առանց բարոյականության ուղղակիորեն վերածվում է սպառնալիքի ինչպես անհատի, այնպես և հասարակության համար:

Համաշխարհային պատմության միայն վերջին հարյուրամյակի ընթացքին կարելի է գտնել այդպիսի բազմաթիվ փաստեր: Դ․ Բացարձակորեն անընկալելի է, որ քրիստոնեությունն աշխարհում առաջինը որպես պետական կրոն ընդունած պետության հանրակրթության պետական չափորոշիչ դառնալ հավակնող փաստաթղթում իսպառ բացակայում է «քրիստոնեություն» բառն անգամ, և երեխաներին մատուցվելու են գիտելիքներ «Հայաստանի կրոնի» մասին։ Տպավորություն է, որ նախագիծը վերաբերում է ոչ թե Ազգային Եկեղեցու առաքելությամբ քրիստոնեական երկհազարամյա պատմություն և ինքնություն կրող ազգի, այլ նորակազմ մի միավորման ․․․. Ե. Մեծապես անհանգստացնող է նաև ազգային նկարագիր և արժեհամակարգ ձևավորող «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի՝ որպես առանձին պարտադիր պետական բաղադրիչի, դուրս բերումը և հայրենագիտական այլ առարկաների մեջ տարրալուծելու մոտեցումը։ Նախագիծը չպետք է հակասեր ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքին, որի 8-րդ հոդվածի համաձայն՝ «Հայ Եկեղեցու պատմությունը» ինքնուրույն դասավանդվող պարտադիր առարկա է, և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի «…մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները» (ՀՀ Սահմանադրություն, 5-րդ հոդվածի 2-րդ մաս, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մաս): Փաստված իրողություն է, որ հանրակրթական դպրոցներում 15 տարի առաջ ներդրված այս առարկան արդեն ձևավորված ավանդույթներ ունի և առարկայացանկում իր մնայուն տեղը։

Զ․ Նախագծի հիմնավորումներում արձանագրվում է, որ վերջինիս մշակման ընթացքում ուսումնասիրվել են հանրակրթական չափորոշիչների վերաբերյալ «ԱՄՆ-ի ազգային, Կալիֆոռնիա, Մասաչուսեթս, Մինեսոտա և Նյու Ջերսի նահանգների, Սինգապուրի, Ֆինլանդիայի, Էստոնիայի և այլ երկրների փորձը»: Մեծապես գնահատելով նախագծի հեղինակների ուսումնասիրական նախանձախնդրությունը, հնարավոր չէ նաև չանդրադառնալ, որ հարկ էր ուսումնասիրել նաև այնպիսի երկրների փորձառությունը, որոնք էթնիկական, կրոնական, մշակութային և աշխարհաքաղաքական իրավիճակի բերումով առավել համադրելի են մեր երկրի հետ: Կրթական հարցերով ենթախմբի համոզումն է, որ անհնար է մշակել մեր երկրի հանրակրթական պետական չափորոշիչն առանց մեր ժողովրդի կյանքում կրթության կազմակերպման պատմական փորձի և ժառանգության խորքային ու համապարփակ ուսումնասիրության։ Է. Լրջագույն բացթողում է նաև, որ նախագծում որևէ անդրադարձ չկա Սփյուռքին և նրա ուսումնադաստիարակչական կարիքներին այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը, որպես համայն հայության հայրենիք, չի կարող նախաձեռնողական չլինել Սփյուռքում հայապահպանության կարևորագույն գործառույթի իրականացման գործում, ինչը ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պահանջ է․ «Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի հիման վրա նպաստում է այլ պետություններում հայոց լեզվի, հայկական պատմական և մշակութային կյանքի զարգացմանը»: Նկատի ունենալով նախագծում առկա հայեցակարգային էական բացթողումները՝ Կրթական հարցերով ենթախումբը հորդորում է զերծ մնալ շտապողականությունից և հապճեպ որոշումների կայացումից, հիմնովին վերատեսության ենթարկել Նախագիծը՝ վերջինիս մշակման աշխատանքների գործընթացում ներգրավելով մասնագիտական հանրույթի առավել լայն շրջանակներ և հաշվի առնելով ազգային, հասարակական հաստատությունների ու կառույցների, ինչպես նաև հասարակության տարբեր շերտերի դիտարկումներն ու դիրքորոշումները»,- ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախմբի տարածած հայտարարությունում։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ