16 Հուլիսի, Հինգշաբթի, 2020
KFC

Համավարակի դեմ անլուրջ պայքարի հետևանքները. տնտեսությունը գահավիժում է․ 168.am

67967ACF-2B9D-4C98-9BA0-F1B8727ACACD

168.amը գրում է․ «Համավարակի դեմ իշխանությունների անլուրջ պայքարի տնտեսական հետևանքները գնալով ավելի նկատելի են դառնում։ Վիճակագրական կոմիտեի հրապարակված օպերատիվ տվյալներով՝ ապրիլին տնտեսությունը պարզապես գահավիժել է։ Դադարել է տնտեսական ակտիվության աճը նաև տարեսկզբի առաջին 4 ամիսների կտրվածքով։

Հայաստանի տնտեսության վրա համավարակի առաջին արձագանքները նկատվեցին մարտին։ Տնտեսական ակտիվությունը նվազեց 4,9 տոկոսով։ Դադարեց արդյունաբերության աճը։ Փլվեց շինարարության ոլորտը։

Կրճատվեց նույնիսկ առևտրի և ծառայությունների շրջանառությունը, որը վերջին տարիներին դարձել էր Հայաստանի տնտեսության աճի ապահովման հիմնական և ամենակարևոր գործոններից մեկը։

Անմասն չմնաց նաև արտաքին առևտրաշրջանառությունը. նվազեց թե՛ արտահանումը, և թե՛ ներմուծումը։

Տնտեսության անկումը կանխելու նպատակով՝ չնայած համավարակի տարածմանը, կառավարությունը գնաց ռիսկի և աստիճանաբար բացեց տնտեսությունը։ Բացեց ու երկիրը դրեց ավելի ծանր փորձության առաջ։ Մի կողմից՝ շարունակվեց տնտեսության գահավիժումը, մյուս կողմից՝ լրջորեն սրվեցին առողջապահական խնդիրները։

Թե ինչ շահեց դրանից երկիրը՝ դեռ ժամանակ կլինի գնահատելու։ Մի բան միանշանակ է, որ համավարակի տարածումն էլ ավելի է մեծացրել տնտեսության ռիսկերը։

Ինչքան երկար ձգվի այս իրավիճակը, այնքան վնասներն ավելի մեծ են լինելու։ Զարմանալի չէ, որ մի շարք ոլորտներում կառավարությունը դեռ ստիպված է պահպանել սահմանափակումները, որովհետև համավարակի տարածման տեմպը թույլ չի տալիս մտածել դրանք վերաբացելու մասին։

Ամեն պահի հնարավոր են նոր բռնկումներ։ Չի բացառվում, որ առաջիկայում ականատես լինեք նաև առանձին ընկերությունների կամ տնտեսության ոլորտների գործունեության արգելափակման։ Իսկ դա չի բխում որևէ մեկի շահերից։ Տուժողը լինելու է՝ ինչպես պետությունը, այնպես էլ՝ հասարակությունը։

Բայց այլ ելք չկա։ Կառավարությունն իր չմտածված գործողություններով՝ բարդացրեց երկրի՝ ինչպես առողջապահական, այնպես էլ՝ տնտեսական իրավիճակը։ Արդեն սովորական է դարձել, որ օրական 300-400-ից ավելի վարակի նոր դեպքեր պիտի արձանագրվեն։ Ու դեռ խոսվում է նոր բռնկումների մասին։

Ծանր փորձության առաջ է կանգնած տնտեսությունը։ Համավարակի առաջին հարվածը կոտրեց տնտեսության մեջքը։ Բայց դա միայն սկիզբն էր։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած օպերատիվ տվյալները վկայում են, որ տնտեսական իրավիճակն ապրիլին շատ ավելի է ահագնացել, քան կար մարտին։ Կտրուկ խորացել է անկման տեմպը։

Տնտեսական ակտիվությունն ապրիլին նվազել է 17,2 տոկոսով։ Դժվար է նույնիսկ հիշել, թե նման բան վերջին անգամ Հայաստանում երբ է եղել կամ ընդհանրապես եղե՞լ է, թե՞ ոչ։

Բոլոր ոլորտներում անկում է գրանցվել, այն էլ՝ հսկայական տեմպերով։

Շինարարության ծավալը կրճատվել է կիսով չափ։ Առևտրի շրջանառությունը նախորդ տարվա ապրիլի համեմատ՝ նվազել է ավելի քան 33 տոկոսով։ Ծառայությունների անկումը 16 տոկոսի սահմաններում է։

Նվազումը համեմատաբար փոքր է արդյունաբերության  մեջ։  Ապրիլին արտադրության ծավալներն այստեղ կրճատվել են 8,6 տոկոսով։ Ճիշտ է, արդյունաբերության արտադրանքի բացվածքը հետո կհրապարակվի, բայց արդեն հիմա կարելի է միանշանակ ասել, որ դրանում մեծ դեր է խաղացել հանքարդյունաբերությունը։ Ընդերքի շահագործումը շարունակվել է նույնիսկ արտակարգ դրության պայմաններում։ Ու չնայած համաշխարհային շուկայում մետաղների գները կտրուկ ընկել են՝ Հայաստանը մեծ տեմպերով ավելացրել է ընդերքի արտահանման ծավալները։

Տխուր պատկեր է արտաքին առևտրաշրջանառության ոլորտում։ Արտահանումը նախորդ տարվա համեմատ՝ կրճատվել է ավելի քան 30 տոկոսով։ Ապրիլին Հայաստանից արտահանվել է 146 մլն դոլարի ապրանք։ Այն 16,5 տոկոսով քիչ է եղել նաև այս տարվա մարտի համեմատ։

Ներմուծումը նվազել է 27,4 տոկոսով։

Ապրիլին տեղի ունեցած դրսևորումներից հետո Հայաստանի տնտեսությունն այլևս անկումային է։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ տարեսկզբի 4 ամիսներին տնտեսական ակտիվության անկումը կազմել է 1,7 տոկոս։

Հիշեցնենք, որ հունվար-փետրվարին աճն անցնում էր 9 տոկոսից։ Ընդամենը 2 ամիս պետք եղավ, որպեսզի այն ամբողջությամբ հողին հավասարվի։

Հիմա արդեն տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում ցուցանիշները բացասական են։ Տարեսկզբի 4 ամիսներին 22 տոկոսով պակաս շինարարություն է իրականացվել։ Ներքին առևտուրը կրճատվել է 8,6 տոկոսով, արտաքինը՝ 10,4 տոկոսով։ Նվազել է արտահանում-ներմուծումը։ Մի դեպքում՝ այն կրճատվել է՝ 8,1, մյուս դեպքում՝ 11,5 տոկոսով։

Տնտեսության միակ ոլորտը, որը 4 ամիսների կտրվածքով դեռևս պահպանել է աճը՝ արդյունաբերությունն է, այն էլ՝ հանքարդյունաբերության հաշվին։

Ահա այսպիսին է Հայաստանի տնտեսության վիճակը։ Երկրորդ ամիսն անընդմեջ անկում է գրանցվում։ Սակայն, եթե մարտին անկման տեմպը դեռ ինչ-որ առումով տանելի էր, ապա ապրիլին խայտառակ պատկեր է արձանագրվել։

Թե ի՞նչ է սպասվում տնտեսությանն առաջիկայում, ցույց կտա ժամանակը։ Այս պահին գրեթե բոլոր հիմնական ոլորտներից սահմանափակումներն արդեն հանված են։ Բայց դեռ հարց է, թե ինչքան ժամանակ անհրաժեշտ կլինի նախկին տեմպերը վերականգնելու համար։

Մի բան հստակ է, որ անիմաստ է խոսել տնտեսական աճի մասին։ Ընթացիկ տարվա սպասումները գերազանցապես բացասական են։ Տնտեսության աճի վերաբերյալ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ամենաթարմ գնահատականը վերջին անգամ հրապարակել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, ըստ որի՝ Հայաստանում այս տարի կգրանցվի 3,5 տոկոս տնտեսական անկում։

Կանխատեսումները՝ կանխատեսում, բայց իրականությունն իսկապես մտահոգիչ է։ Տնտեսությունը մտել է անկման փուլ, որտեղ դեռ հայտնի չէ, թե ինչ է մեզ սպասվում»։

KFC

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ