25 Մայիսի, Երկուշաբթի, 2020
KFC

Սպառողներն ահազանգում են թանկացումների մասին, բայց պաշտոնապես գնաճ չկա․ 168.am

D2573A43-0A44-46CB-9869-69C695480803

168.am-ը գրում է․ «Սպառողներն ահազանգում են, որ վերջին շրջանում Հայաստանում բազմաթիվ ապրանքներ թանկացել են, երբեմն՝ նաև շատ կտրուկ։ Իրականում այդպես էլ կա։ Սակայն, ինչքան էլ կարող է տարօրինակ հնչել, պաշտոնապես մեր երկրում գնաճ չկա։ Ոչ մեծ չափով, բայց մարտին մի բան էլ գնանկում է արձանագրվել. 12-ամսյա հատվածում այն կազմել է 0,1 տոկոս։

Գնանկումն էլ ավելի մեծ է եղել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների դեպքում։ Այս խմբի ապրանքները, 1 տարի առաջվա համեմատ, էժանացել են 2,8 տոկոսով։

Էական գնաճ չկա նաև նախորդ ամսվա համեմատ։ Պաշտոնապես, մարտին փետրվարի նկատմամբ սպառողական ապրանքների շուկայում գնաճը կազմել է ընդամենը 0,5 տոկոս։ Այն շատ հեռու է նախատեսված թիրախային ցուցանիշի նույնիսկ ներքին սահմանից։ Բայց դա չի խանգարում, որպեսզի մարդիկ մեծապես զգան գնաճի ուղղակի հետևանքները։

Այդպես է, որովհետև թանկացումները, ինչպես սովորաբար լինում է, տեղի են ունենում հիմնականում լայն սպառման ապրանքների շուկաներում։ Փոխարենը՝ շատ երկրորդային ապրանքներ, որոնք տարին մեկ անգամ գուցե պետք գան կամ չգան, կարող են էժանանալ։ Եվ խնդրեմ, ցածր գնաճը պատրաստ է։

Բայց դա քիչ կապ ունի թանկացումների այն իրական ազդեցության հետ, որը կրում են սպառողները։ Սպառողների վրա թանկացումների ազդեցությունը սովորաբար շատ ավելի մեծ է, քան արձանագրվող գնաճն է։ Թանկանում են հիմնականում մեծ պահանջարկ ունեցող ապրանքները և հատկապես սնունդը։ Ու ոչ մի նշանակություն չունի, որ գնաճը կարող է ցածր լինել կամ ընդհանրապես չլինել։ Դրանով չէ, որ չափվում է թանկացումների անմիջական ազդեցությունը սպառողների գրպանի վրա։

Այս խնդիրը Հայաստանում միշտ էլ եղել է։ Առկա է նաև հիմա։ Սակայն, եթե ժամանակին այսօրվա իշխանությունները, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը, բավական բուռն էին արձագանքում նման երևույթներին, ապա հիմա լռում են։ Կարևոր չէ, որ սպառողները նախկինի նման շարունակում են տուժել առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումից։

Պաշտոնական վիճակագրությամբ, նախորդ տարվա համեմատ՝ մարտին Հայաստանում գնանկում է արձանագրվել։ Բայց, ինչպես գիտեք, այս ընթացքում թանկացել են բազմաթիվ ապրանքներ, մասնավորապես՝ պարենամթերքը. թանկացել է մակարոնեղենը, հնդկաձավարը, ոսպը, բրինձը։ Թանկացել են մրգերն ու բանջարեղենը։ Ընդհանուր գնաճն այս շուկայում կազմել է 5,6 տոկոս։ Ինչ է թե՝ եղան խորհուրդներ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու համար օգտագործել կոճապղպեղ, գինը հաշված օրերի ընթացքում 2-3 հազար դրամից հասավ 18-19 հազարի։

Առանձին մրգերի գներն այս ընթացքում հասցրել են երկնիշ աճ արձանագրել ու շարունակում են բարձրանալ։

Մարտին թանկացել է շաքարավազը։ Գնաճ կա ալյուրի շուկայում։ Սկսել է թանկանալ նաև հացը։

Դժվար է ասել՝ թանկացրումների պատճառը ավելի շատ առաջարկի նվազո՞ւմն է, թե՞ պահանջարկի ավելացումը։ Գուցե և՛ մեկը, և՛ մյուսը։ Այդպես մտածելու համար, անշուշտ, պատճառներ կան։ Կորոնավիրուսը ստիպեց շատերին սննդամթերքի և այլ պարագաների պաշար կուտակել։ Դա բերեց որոշ ապրանքների պահանջարկի ավելացման և գների բարձրացման։

Բայց խնդիրը միայն պահանջարկը չէ։ Դժվարություններ են առաջացել ներկրումների հետ կապված։ Չնայած կառավարությունից հավաստիացնում են, որ պարենամթերքի պակաս Հայաստանում չկա, այնուհանդերձ, բեռնափոխադրումները բարդացել են։ Օրերով բեռները չեն կարողանում հատել սահմանը։

Կառավարությանը չի հաջողվում լուծել այս խնդիրը, որքան էլ դա կապված չէ եղանակային պայմանների հետ։ Ձգձգումների հետևանքով մարդիկ ֆինանսական կորուստներ են ունենում։ Եվ դա բերում է ապրանքների թանկացման, որոնց ազդեցությունը կրում են սպառողները։

Սպառողական ապրանքների, մասնավորապես՝ սննդամթերքի  գների բարձրացումը հարվածում է, առաջին հերթին՝ սոցիալական խոցելի խմբերին։ Այդպիսիք Հայաստանում շատ են և շարունակում են շատանալ։

Պաշտոնական տվյալներով՝ բնակչության գրեթե 24-25 տոկոսն աղքատ է։ Խոսքն ավելի քան 700 հազար մարդու մասին է։ Հիմա նրանք էլ ավելի են աղքատանում։ Ու ոչ միայն նրանք։ Կորոնավիրուսի հետևանքով տնտեսությունը կանգ է առել, մարդիկ կորցրել են իրենց եկամուտները։ Դա քիչ է, թանկացել են առաջին անհրաժեշտության բավական մեծ թվով ապրանքներ՝ մեծացնելով սոցիալական լարվածությունը։

Այս խնդիրն առաջիկայում ավելի կխորանա՝ կապված աշխատատեղերի կրճատման հետ։ Կառավարությունը փորձում է կապիտալ ծախսերի խթանման միջոցով մեղմել սոցիալական խնդիրները։ Բայց դա շատ քիչ է լինելու՝ իրավիճակից դուրս գալու համար։ Առավել ևս, որ դեռ հայտնի չէ, թե որքանով կհաջողվի իրականացնել նախատեսված կապիտալ ծախսերը։ Դրանք խրոնիկ թերակատարվում են։

Ոչ մի հույս չկա, որ նույնը տեղի չի ունենալու նաև այս տարի։ Տարեսկզբի 2 ամիսներին, երբ կորոնավիրուսը դեռ չէր հասել Հայաստան, արդեն նման միտումներ կային։ Կապիտալ ծախսերը հետ էին մնացել սահմանված ժամանակացույցից։

Դրանք խորացել են նաև կորոնավիրուսի պատճառով։ Ծախսերը հասցրել են առնվազն 2 ամսով հետ ընկնել։ Ժամանակի նման կորուստն այնքան էլ հեշտ չի լինի վերականգնել։ Հատկապես որ, կառավարության մոտ կապիտալ ծախսերի իրականացումն անընդհատ բարդությունների է բախվում։

Սոցիալական լարվածության խորացմանը մեծ հարված կարող է լինել նաև գազի թանկացումը, որը շղթայաբար տարածվում է գրեթե բոլոր ոլորտներում։ Ինչպես հայտնի է, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ստացել է «Գազպրոմ Արմենիայի» հայտը, որով առաջարկվում է ներքին սակագների բավական կտրուկ բարձրացում տնտեսական հատվածի համար։ Դա ենթադրում է գնաճային լուրջ ճնշում՝ բազմաթիվ ապրանքների ու ծառայությունների շուկաներում։

Էական չէ, որ այսօր միջին գնաճը Հայաստանում ցածր է, նույնիսկ ավելի ցածր, քան պետք է լիներ։ Հասարակության համար շատ ավելի կարևոր են առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների գները, որոնք ոչ միշտ են ենթարկվում ցածր գնաճի տրամաբանությանը»։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ