19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Չեմ կարծում՝ այս փուլում «Գազպրոմը» կարողանա զեղչեր ապահովել․ Սիմոնով․ 168.am

168.amը գրում է․ «Ռուսական կողմը փորձել է արձագանքել իր բոլոր գործընկերների առաջ քաշած խնդիրներին դրականորեն»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով նավթի գների անկման ֆոնին Ռուսաստանի վարած գազային քաղաքականությանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հեռախոսազրույց էր ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Ըստ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցները տեղեկատվություն էին փոխանակել Հայաստանում և Բելառուսում Covid-19 վիրուսի տարածման հետևանքով ստեղծված համաճարակային իրավիճակի և կառավարությունների կողմից այդ կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ:

«Կողմերը քննարկել են նաև ստեղծված իրավիճակում Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք ընդգծվել է պարբերական կոնսուլտացիաների և համատեղ գործողությունների անհրաժեշտությունը»,- ասված էր ՀՀ կառավարության հաղորդագրությունում։

Ուշագրավ է, որ բելառուսական կողմի տարածած հաղորդագրությունում շեշտը դրվել էր հեռախոսազրույցի ընթացքում քննարկված ռուսական գազի գների վրա և նշվել, որ Փաշինյանն ու Լուկաշենկոն արձանագրել են, որ ռուսական գազի գները չեն համապատասխանում համաշխարհային գներին և աշխարհում ներկայումս ստեղծված իրավիճակին։

Սիմոնովն ասաց, որ, թեև այս տարի ռուսական կողմը Բելառուսի հետ որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերեց, որ այս տարի կպահպանվեն նախորդ տարվա գները և չեն լինի զեղչեր, սա, իհարկե, լիովին չի բավարարում բելառուսական կողմին։ Բայց նրա խոսքով՝ որոշումը կայացվեց փոխադարձ համաձայնությամբ:

«Ակնկալվում էր, որ բելառուսական կողմը կշարունակի քաղաքական ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ գազի գները նվազեցնելու ուղղությամբ, հատկապես, երբ նավթի գներն են նվազում, դրանք կապվում են գազի գների հետ, ակնկալվում է, որ ռուսական գազի գները պետք է փոխվեն ողջ աշխարհում, թեև ես այն համոզմանն եմ, որ մեկը մյուսի հետ կապ չունի, և Ռուսաստանն իր գործընկերներին առաջարկում է շատ մատչելի գազ։ Հայաստան առաքվող գազի գնի վերաբերյալ ևս, թեև բանակցությունները վերջնական ավարտված չեն, անցյալ տարվա վերջին հայտարարվեց, որ այս տարի գազ կառաքվի նույն գնով, ինչ 2019 թվականին։ Սակայն հասկանալի է նաև, որ պայմանավորված Եվրոպայում գազի գներով, բոլոր երկրներն էլ մտածում են, թե ինչ զեղչեր են հնարավոր, ինչը նաև բնական է։ Կարծում եմ՝ և՛ Հայաստանը, և՛ Բելառուսն ունեն բանակցային հարթակներ Ռուսաստանի հետ և կարող են շարունակել բանակցությունները, կարծում եմ՝ դրանք տեղի կունենան։ Չեմ կարծում, որ այս փուլում «Գազպրոմը» կարողանա զեղչեր ապահովել՝ աշխատելով այսօր աշխարհում ընթացող բարդ իրողությունների պայմաններում»,- ասաց Սիմոնովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Բելառուսի պարագայում պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ԵԱՏՄ շրջանակներում այսօր քննարկվում են ապագային միտված ծրագրեր, որոնք էականորեն էժան գազի գներ են սահմանելու և լուծելու այս խնդիրը։

«Սակայն հասկանում ենք, որ դրանք հեշտ և կարճատև քննարկումներ չեն, ուստի բոլոր գործընկերները պետք է նպաստեն, որ դրանք լինեն արդյունավետ, և գտնվեն երկարատև լուծումներ։ Իսկ մինչ այդ բանակցային եղանակով կարելի է ձեռք բերել պայմանավորվածություններ՝ հաշվի առնելով նաև Ռուսաստանի վիճակը»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ