26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ գնով են Հայաստանում սպանություն պատվիրում. ԱԱԾ–ի ցնցող բացահայտումը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ բացահայտվել են պատվիրված սպանություններ նախապատրաստելու դեպքեր։

«ԱԱԾ–ն ստացել է փաստական տվյալներ ՀՀ քաղաքացիների պատվիրած սպանություններ նախապատրաստելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և մի խումբ անձանց կողմից պահելու, կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ սահմանը պարբերաբար հատելու վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ Երևանի բնակիչներից մեկը պատվերով՝ 190.000 ԱՄՆ դոլարի վարձատրության դիմաց, ստանձնել է կազմակերպել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացու սպանությունը և նախնական համաձայնության է եկել ծանոթի հետ։ Նա խոստացել է վարձատրության կեսը հատկացնել հանցանքի կատարումից հետո և սպանություն իրականացնելու համար տրամադրել է 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար նախատեսված ատրճանակ և փամփուշտներ, ինչպես նաև 1000 ԱՄՆ դոլար` ընթացիկ ծախսերի համար։

Գումարը վերցնողը վերահսկել է ապագա զոհի տեղաշարժը, և 2014 թ. հունիսին Երևանի Գյուլբենկյան փողոցում կրակոցներ է արձակել զբոսանքի դուրս եկած թիրախավորված անձի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ։ Չբավարարվելով արդյունքով՝ կազմակերպիչը ստացված պատվերն ավարտին հասցնելու նպատակով ցուցում է տվել շարունակել վերահսկել տուժողի տեղաշարժը և առաջին իսկ հնարավորության դեպքում իրականացնել վերջինիս սպանությունը։

Բացի դրանից, նպատակ ունենալով ապօրինաբար կյանքից զրկել նաև 5 ՀՀ քաղաքացու, պատվիրատուն հանձնարարել է վերահսկել նաև այդ անձանց տեղաշարժը` այդ գործընթացին ներգրավելով նաև իր մյուս ծանոթին։ Հիշյալ անձանց տեղաշարժը վերահսկելու, սպանությունը նախապատրաստելու և իրականացնելու նպատակով կազմակերպիչը կատարողի համար Երևանում վարձակալել է բնակարան, տրամադրել է տրանսպորտային միջոց, քողարկման և անճանաչելի դառնալու համար նախատեսված շպարման պիտույքներ։ Պատվիրատուն նաև ապօրինի կերպով ձեռք է բերել և տվել «ՏՏ» տեսակի ատրճանակ, խլացուցիչով ու նշանոցով ինքնաշեն ատրճանակ-ինքնաձիգ, փամփուշտներ, որոնք մինչև 2020 թ. փետրվարի վերջը նախնական համաձայնությամբ ապօրինի պահել են վարձակալած բնակարանում։

Սպանությունների նախապատրաստման փուլում կազմակերպիչն իր լուսանկարով, սակայն այլ անձի տվյալներով ՌԴ քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագրի օգտագործմամբ երկու անգամ հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը։ Թիրախավորված անձանց դիակները նախապատրաստվող սպանությունից հետո հուղարկավորելու և հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով կազմակերպիչը կատարողի հետ քննարկել և ընտրել է համապատասխան վայրեր։

Վարձու մարդասպանը հանցավոր նպատակին չի հասել իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ նրա գործողությունները խափանվել են ՀՀ ԱԱԾ գործողությունների արդյունքում։

Հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, սպանություններ նախապատրաստող 2 անձինք վնասազերծվել և ձերբակալվել են։ Կատարվել են քննչական գործողություններ, այդ թվում՝ խուզարկություններ, անհերքելի ապացույցների համակցությամբ նրանց մեղադրանքներ են առաջադրվել, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։

Կատարվում է նախաքննություն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ