07 Ապրիլի, Երեքշաբթի, 2020
KFC

ՀՀ իշխանության նկատմամբ թշնամական քարոզչություն վարող նախագահի որևէ թեկնածու Արցախում չկա, փոխարենը «դաբրոյով» ընտրապայքարի մեջ մտածներ կան. Վիտալի Բալասանյան. tert.am

Vitali

Կարող եմ ասել, որ Հայաստանի իշխանության նկատմամբ թշնամական քարոզչություն վարող նախագահի որևէ թեկնածու չկա Արցախում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը: Նա ընդգծեց, որ փոխարենը կան թեկնածուներ ովքեր «դաբրոյով» են մտել ընտրապայքարի մեջ:
-Պարո՛ն Բալասանյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որևէ թեկնածուի օգտին, որը Հայաստանի ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն և այդպիսով կրկին հրահրում է ներազգային թշնամություն: Ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարությանը: Դուք միշտ կոշտ քննադատել եք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը:

-Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում կոնկրետ հասցեատերեր չի նշել, ուստի չեմ կարծում, որ անհրաժեշտ է պատասխանել: Կարող եմ ասել, որ Հայաստանի իշխանության նկատմամբ թշնամական քարոզչություն վարող նախագահի որևէ թեկնածու չկա Արցախում։ Այլ հարց է, որ կան թեկնածուներ, որոնք «դաբրոյով» են մտել ընտրապայքարի մեջ, կամ հույս ունեն այդ «դաբրոն» ստանալ։

Ինչ վերաբերում է բուն ընտրություններին, ապա արցախցին ինքնուրույն ընտրություն պետք է կատարի։ Եթե ուժի մեջ են վարչապետի հնչեցրած կոնսենսուսները, ապա գերակայողը ազատ կամարտահայտումը պետք է լինի՝ առանց որևէ միջամտության։

– Վերլուծական շրջանակներում հնչում են մտահոգություններ այն մասին, որ Արցախի Հանրապետությունում ընտրությունները բավականին լարված են անցնելու, նախագահի 14 թեկնածու է գրանցվել: Այս առնչությամբ ի՞նչ տեսակետ ունեք: Ձեր կարծիքով ՀՀ իշխանությունները կարո՞ղ են ուղիղ ազդեցություն ունենալ գործընթացի վրա:

-Այս ընտրություններն աննախադեպ են մի քանի առումով: Գրանցվել է 14 թեկնածու, ինչը փոքրիկ Արցախի համար բավականին մեծ թիվ է: Նախագահական ընտրությունները զուգահեռվելու են խորհրդարանական ընտրությունների հետ, ինչը ևս աննախադեպ է:

Այս ընտրություններն աչքի են ընկնում նաև իրենց ակնհայտ կոմերցիոն բաղադրիչով: Անթույլատրելի է, բառիս բուն և փոխաբերական իմաստով, առևտրի մեջ մտել ընտրողի կամ որևիցե այլ քաղաքական ուժի հետ: Փորձ է արվում նաև ատելության մթնոլորտ սերմանել և հանրությանը պառակտել, ինչը ևս անթույլատրելի է, և ես ամեն ինչ անելու եմ, որ այդ արհեստածին բաժանումը չպառակտի Արցախը: Մենք թեժ փուլում ենք: Ներքին թշնամանքի մթնոլորտը կարող է սպառնալ մեր անվտանգությանը: Արտաքին մարտահրավերները լուրջ ու իրական են, ռազմաճակատի գիծը գտնվում է ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա ու այդ իսկ պատճառով Արցախին ինքնուրույն և բացառապես արցախցիների քվեով առաջնային մանդատ ստացած նախագահ է պետք:

Օգտվելով առիթից՝ բոլոր թեկնածուներին ու կուսակցություններին կոչ եմ անում վարել կոռեկտ պայքար: Մենք կարող ենք բանավեճել շատ հարցերում ու դա նորմալ է, բայց մեր վեճը չպետք է Արցախի անվտանգության նվազման գին արժենա: Մենք շատ թանկ ենք վճարել հաղթանակի ու ինքնիշխան լինելու համար: Հետևաբար՝ չարժե փորձել հաղթանակը վաճառել և վաճառվել որպես քաղաքական գործիչ ու մարդ: Անկախության միջազգային ճանաչման ձգտող Արցախին ինքնուրույն ղեկավար է պետք, այլ ոչ թե դրածո և հազար ու մի ազդեցությունների տակ գտնվող մարդ, նաև՝ ռազմական գործից հասկացող մարդ։ Մենք չենք կարող Արցախում ունենալ բանակից հեռու ու պատերազմից անտեղյակ իշխանություն: Տնտեսվարների կամ գեղեցիկ խոսքեր հնչեցնող քաղաքական գործիչների ղեկավար դառնալու ժամանակը դեռ կգա, բայց հիմա մենք այլ վիճակում ենք։

Հայաստանի ու Արցախի հարաբերությունները արդյունավետ և մեր երկրի անվտանգությանը նպաստող կլինեն ոչ թե Արցախում կամակատար, այլ ինքնուրույն ղեկավար ունենալու պարագայում։
-Չնայած ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը չկարողացավ մասնակցել ընտրություններին, բայց որոշում կայացրեց Մասիս Մայիլյանին սատարելու վերաբերյալ, այս մասին ի՞նչ տեսակետ ունեք:

-Դա իրենց իրավունքն ու ընտրությունն է: Մեկնաբանության կարիք չկա։

– Ինչպե՞ս կգնահատեք Արցախյան հարցում ներկայիս բանակցային գործընթացը, Դուք արձագանքել էիք Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մյունխեն քաղաքում Անվտանգության հանձնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած քննարկմանը, ասել էիք՝ Ադրբեջանի նախագահը կրկին հնչեցրել է ԼՂ հակամարտության լուծման փուլային տարբերակը, այսինքն՝ այն տարբերակը, որն անընդունելի է Արցախի Հանրապետության համար: Ձեր կարծիքով՝ հայկական կողմի համար ոչ ցանկալի լուծումներից ինչպե՞ս կարելի է խուսափել:

-Պաշտոնական Երևանի դիրքորոշումն այս պահին հստակեցման կարիք ունի: Հստակության բացակայությունը լկտիացնում է Ալիևին: Բանակցությունները արդյունքներով պետք է գնահատել։ 1996-ին Լիսաբոնում վատ արդյունք ստացանք, քանի որ բոլորը Արցախը տեսնում էին Ադրբեջանի կազմում։ 1998-ի իշխանափոխությունից հետո մեր բոլորի համառ ջանքերի շնորհիվ դիվանագիտության այդ խայտառակ էջը փակվեց, իսկ 2007-ին առաջին անգամ միջազգային հանրությունն ընդունեց տարբերակ, որ Արցախը կարող է ինքնորոշվել: Մադրիդյան սկզբունքները ամրագրեցին ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Իհարկե, այստեղ էլ կան շատ վիճելի ու անընդունելի կետեր, և մենք մեր ուզածին դեռ չենք հասել, բայց կարևորը, որ լիսաբոնյան էջը փակվել է։ Մադրիդյան սկզբունքները մեր երազանքը չեն, բայց դա հնարավորություն է, որ հետո կարողանաս քո ուզած առավելագույնին հասնել: Մյունխենում տեղի ունեցածին շատերն են հետևել: Ալիևը մեր կողմից վաղուց մերժված փուլայինին կողմ արտահայտվեց, բայց Փաշինյանից հակադարձում չստացավ։ Լռությունը համաձայնությա՞ն նշան է։ Չգիտեմ։ Եթե փուլայինն է քննարկվում, ուրեմն մենք վերադարձել ենք 1997-ի տխրահռչակ տարբերակին: Իսկ դա վատ է։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ