26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«2018-ից շատ մարդիկ դիմում են գրել, դարձել ՀՀԿ-ական». Կարինե Աճեմյան

ՀՀԿ-ականները վերջին շաբաթներին ակտիվ մարզային այցելություններ են կատարում՝ Կոտայք, Արարատ, Արմավիր եւ այլ մարզեր։ Ձեւավորվել է փոքրիկ խումբ, որտեղ ներգրավված են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը, երիտասարդական կառույցի նախագահ Հայկ Մամիրջանյանը, Վահրամ Բաղդասարյանը, կազմակերպական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը, այլ ՀՀԿ-ականներ եւս տարբեր այցերի ներկա են լինում։ Թե ինչ նպատակ ունեն այցելությունները, զրուցեցինք Կարինե Աճեմյանի հետ։

– Ի՞նչ նպատակով եք այցելում մարզեր, արդյոք դա կապվա՞ծ է առաջիկա հանրաքվեի հետ։

– Ոչ մի կապ չունի հանրաքվեի հետ, որովհետեւ վաղուց ենք մարզեր այցելում, դրանք մեր կուսակցական աշխատանքների հետ են կապված։ Մենք տարբեր մարզերում ունենք գրասենյակներ, աշխատողներ, կուսակցականներ։ Այսինքն՝ որեւէ դեպքում այս  ռեսուրսը չի կարելի փոշիացնել, որովհետեւ ապրիլի 2-ին լրանում է ՀՀԿ-ի կազմավորման 30 տարին, եւ նորանկախ Հայաստանում շատ քիչ քաղաքական կառույցներ կան, որոնք ոչ միայն ստեղծվել են, այլեւ հետագայում կայացել են։ Վերջին տարիներին, հատկապես խորհրդարանական կառավարման գնալուց առաջ, անընդհատ խոսում էին կուսակցությունների կայացման մասին, իրականում դրանով զբաղվել են շատ քիչ քաղաքական գործիչներ։ ՀՀ-ում ՀՀԿ-ն ամենակայացած քաղաքական ուժն է։

 
 – Քանի՞ մարզ եք այցելել, ի՞նչ տպավորություն ունեք, ձեր շարքերը զգալիորեն նոսրացե՞լ են, ի՞նչ ազդակներ եք ստացել այցերի ժամանակ։

– Մոտ 5-6 մարզ եւ դեռ շարունակում ենք։ Բնականաբար, բոլորը չեն մնացել՝ կան հեռացածներ, կան մարդիկ, ովքեր վաղուց աշխատում են եւ շարունակում են այսօր էլ մնալ ՀՀԿ անդամ, կան նույնիսկ նոր ընդգրկվածներ։ 2018-ի ապրիլից հետո, այո, հավատացեք, որ կան շատ մարդիկ, որոնք դիմում են գրել եւ դարձել ՀՀԿ-ական։ Այցերի, հանդիպումների արդյունքում ազդակները միանգամայն դրական եմ գնահատում, որովհետեւ այդ հանդիպումները մշտապես դրական արդյունք են տալիս, իրենք իրենց հարցերից են խոսում, քննարկում ենք աշխատանքային հարցեր։

– Իսկ նախնական մինուս-պլյուսով՝ ավելի շատ հեռացե՞լ են ՀՀԿ-ից, թե՞ համալրել։

– Ես չեմ կարող, չեմ տիրապետում, որովհետեւ այդ գույքագրումն ենք նաեւ իրականացնում։ Կարծում եմ՝ այցերի արդյունքում մենք կունենանք որոշակի պատկեր, նախնական պատկերն այնքան էլ պեսիմիստական չէ։

– Իսկ կարո՞ղ ենք ասել, որ ստուգողական այցեր են, եւ այդ գույքագրման արդյունքներն էլ կդառնան ձեր ապագա պլանների հիմք՝ մնո՞ւմ եք քաղաքական դաշտում, թե՞ ՀՀԿ-ի էջն այլեւս փակված է, դուք անցյալում եք, վերադարձ չի լինելու, ինչպես կարծում են շատերը։

– Հետամնաց երկրներում են կայացած կառույցներն անցյալ դառնում։ Իսկ այն երկրներում, որտեղ իրականում ժողովրդավարություն է, այդպիսի բան տեղի ունենալ չի կարող։ Իրականում փողոցի մարդիկ այսօր դարձել են իշխանություն, որոնք որեւէ կառույց, կուռ համակարգ չեն ներկայացնում։ Այս պարագայում խոսել երկրի ինստիտուցիոնալ զարգացումների մասին, ավելորդ է։ Հակառակը, եթե մենք գնում ենք ժողովրդավարական եւ քաղաքակիրթ ճանապարհով, ապա քաղաքական կառույցները՝ կուսակցությունները, պետք է զբաղվեն քաղաքականությամբ եւ հետագայում իրենց տեղն ու դիրքն ունենան։

– Կուսակցություններ նաեւառաջ մարդիկ են ձեւավորում, այս դեպքում իմ հարցն ավելի շատ մարդկանց՝ ձեր նկատմամբ վերաբերմունքի մասին է։

– Այն մարդիկ, ովքեր մեր հեղինակության վրա ազդել են, արդեն գտնվում են իշխանության կողքին կամ էլ՝ չգիտեմ որտեղ, համենայնդեպս մեզ հետ չեն։ Նայեք իշխող ուժին եւ դուք կհասկանաք, որ բոլորովին էլ կուսակցություններում չէ խնդիրը, խնդիրը հասարակությունում է եւ շատ խորն ու բովանդակային առումով լուրջ ուսումնասիրության արժանի։

– Առջեւում սահմանադրական հանրաքվե է, որտե՞ղ է լինելու ՀՀԿ-ն, ակտիվ «ոչ»-ի ճակատո՞ւմ։

– Առաջին արձագանքողը մենք ենք եղել՝ որպես քաղաքական ուժ, դեռ ԱԺ-ում այդ որոշումն ընդունելուց անմիջապես հետո մենք ԳՄ նիստ ենք հրավիրել եւ հայտարարություն տարածել։ Մենք հետագա քայլերի մասին դեռ որոշում չունենք, բայց համոզված եմ, որ լուրջ քաղաքական ուժը մեղսակից չպիտի  լինի անօրինականություններին կամ սահմանադրական տապալումներին, երկրի կազմաքանդմանը։

– Մի քանի տարի առաջ դուք «Այո»-ի շտաբում էիք, հիմա նույնը կանե՞ք «Ոչ»-ի ճամբարում։

– Որեւէ համեմատության եզր նախկին եւ հիմա սպասվող հանրաքվեների միջեւ չի կարող լինել, մենք համակարգային փոփոխություններ էինք իրականացնում՝ կիսանախագահական համակարգից խորհրդարանականին էինք անցնում, 2 տարի շարունակ հասարակության ամենալայն զանգվածների հետ մենք իրականացրել ենք ե՛ւ քննարկումներ, ե՛ւ հանդիպումներ, մի օրվա որոշում չի եղել։

– Առաջիկա հանրաքվեի անհրաժեշտությունը իշխանականները հիմնավորում են, թե դա լինելու է նախկին ռեժիմի վերջին բաստիոնից ազատվելու միջոցառում։ Խոսքը ՍԴ 7 դատավորի մասին է։

– Կարծում եմ՝ իշխանությունները, նույնիսկ՝ պատգամավորներ, պաշտոնյաներ, տեղյակ չեն, թե ովքեր են ՍԴ դատավորները, ինչ կառույց է դա, ինչով են զբաղվել։ Եթե տեղյակ լինեին, կիմանային, որ նախկինից էլ նախկինի մարդիկ, դատավորներ կան այնտեղ, եւ որեւէ մեկը 24 տարվա ընթացքում կապրիզով, կամայականությամբ չի վտարվել կառույցից միայն այն բանի համար, որ չի ենթարկվել իշխանությանը։ Իսկ մենք հիշում ենք բազմաթիվ դեպքեր, երբ դատավորներն իրենց հատուկ կարծիքներն են հայտնել, եւ իշխանական վերնախավի կարծիքների հետ դրանք չեն համընկել։ Մի դատարանը, որը չեզոք է ու պրոֆեսիոնալ, ուզում են փոխարինել մի դատարանով, որը կլինի Նիկոլ Փաշինյանի կամակատարը։

Լուսինե Շահվեդյան

hraparak.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ