21 Փետրվարի, Ուրբաթ, 2020
KFC

Սերժ Սարգսյանի, Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի նկարները դպրոցի պատից հանել են իշխանություններին քծնելու համար. պատմաբան

Օրերս պատմաբան, ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր 9-րդ դասարանի Հայոց պատմություն առարկայի ավարտական քննության հարցաշարից մի հատված, որտեղ նշված է, որ 1998-2008 թվականներին ընտրակեղծիքներով անցկացված ընտրություններից հետո 2 ժամկետով պաշտոնավարել է  Ռոբերտ Քոչարյանը, հետո դարձյալ ընտրակեղծիքներով ընտրություններին հաղթել է Սերժ Սարգսյանը։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Գեղամ Պետրոսյանն ասաց, որ  Հայոց պատմություն» առարկայի հարցաշարի նյութը պատմական առումով հիմնազուրկ և բոբիկ նյութ է՝ առանց որևէ պատմական և փաստական հիմքերի։

«Պատմությունը պետք է փաստերով ուսումնասիրել. ընտրությունների արդյունքները, որոնք վավերացրել է այդ տարիներին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, արդյո՞ք վիճարկման արդյունքում փոխվել է։ Չկա որևէ  փաստ, որ այդ ընտրություններն անցել են այնպիսի ընտրակեղծիքներով, որոնք ազդել են դրանց վերջնական արդյունքի վրա։ Օրինակ՝ 2008 թվականի ընտրություններին մասնակցել է 6 միջազգային կառույց, 2013 թվականին՝ 12-ը, իսկ միջազգային տարբեր կազմակերպություններից դիտորդների թիվը հասել է ավելի քան 300-ի, այսինքն՝ և՛ տեղական դիտորդների, և՛ միջազգային կառույցների արձանագրած ընտրախախտումները չեն ազդել ընտրությունների վրա։ Իհա՛րկե, որևէ մեկը չի ասում, որ երբևէ որևէ ընտրություն անցել է առանց խախտումների, բայց խոսքը դրանց ծավալների և թողած ազդեցության մասին է։

Այստեղ կարևոր է շեշտել նաև այն, որ 2013 թվականին անցկացված ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գործում էր այն նույն կազմով, ինչ 2018 թվականի  ընտրությունների ժամանակ, հետևաբար, եթե 2013 թվականի ընտրությունները կեղծվել են, ապա հարց է առաջանում՝ ինչպես են այդ դեպքում անցել 2018 թվականի ընտրությունները։ Այս հարցաշարն ուսումնասիրելիս գալիս եմ այն եզրակացության, որ այնտեղ պատմական առումով հիմնազուրկ և բոբիկ շարադրանք է, այն էլ՝ սիրողական մակարդակի»,- ասաց  պատմաբանը՝ շեշտելով, որ, եթե պատմական առումով  հարցաշարում շարադրված իրողությունները պատմական 0 արժեք ունեն, ապա այդպես չէ քաղաքական առումով։

«Քաղաքական առումով  կարելի է ասել, որ այսօրվա իշխանություններին հարիր պատմություն է շարադրվել հարցաշարում։ Հետաքրքիր է՝ ի՞նչն է ստիպել «Հայոց  պատմություն» դասագրքի հեղինակներին, որոնք 2018-ի իրադարձություններից հետո չեն փոխվել, նման շարադրանք ներկայացնել։ Հետաքրքիր է՝ դասագրքերի հեղինակներին ի՞նչն է ստիպել, որ գրեն օրվա իշխանությունների քիմքին հաճո այս պատմությունը»,- ասաց Պետրոսյանը՝ ընդգծելով, որ, ի տարբերություն ՀՀ Երկրորդ և Երրորդ նախագահների վերաբերյալ պատմական շարադրանքի, բոլորովին այլ կերպ են շարադրված Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի  պաշտոնավարման տարիներն ու այդ ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները։

Գեղամ Պետրոսյանը խոսեց նաև օրերս Երևանի 195 դպրոցում արձանագրված դեպքի մասին, երբ դպրոցի պատից հեռացվել էին Արցախի հերոսների նկարները։

Պատմաբանի խոսքով՝ իրեն չի համոզում ոչ դպրոցի տնօրենի, ոչ տնտեսվարի այն պարզաբանումը, թե նկարները վնասված են եղել, դրանք հանվել են, որպեսզի վերականգնեն վնասված մասերը, հետո նոր փակցնեն պատին։

«Եթե  ասում են՝ նկարները վնասված են, ապա պատի վրա կային այլ վնասված նկարներ ևս, դրանք ինչո՞ւ չեն հանվել։ Ինձ համար այդ պատասխանը համոզիչ չէ։ Պատի վրայից  հանվել են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Մանվել Գրիգորյանի, Սամվել Բաբայանի նկարները, կրկնում եմ, տրված պարզաբանումն ինձ համար համոզիչ չէ։ Կարծում եմ՝ քծնում են իշխանություններին այս տարբերակով»,- ասաց  Պետրոսյանը՝ մեկնաբանելով, որ նկարները հանելու  պատճառը դպրոցների քաղաքականացված լինելն է։

Դիտարկմանը, որ այսօր դպրոցների քաղաքականացվածության մասին խոսում է այն ուժի ներկայացուցիչը, որն իր իշխանության օրոք ամենաշատն է քննադատվել դպրոցները քաղաքականացնելու համար, Գեղամ Պետրոսյանը հակադարձեց.

«Որ դպրոցի տնօրենը կուսակցական է դառնում,  դա վատ չէ։ Եթե նախկինում դպրոցների տնօրենները դառնում էին «Հանրապետական» կուսակցության անդամներ, ապա այսօր էլ դառնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ։ Կրկնում եմ՝  կուսակցական լինելը վատ բան չէ, կուսակցամոլությունն է վատ բան, ինչը չպետք է մտնի դպրոց։ Ինչ վերաբերում է մեր իշխանության ժամանակներին, ապա պետք է նշեմ, որ մինչև հիմա էլ կան Հանրապետական կուսակցության անդամ դպրոցի տնօրեններ, իսկ նրանց ղեկավարած դպրոցները շարունակում են մնալ լավագույնները»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

 Աղավնի Սուքիասյան
168.am
KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ