24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մի քանդեք պատնեշը, պարոնայք: Հեղեղը կքշի

 Խորհրդային Միության փլուզումից հետո նորանկախ Հայաստանի կրթական համակարգում տարիների ընթացքում զգացվեց  մատաղ սերնդին ազգային և համամարդկային վսեմ գաղափարներով դաստիարակելու անհրաժեշտություն: Այդ կարևորագույն խնդրին նպատակաուղղվեց դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը 2003 թվականից: Բացի այդ, առարկան  կոչված էր լուծելու երկրորդ կարևորագույն խնդիրը, որն այսօր, քան երբևէ, կրում է հրատապ բնույթ: Այն պատնեշեց աղանդների մուտքը հանրակրթական դպրոց և մեծապես նպաստեց հանրության ներսում օտար, դրսեկ հակաքրիստոնեական, կեղծքրիստոնեական, հակազգային գաղափարների հետագա տարածման կասեցմանը:

Հարկ է հատուկ շեշտել, որ մեր կարգի երկրները բավականին խոցելի են աղանդների համար, և դա հատկապես զգացվում էր առաջներում` նախքան դպրոցներում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը: Առհասարակ, կա երկու պայման աղանդների տարածման համար.

Տվյալ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը:  Ինչքան վատ է այն, որքան աղքատ ու թշվառ են քաղաքացիները, այնքան լավ աղանդների գործունեության համար: Սոցիալապես նեղության, դժվարությունների, երկարատև անհաջողությունների  մեջ գտնվող մարդը  հաճախ ի վիճակի չի լինում կատարելու իրական վերլուծություններ, գտնելու դրանց պատճառները` երկրի տնտեսության ոչ բարվոք վիճակը, գործազրկության բարձր տոկոսը, իշխանությունների անտարբերությունն իր խնդիրների, հոգսերի նկատմամբ, կամ էլ անզորությունը դրանք լուծելու:

Եվ մարդ սկսում է մեղադրել ինքն իրեն, մտածում է, թե ինչ-որ ժամանակ գործել է մեղքեր, որոնց համար հիմա ստանում է երկնային հատուցում, փորձության ենթարկվում Աստծո կողմից: Այդ ներշնչանքից դրդված` մարդ ընկնում է փնտրտունքների մեջ, փորձում գտնել Աստծուն, կապ հաստատել Նրա հետ, ըստ իրեն, ազատվել  ի վերուստ իր համար սահմանված ձախորդություններից: Ահա այստեղ է, որ մարդուն «օգնության»  են  շտապում ամենահաս աղանդավորականները` բախելով նրա բնակարանի դուռը, կամ փողոցում կանգնեցնելով ու «բարի լուր» ավետելով, կամ պարզապես զոռով բուռը խոթելով մոլար ուսմունքների բուկլետներ կամ էլ բանուկ մայթերին լարված  թակարդաստենդների մոտ որպես պատվո պահակներ կանգնած` հպարտ, ինքնագոհ  կեցվածքով, սառնաժպիտ դենքերով հանդարտ սպասելով «զոհին»:

 Քաղաքացիների` կրոնական տարրական գիտելիքներին չտիրապետելը: Հենց այս հանգամանքն էր  աղանդների տարածման հիմնական պատճառը հետխորհրդային երկրներում աստվածամերժողական  գաղափարախոսության վերացումից հետո: Նորմալ մարդը  մշտապես կարիք ունի հոգևոր սննդի: ԽՍՀՄ աստվածժխտողական համակարգը  իսկական հոգևոր-կրոնական սով էր առաջացրել իր սոցիալապես գերբարեկեցիկ քաղաքացիների մոտ: Այդ համակարգից դուրս հայտնվելով` մարդկանց մի հատված անգիտակցաբար իր հոգևոր ծարավը հագեցրեց դրսեկ աղանդավորների մատուցած գավաթների դառնահամ ու կործանարար պարունակությամբ:

Հայաստանում բազմազան աղանդների աշխույժ գործունեության փաստից  մտահոգ ու երկրում աղանդավորության հետագա տարածվածության պատնեշման նպատակով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ու երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ  Մարգարյանը ճիշտ որոշման հանգեցին` «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան 2003 թվականից ներառելով հանրակրթական դպրոցական համակարգում:

Եվ շուտով երևացին առաջին պտուղները. հայ մանուկներն սկսեցին հպարտանալ եդեմական Հայկական լեռնաշխարհով, մարդկության վերածննդի ապավեն բիբլիական Արարատ լեռով, անդրանիկ քրիստոնյա թագավոր Հայոց Աբգար արքայով, առաքելաքարոզ հայրենիքով, աշխարհում քրիստոնեությունն առաջինը պաշտոնական կրոն հռչակած Հայաստան երկրով, մերժեցին ու արհամարհեցին օտար, կեղծքրիստոնեական հերձվածողական գաղափարները, որոնք միտված են կտրելու հայ հոգևոր արմատներից, խարխլելու ազգային միասնությունը, թուլացնելու եկեղեցին ու պետությունը: Իսկ դրսից ուղղորդվող կրոնական այդ մարտահրավերներով հրապուրվածների` ապագայում դարձի չգացող սերունդներին  ի վերջո սպասում է ուծացում, ինչպես եղավ հայ պատմական աղանդավորների պարագայում:

Հիմա, հարգարժան պարոնայք,  եթե «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան անխոհեմաբար հանենք դպրոցական ծրագրերից, ապա կքանդենք այդ զորեղ պատնեշը, և հեղեղը բոլորիս կքշի, ետ կշպրտի 1990-ական թվականները, իսկ աղետի բերած տիղմը պարարտ հող կդառնա  աղանդավորության էլ ավելի եռանդուն գործունեությոն համար, ինչի արդյունքում հոգեվորսության զոհեր են դառնալու արդեն հայ կրոնական-եկեղեցական գիտելիքների չտիրապետող քաղաքացներ:

Եվ դա պատերազմական վիճակի մեջ գտնվող մի երկրում, որտեղ որոշ աղանդների կողմից երիտասարդության շրջանում քարոզչություն է ծավալվում (գուցեև մեր թշնամիների գաղտնի աջակցությամբ)` զենք չվերցնելու, որով խեղաթյուրվում է աստվածաշնչյան 6-րդ պատվիրանը: Մինչդեռ Հայ առաքելական եկեղեցին մեր պատմության օրհասական պահերին «ի զէն» է կոչել ժողովրդին` «վասն հայրենեաց պաշտպանութեան»:

Այլ հարց է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասագրքերի կազմությունը: Այո, դասագրքերը պետք է վերանայվեն, դուրս հանվեն «Հայ ժողովրդի պատմության» հետ կրկնությունները: «Հայոց եկեղեցու պատմության» նոր դասագրքերը պետք է ներառեն.

Հայոց եկեղեցու դավանաբանությունը, ձևավորման ընթացքը, դավանաբանական ու ծիսական առանձնահատկությունները, տարբերությունները մյուս եկեղեցիներից:

Համաշխարհային ու լայն տարածում ունեցող ազգային կրոնների տարրական իմացությունը, այդ թվում նաև` հայ վաղագույն հավատալիքները, հայկական  նախաքրիստոնեական դիցարանները: Քրիստոնեական բարոյագիտությունը` խարսխված հայ ազգային եկեղեցական հոգևոր արժեքների, համաքրիստոնեական, համամարդկային դաստիարակ­­չական, ուսանելի գաղափարների վրա:

Մտահոգություններով`  Աշոտ Մանուչարյան

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ