26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարության հերթական աղմկահարույց որոշումը․ լուծարվեց 4 գիշերօթիկ և մեկ մանկատուն

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 31-ի նիստում որոշեց լուծարել մի շարք գիշերօթիկ հաստատությունները: Խոսքը մասնավորապես, «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության», «Գյումրիի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատության», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատության», «Վանաձորի մանկատան» մասին է:

 Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ հարցի անվանման առաջին հատվածը «ֆեյք նյուզ»-ի տրամաբանությամբ է շարադրված. «Այսօր նորից մեծ աղմուկ կլինի, որ ՀՀ կառավարությունը փակում է մանկատները, գիշերօթիկ դպրոցները»,-ասաց նա:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նկատեց, որ այս որոշումը մշակվել է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքը ապահովելու համար, եւ սա չի նշանակում, որ ՀՀ կառավարությունը հրաժարվում է այս երեխաների հանդեպ իր պարտականությունից: Պարզապես փոխվում է աջակցման ձեւը:

Զարուհի Բաթոյանի խոսքով՝ սա արվում է խնամքի կարիք ունեցող երեխաների հետագա խնամքն ընտանեկանին մոտ պայմաններում կազմակերպելու նպատակով: Ըստ այդմ սահմանվում է, որ մինչև 2020 թվականի հունվարի 15-ը պետության կողմից ՀԿ-ներին՝ ծրագրեր պատվիրակելու միջոցով ստեղծվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին այլընտրանքային խնամք տրամադրող ծառայություններ:

Նախարարը նշեց, որ հոկտեմբերի 20-ի դրությամբ այդ հաստատություններում խնամք է ստացել 130 երեխա. «Այս տարի իրականացվել է հաստատություններում խնամվող երեխաների եւ նրանց ընտանիքների կարիքների խորը գնահատում, որի հիման վրա մշակվել է եւ շարունակում են մշակվել անհատական ծրագրեր: Բոլոր երեխաները շարունակում են ստանալ պետական աջակցություն: Հաշվի առնելով ծնողների պատրաստվածությունը, նրանց 30 տոկոսն արդեն ընդգրկվել է տնտեսական զարգացման ծրագրերում: Խոսքը 16 ընտանիքի մասին , նրանց համար նախատեսվում է իրականացնել մասնագիտական դասընթացներ, տրամադրել անհրաժեշտ գործիքներ տնտեսականմ գործունեություն ծավալելու համար»,-ասաց նախարարը:

Կազմակերպությունների լուծարումից հետո այդ միջոցները տրամադրվելու են մարզերում եւ Երեւանում պատվիրակման միջոցով ցերեկային աջակցման կենտրոնների ցանկի ընդլայնմանը, խնամատար ընտանիքների թվի ավելացմանը, երեխաների՝ կենսաբանական կամ խնամակալի ընտանիք վերադարձած երեխաների ընտանիքներին տրամադրվող նյութական աջակցությանը:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 1-ից, բացառությամբ Գյումրիի թիվ 2 գիշերօթիկի, որտեղ ուժի մեջ կմտնի հունվարի 25-ից, իսկ Վանաձորի մանկատան դեպքում՝ հունվարի 1-ից:

Նկատենք, որ գիշերօթիկների փակման լուրը մտահոգել է այդ հաստատություններ այցելող երեխաների ծնողներին, մասնագետներին, մասնավորապես, բազմազավակ ընտանիքներին, ովքեր հաստատություն ուղարկելով երեխային նաև նրա «հացի խնդիրն» են լուծում։ Միաժամանակ, սոցիալական աշխատողները հրաժարվում են դառնալ խնամատար ընտանիքներ։

Մասնագետները պնդում են, որ շատ դեպքերում երեխաների վերադարձը ընտանիքներ անհնար է, քանի որ ընտանիքները ոչ միայն սոցիալապես անապահով են, այլ նաեւ բարոյհոգեբանական մթնոլորտն այն չէ: Նաեւ այս հաստատությունների լուծարումը գործազուրկների  թիվը կավելացնի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ