20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այսօրվա իրավիճակի մեղավորը վարչապետն է, նրանից է պետք պահանջել, որ աղբը հավաքեն. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ նույնիսկ մեծ ցանկության դեպքում քաղաքապետ Հայկ Մարությանը չի կարող ամեն ինչ նորմալ անել, որովհետև նա մեծ տնտեսություն կառավարելու փորձ չունի։

«Նա լավ տղա է, անձնական որևէ խնդիր չկա, բայց նա փորձ չունի և քաղաքական մարդ չէ, քանի որ քաղաքականությունը կոմպրոմիսների արվեստ է։ Նա ըստ էության իր տեղում չէ։ Այստեղ Հայկի մեղքը շատ քիչ է, այստեղ Նիկոլի մեղքն է, քանի որ նա է Հայկին բերել ու դարձրել քաղաքապետ»,- Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի հետ զրույցում նշեց Է. Մարուքյանը։

Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո Երևանում տեղի է ունեցել տեղական հանրաքվե, որով պետք է մանդատ տրվեր հեղափոխական իշխանությանը, որպեսզի վերջինս ցրեր խորհրդարանը։

Նա նաև հիշեցրեց, որ, երբ իրենք մասնակցում էին ՏԻՄ ընտրության, վարչապետը հայտարարեց, որ այդ ամենն ընտրություն չէ, ուստի իրեն պետք է տան մանդատ խորհրդարանը ցրելու համար։

«Այդ պահից սկսած՝ ես ու Արամ Զավենի Սարգսյանն արդարացիորեն սկսեցինք բողոքել, որ՝ այ ախպեր ջան, եթե ՏԻՄ ընտրություն չէիր անում, ասեիր՝ մենք չմասնակցեինք, որովհետև մենք էլ էինք ուզում, որ խորհրդարանն օր առաջ ցրվեր։ Հետո մեզ դարձրեցին սևեր, իրենք եղան սպիտակներ, Հայկն այս միտքը դրեց շրջանառության մեջ, Նիկոլն էլ փոխանակ ասեր՝ սխալ է անում, ասաց՝ ճիշտ է ասում»,- շեշտեց նա։

Նա արձանագրեց, որ այսօր Երևանում կա մի իրավիճակ, երբ կառավարման են եկել մարդիկ, ովքեր տնտեսություն չեն կարող կառավարել, քաղաքը թաղվել է աղբի մեջ, և այս ամենի արդյունքում հեշտ է լինում ամեն օր ինչ-որ ՍՊԸ-ի հայհոյելը։ Այստեղ հարց է առաջանում՝ մեկ տարվա մեջ քաղաքապետարանը չի՞ կարողանում պայմանագիրը խզել «ՍանիՏեքի» հետ։

Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ Երևանում պետք է կազմակերպվի քաղաքապետի ընտրություն, քանի որ քաղաքապետ չի ընտրվել, և դասական ընտրություն չի եղել։
«Երևանում տեղի է ունեցել խայտառակ ընտրություն, այդ պատճառով էլ նոր ընտրություն պետք է տեղի ունենա, քանի որ քաղաքապետը չի կարողանում քաղաքը կառավարել, այն թիմին որ բերել է, նրանք էլ չեն կարողանում կառավարել, որի արդյունքում էլ քաղաքը հայտնվել է մեծ խնդիրների մեջ։ Այսօրվա իրավիճակի մեղավորը վարչապետն է, նրանից է պետք պահանջել, որ աղբը հավաքեն, կանաչապատում անեն»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։

Նա նաև ասաց, որ վարչապետին ասել է, որ նա ունի երեք խնդիր՝ վարած կադրային քաղաքականությունը շատ վատն է, խոստումները չի կատարում և գնում է բացառման սկզբունքով։

Նշենք, որ Է. Մարուքյանը սկսել է #bRightTalk հաղորդումների շարք, որտեղ անդրադառնալու  է երկրի քաղաքական կյանքին վերաբերող անցուդարձին, այս անգամ զրուցում էր Դավիթ Խաժակյանի հետ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ