22 Հուլիսի, Երկուշաբթի, 2019

430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու սկանդալային սպանությունը

N1tgRB1-H

1993 թվականի մայիսի 3-ին՝ վաղ առավոտյան, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց Երևանի կենտրոնում կատարված սպանության լուրով։ Սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ Ընդ որում՝ չարագործներն այնքան սանձարձակ էին գտնվել, որ սպանությունն իրականացրել էին բանուկ մասում՝ Մանկավարժական համալսարանի մոտ՝ վաղ առավոտյան, երբ բոլորը շտապում են դասի կամ աշխատանքի՝ կարծես ցանկանալով այդ սպանությամբ նաեւ ահ ու սարսափ սերմանել հասարակության մեջ։

Ով էր Համբարձում Ղանդիլյանը

Համբարձում Ղանդիլյանը մոտ 50 տարի աշխատել է երկաթգծի ոլորտում: Սկզբում՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում աշխատել է որպես երկաթգծի բաժանմունքի պետ ՝ շուրջ 25 տարի ղ, իսկ 1970 թվականից նշանակվել է Հայաստանի երկաթգծի վարչության պետ: Նրան օր առաջ սպանելու ցանկությունն այնքան մեծ է եղել, որ կատարողներին անգամ չէր կանգնեցրել ավտոմեքենան երրորդ անձի նստելու հանգամանքը։

Հետագայում պետք է պարզվեր, որ դաժանաբար կատարված այս պանության հետեւում կանգնած էր ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը, ով նշված պաշտոնն ստանձնել էր համաժողովրդական ալիքի վրա ՀՀՇ-ի իշխանության գալու արդյունքում։ Շարժառիթն այդպես էլ չպարզվեց, թեեւ ըստ շրջանառվող տեղեկությունների պատճառը՝ իշխանությունների մութ գործարքների մասին Ղանդիլյանի ունեցած տեղեկությունն էր, իսկ ինքը՝ Սիրադեղյանն սպանության պատվերը պատճառաբանել էր «ազգային շահով»։ Ասել է թե՝ իրենց նեղ անձնական շահը փաթաթվել էր ազգի վզին։

Ովքեր եւ ինչպես իրականացրեցին Ղանդիլյանի սպանությունը

Օրինական ուժի մեջ մտած դատավճռի համաձայն՝ ՀՀ երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի սպանությունն իրականացվել է Արմեն Տեր-Սահակյանի բանդայի անդամների կողմից, որի հանձնարարությունն ստացել էին իշխող քաղաքական ուժի՝ ՀՀՇ-ի գրասենյակում՝ թ. մարտի սկզբներին՝ Վանո Սիրադեղյանի կողմից։

Վանո Սիրադեղյանի առաջադրանքի մասին Արմեն Տեր-Սահակյանն անմիջապես հայտնել է Արշակ Շուխյանին՝ հանձնարարելով նրան հետևել Համբարձում Ղանդիլյանին և ճշտել սպանությունն իրագործելու համար անհրաժեշտ տեղեկությոնները: Ի կատարումն հանձնարարության՝ Արշակ Շուխյանը շուրջ մեկ ամիս հետևել է Համբարձում Ղանդիլյանին, ճշտել նրա աշխատանքի և բնակության վայրերը, օրակարգը, օգտագործվող ավտոմեքենաներն ու երթուղիները:

Ավելի ուշ սպանության նախապատրաստությանն ու իրագործմանը Արշակ Շուխյանից բացի Արմեն Տեր-Սահակյանը ներգրավել է բանդայի ևս 3-ի, որոնց հետ համատեղ մշակել է հանցագործությունն իրականացնելու համար անհրաժեշտ գործողությունների պլանը: Նախ հանձնարարել է հափշտակել հարմար ավտոմեքենա՝ սպանության ժամանակ օգտագործելու համար, ինչն իրականացվել է 1993 թ. մարտի 31-ին։ Երեկոյան հանցավոր խմբի անդամները հավաքվել են Արմեն Տեր-Սահակյանի զոքանչի տանը և վերցնելով այնտեղ պահվող «ԱԿՄՍ» տեսակի 7,62 մմ տրամաչափի երկու ինքնաձիգերը , խմբի անդամներից ՝Սուրեն Հարությունյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Երևան- Ապարան մայրուղի եւ ժամը 23:30-ի սահմաններում՝ Հարթավան գյուղի մոտակայքի մոտակայքում կանգնեցրել են Թբիլիսի քաղաքի բնակչի վարած ՎԱԶ-2108 մակնիշի ավտոմեքենան: Ներկայանալով որպես ներքին գործերի աշխատակիցներ՝ ավտոմեքենան և փաստաթղթերը ստուգելու պատրվակով վարորդին և ուղևորին իջեցրել են ավտոմեքենայից, ապա՝ դրանք կեղծ լինելու մտացածին պատճառաբանությամբ հայտարարել են, որ վարորդին և ուղևորին ավտոմեքենայով հանդերձ , պետք է բերման ենթարկեն Աշտարակի շրջանի ՆԳ բաժին: Շարժվելով Երևանի ուղղությամբ՝ ճանապարհին նրանց, ահաբեկելու նպատակով օդ կրակել և նրանց թողնելով մայրուղու վրա հեռացել:

Սպանության հանձնարարության կատարման առաջին փորձը տեղի է ունեցել ավտոմեքենան հափշտակելու հաջորդ օրը՝ 1993 թվականի ապրիլի 1-ին: Խմբի անդամները զինված, Համբարձում Ղանդիլյանին դարանակալել և սպասել են ՀՀ հեռուստառադիոպետկոմի (այժմյան ռադիոտուն)մոտակայքում։ Ընդ որում՝ տեղում հանել են մեքենայի հետևի աջակողմյան ապակին , որպեսզի կրակելն ավելի հարմար լինի , կատարել դերաբաշխում: Փամփուշտներով լիցքավորված երկու զույգ պահունակները իրար ամրակցել են մեկուսիչ ժապավենով, որպեսզի կրակահերթն արձակելիս չկորցնեն դատարկված պահունակը և արագորեն փոխարինեն լիցքավորվածով:

Առավոտյան ժամը 07:40-ի սահմաններում նկատել են , որ Ղանդիլյանի «ՎԱԶ- 2106» մակնիշի ծառայողական մեքենան դուրս գալով Սայաթ-Նովա փողոցից, ընթանում է Խանջյան փողոցով: Մենքենայի մեջ էին գտնվում Ղանդիլյանն ու վարորդը: Քանի որ Ղանդիլյանի ավտոմենքենան ընթացել է բարձր արագությամբ , խմբի անդամները որոշել են ընթանալ այլ կարճ ճանապարհով, որպեսզի դուրս գան Ղանդիլյանի ավտոմեքենային ընդառաջ և հենց այնտեղ գնդակոծեն այն: Սակայն այդ օրը ծրագիրն իրագործել չեն կարողացել, քանի որ Երկաթգծի վարչության շենքի մոտ նկատել են, որ նրա ծառայողական ավտոմեքենան մտել է վարչության շենքի տարածք: Դադարեցնելով հետապնդումը վերադարձել են և մանրամասնությունների մասին զեկուցել Արմեն Տեր-Սահակյանին :

1993թ. ապրիլի սկզբներին հափշտակվել է մեկ այլ ավտոմեքենա՝ սպանության ժամանակ օգտագործելու համար, Դավթաշեն թաղամասին դեպի Զովունի տանող ճանապարհին ավազակային հարձակմամբ հափշտակել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենա և հեռացել` վարորդին ու երկու ուղևորներին թողնելով դեպքի վայրում: Մաշտոցի շրջանի ՆԳ աշխատակիցները հետապնդել են նրանց և բերման ենթարկել ՆԳ բաժին, առգրավելով նրանց մոտ եղած զենքն ու զինամթերքը: Մաշտոցի շրջանի ՆԳ բաժնում խոստովանել են ավազակություն կատարելու փաստը: Կատարված խուզարկությամբ խմբի անդամների բնակարաններում հայտնաբերվել են իրեղեն ապացույցներ, այդուհանդերձ նույն օրը ՆԳ նախկին նախարարի միջամտությամբ, խմբի անդամները ապօրինաբար ազատ են արձակվել, փաստի առթիվ ստեղծված նյութերին որևէ ընթացք չի տրվել, իսկ առգրավված հրազենը վերադարձվել է Արմեն Տեր-Սահակյանին, որն էլ այն նորից տրամադրել է Համբարձում Ղանդիլյանի սպանության իրագործման ծրագրում ներգրավված խմբի նույն անդամներին: Վերջիններս էլ շարունակել են սպանության նախապատրաստությունը:

Ի վերջո՝ 1993թ. մայիսի 3-ին՝ առավոտյան ժամը 7-ի սահմաններում , երկու ինքնաձիգերով զինված, հերթական անգամ դարանակալել և սպասել են Համբարձում Ղանդիլյանի տան մոտ ՝ Սայաթ-Նովա փողոցում: Ղանդիլյանը դուրս է եկել տանից և նստել ծառայողական մեքենան: Խանջյան փողոցում Ղանդիլյանի մեքենան անսպասելիորեն կանգնել է նրա կողքին ՝ հետևի նստատեղին նստել է վերջինիս վաղեմի ծանոթ, պահեստի գեներալ Ժորա Իսահակյանը, որին բանդայի անդամները չեն ճանաչել: Հանցագործությունը մինչև վերջ հասցնելու համար նրանք առանց վարանելու շարունակել են հետապնդումը՝ նպատակ ունենալով Ղանդիլյանի և նրա վարորդի հետ մեկտեղ սպանել նաև ուղևորին:

Խանջյան փողոցի թիվ 13 շենքի դիմացի ճանապարհահատվածում, Մանկավարժական համալսարանի մոտակայքում , նրանք ձախ կողմից վազանցել են Ղանդիլյանի ավտոմենքենան և սկսել գնդակոծել, այնուհետև մի քիչ առաջ են գնացել կրկին կանգ առել, հետընթաց կատարել , որի ընթացքում խմբի անդամներից Արշակ Շուխյանն ու հետևի նստատեղին նստած Ալիկ Գրիգորյանը , ավտոմենքենայի միջից երկու ինքնաձիգերից դիմահար կրակահերթերով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, գնդակոծել են նրանց և ավտոմեքենան, որի հետևանքով Համբարձում Ղանդիլյանն ու Ժորա Իսահակյանը տեղում մահացել են, իսկ վարորդ Հակոբ Ունիկյանը ստացել է հրազենային ծանր մարմնական վնասվածքներ և նույն օրը հիվանդանոցում մահացել է : Հանցավոր խումը դեպքի վայրից դիմել է փախուստի, բարձր արագությամբ նրանց մեքենան ընթացել է դեպի Արշակունյանց փողոցի ուղղությամբ: Նրանք կատարվածի մասին զեկուցել են Արմեն Տեր-Սահակյանին ու նրան հանձնել որպես սպանության գործիք օգտագործված զենքը:

Հետագայում՝ նախաքննության ընթացքում Արմեն Տեր-Սահակյանը Համբարձում Ղանդիլյանի սպանության դրվագի մասին պատմել է .-«1993 թ. գարնանը, Համբարձում Ղանդիլյանի սպանությունից մի քանի ամիս առաջ , Վ. Սիրադեղյանն իրեն հանձնարարել է սպանել Ղանդիլյանին՝ նշելով, որ դա կատարվում է պետության և ազգի շահերի համար, քանի որ Ղանդիլյանը խանգարում է հանրապետության նորմալ ընթացքին՝ չնշելով սպանության կոնկրետ պատճառները: Ջոկատի տղաները բոլորն էլ գիտեին , որ այդ սպանությունները կատարվում են պետության և ազգի շահերի համար: Նրանց այդ սպանությունների համար չեն վարձատրել կամ խրախուսել»: «Տղաներին հանձնարարել եմ ճշտել Ղանդիլյանի երթուղիները , դրանցով անցնելու ժամանակը: Ղանդիլյանի սպանությունից հետո , այդ մասին հայտնել եմ նախկին նախարարին, , որն էլ ասել է , որ «նորմալ է »,- ասել է Տեր-Սահակյանը:

Սպանության կատարմանն անմիջական մասնակցություն ունեցած Արշակ Շուխյանի ցուցմունքների համաձայն՝ Ղանդիլյանի սպանության շարժառիթն ի սկզբանե չեն իմացել։ Միայն հետագայում , արդեն Համբարձում Ղանդիլյանի սպանությունից բավականին ժամանակ անց, մի անգամ խոսակցության մեջ Արմեն Տեր-Սահակյանն իրեն ասել է, որ Հայաստանի բիզնեսի մոնոպոլիան Ղանդիլյանի ձեռքում էր , նա հաշվի չէր առնում Վանո Սիրադեղյանին և մյուսներին ՝ դրա համար էլ վերացվեց: Միջոցառումը կրել է «Կայարան» պայմանական անվանումը:Ըստ Շուխյանի՝ Ղանդիլյանի գրաֆիկը ճշտելով Արմեն Տեր-Սահակյանին նաեւ ասել է, որ սպանությունն անհնար է կատարել այնպես, որ վարորդը չտուժի : «Նա էլ պատասխանել է , որ նպատակին հասնելու համար նշանակություն չունի , թե այդ պահին ով կլինի մեքենայի մեջ, բոլորին էլ պետք է սպանել»,- պատմել է Շուխյանը։

Սպանությունը տեղի է ունեցել միայն մասյի ամսին, քանի որ Ղանդիլյանը մեկ ամիս բացակայել է հանրապետությունից:

Համբարձում Ղանդիլյանի սպանությունից շուրջ 2 ամիս անց ՝ ՀՀՇ վարչության շենքի մոտ` Շուխյանը տեղեկացել է, որ Արմեն Տեր-Սահակյանից ժամանակին հատուկ ցուցում է տվել եղել իր ազգական Ալիկ Գրիգորյանին՝ Համբարձում Ղանդիլյանի սպանության ընթացքում «վառվելու» դեպքում Շուխյանին և խմբի անդամներից ՝ Սուրեն Հարությունյանին տեղում սպանել :

Համբարձում Ղանդիլյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, նրա մահը վրա է հասել բազմաթիվ հրազենային վնասվածքների հետևանքով առաջացած տրավմատիկ շոկից: Փորձաքննությամբ պարզվել են , որ կրակոցները արձակվել են ինչպես թիկունքի, այնպես էլ դեմքի կողմից:

Դեռեւս այն տարիներին՝ քաղաքական գործիչներն արդեն հասկանում էին թե ինչ է կատարվում եւ ովքեր են կանգնած մեկը մյուսին հաջորդող քաղաքական սպանությունների հետեւում։ ԳԽ բարձր ամբիոնից այն ժամանակ պատգամավոր Կիմ Բալայանը հայտարարել է , որ «եթե սպանություն կատարողն ու բացահայտողը միևնույն գերատեսչությունն է, ապա այդ հանցագործությունը չի բացահայտվի»։ Ըստ նրա՝ Ղանդիլյանի սպանության շարժառիթը եղել է մոտ 430 վագոն վառելանյութի հափշտակությունը, ինչի մասին տեղեկացել էր Համբարձում Ղանդիլյանը։ Այդ առթիվ կեղծ ակտ էր կազմվել , որ իբր այն բեռնաթափվել է Ադրբեջանի տարածքում եւ իբր ՆԳՆ պայքարում էր հափշտակողներին հայտնաբերելու համար:

Հերթական աղմկոտ սպանությունը տեղի ունեցավ ամիսներ անց՝ այս անգամ թիրախը Հայաստանի Պետական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մարիուս Յուզբաշյանն էր։

Շարունակելի

 Փաստինֆո

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ