20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում մեր ժողովրդին

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ, ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՕՐԵՐԻ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում մեր ժողովրդին Հաղթանակի ու խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով:

Մայիսի 9-ի խորհուրդը աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար նվիրական է։ Այսօր մենք տոնում ենք Երկրորդ աշխարհամարտում և Արցախին պարտադրված պատերազմում մեր հերոս հայրերի ու նրանց քաջարի որդիների սխրագործությունների հաղթանակը։ Հպարտ և երախտագետ հոգով մեր խոնարհումն ենք բերում ռազմի դաշտում հանուն խաղաղության հերոսացածների հիշատակին, նաև հաղթանակի համար իրենց ջանքերը ներդրած նվիրյալներին:

Երկրորդ աշխարհամարտից շուրջ կես դար հետո մենք կրկին հարկադրված եղանք պաշտպանելու մեր ժողովրդի ազատ և անվտանգ կյանքի իրավունքը՝ միայնակ դիմակայելով Արցախում մեր գոյությանը սպառնացող հակառակորդին։ Արցախյան ազատամարտը, Շուշիի ազատագրումը հաջորդ սերունդներին փոխանցելու է մեր ազգի արիության, արժանապատվության և սեփական ուժերին ապավինելու պատմությունը, հանուն խաղաղության հեղված արյան արժևորման բարձր գիտակցությունը։

Շուշիի ազատագրման հաղթական օրը հռչակվեց նաև տոն Պաշտպանության բանակի հիմնադրման, որը իր հայրենասեր և խիզախ զորահրամանատարներով, սպաներով ու զինվորներով երաշխավորն է Արցախ աշխարհում մեր ազգային իղձերի ու երազների իրականացման։

Ի խորոց սրտի Մեր աղոթքն է, որ Բարձրյալն Աստված Իր Ամենազոր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղության մեջ անվտանգ պահի Հայաստանն ու Արցախը, զորացնի և օգնական լինի հայրենյաց պաշտպաններին, և երկնառաք օրհնությամբ բարգավաճի հայրենի մեր երկիրը և համայն ժողովուրդը համերաշխ, երջանիկ ու բարօր կյանքով:

Օրհնությամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ