18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սիլվա Համբարձումյանից Ռոբերտ Քոչարյանը կաշառք չի պահանջել՝ հատվածներ ցուցմունքներից․ «Փաստինֆո»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված երկրորդ մեղադրանքը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ, հիմնված է  Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի վրա, գումար փոխանցողը, ըստ մեղադրանքի, Սամվել Մայրապետյանն է, իսկ Վարդան Օսկանյանը եղել է գործարքի միջնորդը․ նախկին արտգործնախարարն այժմ վկայի կարգավիճակ ունի։

«Փաստինֆոն» հատվածներ է ներկայացրել  այս գործի ցուցմունքներից եւ պարզել, որ հանրությանը ներկայացված ՀՔԾ որոշման  և այս գործով անցնող անձանց ցուցմունքների միջև լուրջ հակասություններ կան, որոնք բացահայտվել են առերեսումների ընթացքում:

Ըստ աղբյուրի՝ առերեսման ընթացքում Սիլվա Համբարձումյանի հայտնի ցուցմունքին ի պատասխան՝ Սամվել Մայրապետյանը հայտարարում է, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը. «Ի՜նչ Ռոբերտ Քոչարյան, ի՜նչ Սերժ Սարգսյան, Ես Սիլվային ճանաչում եմ արաբների հետ կապված հարցով… որոնք եկել էին Հայաստանում շինարարություն իրականացնելու և քանի որ ես այդ գործի մեջ էի, իմ միջոցով էին ուզում անել դա: Ենթադրում եմ, թե Սիլվային էլ առնչվել էին հանքարդյունաբերությանը վերաբերող հարցերով…»,- ասել է Ս.Մայրապետյանը։

2018 թվականի հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած առերես հարցաքննության ժամանակ անգամ  Սիլվա Համբարձումյանը չի նշել, որ գործարքի թույլտվության համար իրենից կաշառք են ուզել։ Ավելին՝ ընդգծել է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն իրենից ոչինչ չեն ուզել։ 

Մասնավորապես՝ Սիլվա Համբարձումյանը հայտնել է, որ 2007 թվականի վերջերին խնդրել էր Վարդան Օսկանյանին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ վարչապետ Սերժ Սարգսյանին տեղեկացնել, որ «Թի Էս Էս Սի» ՍՊ ընկերության բաժնեմասերը պետք է վաճառի արաբներին՝ շեյխերի։ «2008 թվականի   սկզբներին Վարդան Օսկանյանն ասել է, որ «նորմալ է, համաձայնությունը տվել են բաժնեմասերի վաճառքի համար։ Դա այն նպատակով էր, որովհետեւ ընկերությունը հանքերով էի վաճառում։ Դրանից հետո Էմիրաթներում բաժնետոմսերի վաճառքի համաձայնագիրը ստորագրել ենք։ 2008 թվականի հունվարի վերջին, մինչեւ 29-ը վերադարձել եմ Էմիրաթներից եւ Վարդան Օսկանյանին ասել եմ՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ թե ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին փոխանցի իմ շնորհակալությունը, որ չմերժեցին ու ինքս առաջարկեցի, որ պատրաստ եմ իմ «շնորհակալությունը» երկուսին հայտնել։ Նրանք ինձանից ոչինչ չեն ուզել»,- Սամվել Մայրապետյանի հետ առերեսման ժամանակ ասել է Սիլվա Համբարձումյանը։

Մայրապետյանը ընդհանրապես ժխտել է, թե ինքը որևէ փողային հարաբերություն է ունեցել ՀՀ նախագահի, վարչապետի, արտգործնախարարի հետ. «Օսկանյանին լավ ճանաչում եմ, բայց մեր հարաբերությունները այնպիսին չէին, որ նա ասի՝ էս փողը տուր սրան, տուր նրան: Ֆինանսական հարաբերություն երբևէ նրա հետ չեմ ունեցել: Ա. Գևորգյանի հետ շատ մոտ հարաբերությունների մեջ եմ, սակայն ինքն ինձ հետ  երբևէ Սիլվա Համբարձումյանին վերաբերող խնդիր չի ունեցել: Անկեղծ ասած, չեմ կարող պնդել կամ ժխտել, թե նա Ս. Համբարձումյանին անձամբ ճանաչում է, թե՝ ոչ»: Նա նաեւ հայտնել է, որ ճանաչում է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, սակայն ավելացրել. «նրանց հետ երբևէ ֆինանսական հարաբերություն չեմ ունեցել, ուստի չէի կարող միջնորդ հանդիսանալ, որը կարող էր նրանց գումար տանել տալ»:

Առերեսման ժամանակ՝ Մայրապետյանի պաշտպանի այն հարցին, թե ՝ Մայրապետյանին երբ հանդիպել եք, գումար եք տվել ասե՞լ եք սա Ռ. Քոչարյանին, սա՝ Ս. Սարգսյանին, սա էլ Ա. Գևորգյանին պիտի փոխանցվի, վերջինս պատասխանում է՝ «հո կյանքս չէի կանգնելու պատմեի»:

Այս առերեսումից հետո Սամվել Մայրապետյանի պաշտպանը հայտարարել է, որ Ս. Համբարձումյանի ցուցմունքներից բխում է, որ առնվազն կաշառքի հատկանիշները բացակայում են՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել իր պաշտպանյալին:

Առերեսումից հետո  քննիչը երկու օր անց՝ հոկտեմսերի 8-ին մեղադրանք է առաջադրել Սամվել Մայրապետյանին եւ հարցաքննել։

Սամվել Մայրապետյանի ցուցմունքը․

-ՀՀ ՀՔԾ կողմից 2018թ. հոկտեմբերի 8-ին իմ բնակարանում և գրասենյակում կատարվել է խուզարկություն: Մինչև խուզարկությունը քննիչի կողմից ինձ ծանոթացվել է դատարանի որոշումը:Խուզարկությունից հետո ինձ ասացին, որ ես ազատ եմ  և հետագայում կասեն իմ անելիքները, ասացին՝ մենք մեր գործողությունները կատարել ենք: Դուք ազատ եք: Ես գրասենյակից վերադարձա տուն, քանի որ առավոտվանից հաց չէի կերել: Ինձ անծանոթ հեռախոսահամարից զանգահարեցին և ներկայացան որպես ԱԱԾ ներկայացուցիչ ոմն Խաչիկ, ում համարը 0 55-ով էր. Ասաց՝ պարոն Մայրապետյան, Ձեզ քննչականից ասել են, որ պետք է ներկայանաք քննչական /ՀՔԾ/, Ես ասացի, որ ինձ ոչ-ոք նման բան չի ասել և նա ասելով, որ քիչ անց կրկին կզանգահարի, հեռախոսն անջատեց: Կարճ ժամանակ անց կրկին նշված Խաչիկը զանգահարեց և ասաց, որ պետք է գնամ քննչական և հավելեց, որ ինքն էլ կգա և ինձ կուղեկցի: Ես ասացի, որ ՀՔԾ-ի տեղը գիտեմ, տրանսպորտային միջոց ունեմ, ուստի ինքս կներկայանամ, միայն հաց ուտելուց հետո, քանի որ առողջական խնդիրներ ունեմ, ուստի պիտի հաց ուտեմ, որպեսզի դեղորայք ընդունեմ: Խաչիկը տվեց համաձայնության նշան, որից հետո ասաց նաև, որ ինքը կսպասի իմ շենքի դեմը: Հաց ուտելուց հետո ես վարորդիս հետ իմ մեքենայով շարժվեցի, որի ընթացքում զանգահարել եմ Խաչիկի 055-ով համարին, որի ընթացքում Խաչիկն ասաց, որ նա տեղում է, շենքի դեմն է, մեքենայով է, որից հետո  նաև ասաց, որ ես իմ մեքենայով գնամ, ինքը կգա։ Հասել եմ ՀՔԾ, կանգնել ենք, որից հետո դուրս եմ եկել մեքենայից և կանգնել ՀՔԾ-ի մուտքի դռան մոտ մոռավորապես 20 րոպե, ժամը կլիներ 14.00-ի սահմաններում: Անգամ դռնապահ ոստիկանը դուրս եկավ, հարցրեց, թե ինչ գործ ունեմ ՀՔԾ-ում, որից հետո, իմանալով իմ ազգանունը, մտավ ներս և ճշտելուց հետո ինձ ասաց, որ ինձ ոչ-ոք չի սպասում, անգամ հարցրեց քննիչի ազգանունը, ասացի՝ չգիտեմ: Դրանից հետո  մոտեցան ԱԱԾ տղաները, որոնց ես դեմքով ճանաչում էի՝ մեր տանը կատարված խուզարկությունից, և մենք միասին մտանք ներս: Ցուցմունքիս կից ցանկանում եմ ներկայացնել հիվանդությանս փաստաթղթերը, որոնցից հետևում է, որ իմ անազատության մեջ գտնվելը անհամատեղելի է իմ հիվանդության հետ և ինչպես կասկածյալ ժամանակ, հիմա նույնպես միջնորդում եմ քննարկել այլ խափանման միջոցի ընտրության հարցը: Մեղադրանքի շուրջ միացել եմ պաշտպանիս միջնորդությանը: Մինչ այս պահը ինձ գրավոր պարզաբանում չի տրվել, հետևաբար, կրկին անգամ միջնորդում եմ՝ տրամադրել նշված միջնորդության գրավոր պատասխանը, որից հետո ցուցմունք կտամ:

Քննիչ- 08.10.18թ. Ձեզ մեղադրանք է առաջադրվել Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելու համար մշտապես իշխանության ներկայացուցչի կառավարչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձանց՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանին, խմբով, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 2.160.950.000 ՀՀ դրամին համարժեք 6.985.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն օժանդակելու համար: Նույն պահին անվճար ստացել եք որպես մեղադրյան ներգրավելու մասին որոշումը, որում շարադրված են Փեզ առաջադրված մեղադրանքի իրավաբանական որակումը և փաստական հանգամանքները: Ինչ վերաբերվում է պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությանը, ապա այդ կապակցությամբ կստանաք գրավոր պատասխան: Ներկայումս առաջարկում եմ ցուցմունքներ տալ Ձեզ առաջադրված մեղադրանքի և առհասարակ, դեպքի կապակցությամբ, միաժամանակ, կրկին անգամ պարզաբանում եմ, որ օգտվելով Ձեր իրավունքներից, կարող եք հրաժարվել ցուցմունքներ տալուց:

Մայրապետյան- Ինչպես նշել եմ նախկին ցուցմունքումս, նկարագրվածն ինձ համար ուղղակի անհասկանալի է: Մասնավորապես մեղադրանքի որոշումից պարզ չէ, թե կոնկրետ ես ինչ հանցավոր արարք եմ գործել, ինչում են կայացել կաշառք ստանալուն օժանդակելու իմ գործողությունները, այդ մասով մեղադրանքի որոշման մեջ փաստական տեղեկություններն իսպառ բացակայում են, ինչից ելնելով էլ այն ինձ համար պարզ չէ և չգիտեմ, թե ինչից պետք է պաշտպանվեմ: Ավելին, ինձ ապօրինի ձերբակալել էին 7. 985.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն օժանդակելու համար: Իմ պահանջով անմիջապես կատարված առերես հարցաքննությունից հետո նշված թիվն իսկույն 1. 000.000 ԱՄՆ դոլար գումարով պակասեց: Բացի այդ, ինձ հետ առերեսվողը նշեց, որ իր պայմանավորվածությունները, շնորհակալություն հայտնելու վերաբերյալ ձեռք է բերել Վարդան Օսկանյանի հետ և, ըստ իր ասելու, ինձ գումարներ տալու ժամանակ բացարձակ չի էլ ասել, թե ինչի մասին է խոսքը, ավելացնելով՝ «Հո կյանքս քեզ չեմ պատմելու…» և, ընդհանրապես, որևիցե խոսակցություններից ես տեղյակ չեմ»:

Կանխիկ գումարներ տալու, օդապարիկներ թռցնելու և զավեշտալի այլ փաստերի մասին․ «Ինձ համար անհասկանալի փաստերի և երևույթների շարքը մեծ է, անհասկանալի է, օրինակ, ինչպես է «կաշառքը» երկու օրում նվազում 1.000.000-ԱՄՆ դոլարով, ինչպես է ինձ չտրված 2.666.000 ԱՄՆ դոլարը դառնում ինձ տրված, և, ինչպես, առհասարակ, կարելի է մարդուն մեղադրել առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ մի դեպքի առնչությամբ, որն իբր, տեղի է ունեցել  տաս ու կես տարի առաջ՝ մեջբերելով անկայուն հոգեվիճակով մի կնոջ ընդամենը, ցուցմունքը՝ կանխիկ գումարներ տալու, օդապարիկներ թռցնելու և այլ զավեշտալի փաստերի մասին: Ինձ մոտ զարմանք է առաջացնում, որ անհայտ զբաղմունք ունեցող, բազմաթիվ դատական քաշքշուկների մեջ գտնվող մի քանի անգամ սնանկ ճանաչված կնոջ ցուցմունքը կարող է դառնալ ապացույց այն մասին, թե իբր, նա այնքան կա, որ կաշառք է տալիս ոչ ավել, ոչ պակաս՝ Հանրապետության Նախագահին, ու վարչապետին, իսկ կաշառք տալու ձևաչափը որոշում է արտգործնախարարի հետ»,- հոկտեմբերի 8-ի ցուցմունքում ասել է Մայրապետյանը՝ հայտարարելով, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

Այս ցուցմունքներից «Փաստինֆոն» եզրակացրել է, որ Սիլվա Համբարձումյանը Ռոբերտ Քոչարյանի հետ ոչ անձամբ եւ ոչ էլ միջնորդավորված չի պայմանավորվել կաշառքի շուրջ, իրենից ոչ ոք կաշառք չի պահանջել, ինքը որոշել է «շնորհակալություն» հայտնել ու, իբր, գումար է տվել Մայրապետյանին՝ Ռոբերտ Քոչարյանին հանձնելու համար, ով սակայն հայտարարում է, որ նման բան տեղի չի ունեցել, Քոչարյանին ինքը գումար չի փոխանցել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ