24 Հուլիսի, Չորեքշաբթի, 2019

Հանկարծ ոչ երկրային մի էակ, երկար ու սպիտակ մորուքով, կանգնեց կողքիս և ասաց. «Վե՜ր կաց կանգնի՛ր, դու պիտի հիմա չմեռնես»

2573488

Եղեռնապատման այս վկայությունը պատմեց սուրբ Երուսաղեմի սուրբ Հակոբյանց վանքի մի խցում ծվարած հայուհի, որի մայրը հրաշքով կենդանի մնալով, փոխանցել է հետևյալ պատմությունը: Հերոսուհին ընդամենը մի փոքրիկ, իննը տարեկան աղջնակ էր եղեռնի տարում: Նրա հորը թուրքերը ճանապարհին սպանեցին: Բայց մինչ այդ հայրը կնոջ հագուստներով ծպտված, իր երկու մանկահասակ, որից մեկը դեռ կաթնակեր երեխա էր, գրկած, տանում էր մահվան քարավանով, ու ոչ ոք չգիտեր, թե ինչպես էր նա այդ երեխաներին կերակրում, որովհետև կինը ճանապարհին չդիմացավ և մեռավ: Նրա մասին պատմում են, որ մանկուց Աստծուն էր հաձնվել, բայց մայրը պնդել է, որ ամուսնանա, երկար համառելուց հետո որպես հնազանդ որդի լսում է մորը և ամուսնանում է:

Հետո ծառայում է Կիլիկիայի գյուղերից մեկի եկեղեցում որպես լուսարար: Եկեղեցին, որտեղ ծառայում էր նա, լեռան բարձրունքին էր գտնվում և երբ ձմեռ էր լինում, նա չէր դադարում դեռ լույսը չբացված, մարդաբոյ ձյան շերտը ճեղքելով սարը բարձրանալ և օրվա ժամերգությունները կատարել: Երբ նրան հարցրել են, թե արդյո՞ք չի վախենում գայլերից, որոնք այդ վաղ ժամին վխտում են գյուղի շուրջը, նա խոնարհաբար տեղեկացրել է, որ հենց տան դռնից դուրս է գալիս, երկու հրեշտակներ են գալիս և ուղեկցում իրեն մինչև եկեղեցու մուտքը ու, իսկույն անհետանում, երբ ինքը դռնից ներս է մտնում: 

Ահա այդ Աստծո ծառան իր երեխաների կյանքը փրկելու համար, այդ ամոթալի զգեստի մեջ պատսպարված, մահվան գաղթի տաժանալից ճանապարհներով քայլում է մինչև որ կոշիկները այնքան են մաշվում, որ ստիպված դեն է նետում ու բոբիկ քայլում: Թուրք զինվորներից մեկը, որը կանանց ոտքերի «գիտա» էր դարձել, ուշադիր նայելով նրա ոտքերին, հասկանում է, որ այդ գեղեցկատես «կինը» տղամարդ է, և հրամայում է երեխաներին ուրիշին հանձնել, որովհետև նրան պիտի շարքից դուրս հաներ և սպաներ: Նա էլ, որ արդեն ինը տարեկան աղջկանից ուրիշ մեկը չուներ ում պետք է հանձներ, աղոթքով որբուկին տալիս է իր դստերը և կանանց շարքից դուրս գալիս: Ու քիչ անց լսվում է նրա տառապանքների վերջակետի կրակոցը: 

Նրա աղջիկը, սովից ու ճանապարհի տաժանքներից հյուծված, ստիպված դառնում է իր դեռ կաթնակեր եղբոր մայրը. այն էլ բառիս բուն իմաստով: Որովհետև չկարողանալով տանել փոքրիկի լացը, ստիպված իր մատերը դնում է նրա բերանը, որպես ծծակ, որ գոնե այդպիսով ժամանակավորապես հանդարտվի, մինչև…: Կողքից քայլող կանայք նկատում են, որ օրեր անցնելուց հետո, այդ երեխան քրոջ մատերը ծծելով, խաղաղվում ու քնում Է, ճիշտ այնպես, կարծես թե հենց նոր մայրական կաթ կերած լիներ: Եվ նրանցից մեկը ստուգում է այդ աղջնակի մատերը և ապշած հայտնաբերում է, որ ամեն մի մատիկի ծայրին երեք փոքրիկ անցքեր են բացվել ու երբ մի փոքր սեղմեց, այնտեղից կաթ հոսեց…: 

Ինչքան ուզում ես միջակետեր դնենք Աստծո կատարած այս հրաշքից հետո, միևնույն է չենք կարող հասկանալ ու որևէ կերպ բացատրել Աստծո գործերը, կամ էլ որևէ անուն դնել հայոց գաղթի ճանապարհներին, սրբվող ու սրբացող, նահատակվող ու մարտիրոսվող հայի քրիստոսակերպ տառապանքներին, այլ միայն խոնարհաբար մեր գլուխները իջեցնենք Արարչի անըմբռնելի կամքի առաջ: Իսկ այս եղելությունը պատմողը իր մասին շարունակում է. «Ես նույնպես երեք երեխաներիս հետ մահվան քարավան էի մտել: Աղջկաս, որ արդեն 12 տարեկան էր, թուրք շները իսկույն առևանգեցին, որպես «համեղ պատառ», իսկ մի քանի ամիս տառապանքով գաղթի ճանապարհին պահած մյուս երկու մանուկներիս, մի օր էլ ձիավոր քրդերը մի-մի ձու տալով, սովից նվաղած հինգ տարեկան աղջկաս ու երեք տարեկան տղայիս խաբելով, իրենց մոտ կանչելով, ձիու գավակներին դնելով փախցրին, ու շնագայլերի նման կորան գիշերվա խավարում: 

Դրանից հետո ինձ համար ապրելը անիմաստ դարձավ, կարծես ներքին հենարանից զրկված, դարձա քայլող դիակ: Մայրս տեսնելով հետզհետե հալվող վիճակս, երբ մի տեղ հասանք, որտեղ հյուղակի նման ինչ-որ հողաշեն հոլիկ կար, իր իսկ բերանով ասաց. «Աղջիկս, դու միևնույնն է ճանապարհին շուտով պիտի մեռնես ու անթաղ մնաս, ավելի լավ է մտիր այս հոլիկից ներս ու պառկիր, մինչև Աստված հոգիդ կառնի»:

Ես անտրտունջ ու կյանքից դառնացած, մնաս բարով ասելով մորս, հոժարությամբ, նույնիսկ մի անբացատրելի ուրախությամբ, այդ փոքրիկ հյուղակից ներս մտա ու հողե հատակին պառկելով, աչքերիս առաջ ունենալով աղերսանքով ինձ նայող որբուկներիս դեմքը, իսկ ականջներումս աղջկաս. «Անե՛, անե՛, չի՛մ ուզեր, չի՛մ ուզեր էրթալ» աղիողորմ վերջին կանչը: Կիսաբերան մի վերջին աղոթք մրմնջալով, ապրելուցս մահու չափ զզված ու հոգնած, մահվան չարագույժ ձեռքերին հանձնվեցի…: Բայց ինչպես երևում է Աստված դեռ ուզում էր, որ ապրեի, որովհետև այդ մահվան շուքի ձորում, երբ արդեն մեռած, հարազատ նախնիներիս շշնջոցներն էի լսում, երբ հավիտենական նիրհի թևերը բացվել էին հոգիս իր անէության գիրկը հրավիրելու, հանկարծ ոչ երկրային մի էակ, երկար ու սպիտակ մորուքով, կանգնեց կողքիս և ասաց.

«Վե՜ր կաց կանգնի՛ր, դու պիտի հիմա չմեռնես»: Այդ խոսքերից ես մի անբացատրելի ուժ ստացա ու դուրս գալով հյուղակից քայլեցի դեպի մայրս, որը ճամբաեզրին կուչ եկած, վերջին ցամաք արցունքներով իմ մահն էր ողբում: Ինձ տեսնելով նա մի պահ սարսափեց, կարծելով, թե իմ ուրվականն է երևում աչքին: Բայց երբ ասացի, որ սիրտս սոխ է ուզում, նա մայրական խստությամբ, ինչպես որ կամակոր երեխային կսաստեր, պատասխանեց. «Աղջիկ, խելռեցի՞ր, մենք փշուր իսկ հաց չունենք, դու սո՞խ ես ուզում»: Ես,- նույնիսկ ինձ համար զարմանալի համառությամբ,- ասացի, որ գնա ու ման գա ու պիտի գտնի: Մայրս վարակվելով ոչ երկրային իմ համառությունից, ոտքի ելավ ու սկսեց ճամփեզրին աճած մոլախոտերը այս ու այն կողմ տանելով փնտրել իմ ուզածը: Եվ հանկարծ ի զարմանս իրեն, իսկապես մի երեխայի բռնցքաչափ ու թարմ, գլուխ սոխ է տեսնում, որը կարծես ինչ որ մեկը հենց նոր հանել ու գցել էր խոտերի մեջ:

Նա, թե՛ ուրախացած և թե՛ ապշած, թաքուն գանձի նման վերցնում է սոխը ու փեշերի տակ պահած, վերադառնում է մոտս ու խորհրդավոր ձայնով շշնջում. «Աղջի՛կս, Աստված Հայրիկը երևի ուզում է, որ ապրես, այս սոխն էլ ապացույց է այդ բանին, թե չէ այս չոլ տեղում որտեղի՞ց պիտի թարմ սոխ գտնեինք. ա՜ռ կե՛ր»: Ու ձեռքի ափով ճզմելով սոխի գլուխը, տալիս ինձ: Սոված մարդու համար, որ օրերով ոչինչ չեր կերել, սոխը պիտի ստամոքս այրեր, բայց այնպիսի ախորժակով կերա, կարծես դրախտից մի խնձոր ուղարկած լինեին ինձ: Ու դրանից հետո անբացատրելի ուժ եկավ վրաս:

Այսպես, Տիրոջ կամքով ես մնացի ողջ, իսկ մայրս տառապանքի ճանապարհին չդիմացավ, մեռավ: Հասանք ինչ որ քաղաքատիպ ավան, որտեղ ինձ մի մոլլայի ընտանիք վերցրեց որպես աղախին: Եփել-թափելս ու մաքուր ու ժրաջան աշխատանքս տեսնելով, ինձ շատ գնահատեցին: Իսկ մոլլայի աղջիկը նույնիսկ իր ընտանեկան գաղտնիքներն էր ինձ բացում, դառնացած սիրտը իմ առջև բացելով, որովհետև իր ամուսինը գաղտնի կերպով մի ուրիշ կնոջ հետ էր կապվել:

Սա մի օր էլ, թե. «Լսել եմ որ այսինչ գյուղում, Սանդուխտ կույսի անունով մի ճոճվող կամուրջ կա, որի միջոցով մարդիկ իրենց սրտում պահած մուրազի պատասխանն են ստանում: Եթե կամուրջը ճոճվում է, ապա մուրազը կատարվում է, եթե ոչ, ուրեմն պիտի չկատարվի»: Եվ առաջարկեց մի օր գաղտնի իրար հետ գնանք այդ տեղը: Երբ մոտեցանք կամուրջին, նա բարձրաձայն իր փափագը հայտնեց. ու երկար սպասելուց հետո նորից կրկնեց, բայց կամուրջը մնաց անշարժ:

Հերթը երբ ինձ հասավ, ամբողջ սրտով աղաչեցի Աստծուն, որ հասկացնի երեխաներս ողջ են արդյո՞ք, և կգտնե՞մ գոնե մեկին, թե՞ ոչ: Եվ հանկարծ մեր աչքի առաջ, կարծես մի ահռելի և աներևույթ ձեռք սկսեց ճոճել կամուրջը, որը գնալով ավելի էր թափ առնում: Ես ուրախությունից ճչացի, ու բարձրաձայն Աստծուն փա՛ռք տվեցի, իսկ մոլլայի աղջիկը սարսափած մեր Աստծո զորությունից, ձեռքիցս բռնած իր հետևից ուժով քաշ տվեց ու այդ տեղից հեռու տարավ, ասելով. ՙԱրի՜ շուտ, արի՜ հեռանանք այստեղից, որովհետև եթե այս գյուղի մոլլան իմանա, որ կամուրջը շարժվել է, հաստատ կհասկանա, որ աղոթողը հայի քրիստոնյա է եղել…՚: 

Անցնում էին օրեր, ես սրտատրոփ լուրի էի սպասում, բայց չգիտեմ որտեղից և ում միջոցով, որովհետև շրջապատում միայն թուրքեր ու քրդեր էին, իսկ մոլլայի տանը ես գաղտնի էի մնում: 

Անցան ամիսներ, ես աղոթքիս պատասխանը սրտումս, սպասում էի Աստծո միջամտությանը, և մի օր հանկարծ դրսում, բակն ավլելիս, ձիու սմբակների դոփյուն լսեցի, աչքերս վեր բարձրացնելով, հանկարծ թուրքի փափախը մինչև աչքերը քաշած մի ձիավոր տեսա: Նա ձին ուղիղ քշեց իմ կողմը, և երբ շատ մոտեցավ, ճանաչեցի մորաքրոջս տղային: Մինչ ես ուրախությունից պիտի ճչայի, նա աչք ու ունքով հասկացրեց, որ լռեմ, և առանց ձիուց իջնելու երկու խոսք ասաց. «Աղջիկդ` Արագոն, այսինչ գյուղի, այսինչ քրդի տանն է, թե կարող ես գնա բեր»: Ու մինչ ուշքի կգայի, անհայտ սարերում ֆիդային դարձաց միակ հարազատս, մտրակեց ձին ու հայերեն մնաս բարով ասելով, սլացավ դեպի գյուղից դուրս տանող ճանապարհը: 

Մի քանի օր չգիտեի ինչ անեմ, կարծես մահվան թմբիրից արթնացած լինեի. մի կողմից հարազատ մորաքրոջս տղային էի հիշում, մյուս կողմից աղջիկս էր աչքիս առաջ գալիս, աղերսելով, որ փրկեմ իրեն:  Հարցու փորձով իմացա, որ այդ ասված գյուղը ոտքով մեզանից երեք օրվա ճանապարհ էր, ես էլ մի խեղճ հալածված ու ծպտված, դեռ ջահել կինարմատ: Բայց ինձ անդադար հույս էր տալիս այն միտքը, որ Աստված լսել է իմ աղոթքը և անպայման մի ելք ցույց կտա:

Ու մի օր էլ, չհամբերելով ու ամեն զգուշություն մոռանալով, մոլլային ասացի, որ աղջկաս տեղը իմացել եմ և ուզում եմ գնալ նրա ետևից: Նա իհարկե բարկացած հակառակվեց, որովհետև վտանգը մեծ էր, բայց երկար թախանձանքներից հետո, մի երկտող գրեց այդ գյուղի շեյխին, որ երեխային վերադարձնեն, այլապես սպառնում էր բոլոր երիտասարդներին բանակ քշել:

Ու ինձ հետ երեք թուրք ծառաներ դնելով ճանապարհ ընկանք: Ու քանի որ ցերեկները քայլում էինք, իսկ գիշերները մի տեղ բաց երկնքի տակ հանգստանում, նրանք կրակ վառելով ու մորթիների մեջ փաթաթվելով քնում էին կրակի շուրջը, իսկ ես նրանցից հեռու, մի տեղ կծկված, նստում էի ամբողջ գիշեր: Նրանք երբեմն զարթնելով ու տեսնելով որ ես արթուն եմ, կանչում էին կրակի մոտ, որ ես էլ պառկեմ քնեմ, ես պատասխանում էի, որ երեխայիս կարոտից քունս չի տանում, որը իհարկե ճիշտ էր, բայց և երեք թուրք տղամարդու հետ, գիշերը բաց երկնքում մնալու հետևանքներն էլ էի հասկանում: Եվ այդպես երեք գիշեր արթուն մնալով ու ամբողջ օրը քայլելով, հասանք այդ գյուղը:

Երբ տանտիրոջը տեսանք, և ասացինք մեր գալու նպատակը, նա սկզբում զարմանքից ապշեց, հետո հոխորտաց ու սպառնաց, բայց երբ մոլլայի նամակը տվեցինք կարդաց, հասկացավ, որ դիմադրելը անօգուտ է, կնոջը ասաց, որ աղջկան դաշտից տուն կանչի: Մինչ նա կգար, ես սրտատրոփ ճանապարհին էի նայում և ուզում էի պատկերացնել, թե հինգ ու կես տարի հետո, մարալի դեմքով աղջիկս տեսնես ինչպիսի՞ն է հիմա դարձել:
Հեռվում մի նախիր երևաց, կովերի առջևից, երկար մահակը ձեռքին, պատառոտված ու կեղտոտ շրջազգեստը հագին, մազերը խռիվ ու քեչայի պես իրար կպած, արևից սևացած դեմքով, քունքերին ու կզակին դաջվածքով մի աղջիկ էր գալիս:

Ես սպասում էի, որ նրանից հետո Արագոս կգա կտեսնեմ, բայց երբ նա ավելի մոտեցավ, աչքերից հասկացա, որ այդ աղջիկը հայ է … ու իմ ազիզ բալեն է՝ Արագոս: Կեղտոտ ու լայն բացված ոտքերի մատերով քարերին կառչած, կանգնած, աշխարհի վախից ու թրքի ու քրդի դաժանությունից վայրենացած, լո՛ւռ ինձ էր զննում, կարծես ինչ-որ մեկի հետ մտքում համեմատելով: Երբ նրան փախցրին, նա դեռ հազիվ հինգ տարեկան լիներ և դժվար թե ինձ հիշեր, բայց թե հիմա ում հետ էր համեմատում, միայն Աստված գիտեր: Այո՜, միայն Նա՜, որովհետև մի քանի օր հետո, իմացա, որ անքննին Աստված, երբ մենք դեռ ճանապարհին էինք, նրան երազով հայտնել էր, որ մայրդ գալիս է: Ու հիմա էլ նա իր երազում տեսած մորը համեմատում էր ինձ հետ, որովհետև նա խիստ կասկածամիտ էր դարձել մարդկանց հանդեպ, մանավանդ մայր կոչվածների, քանի որ այդ քրդի կինը, որի տանը նա ծառայում էր, երկու անգամ նրան ցամաք ջրհորն էր գցել, որ մեռնի, բայց ինչ-որ ներքին ձայնի հնազանդվելով հանել է, որ հանկարծ հայի Աստվածը իր միակ տղային չզարկի:

Իսկ մի քանի անգամ էլ դիվական մղումով ուզեցել է աղջկաս խեղդել, բայց երբ ճիվաղային ձեռքերը սկսել են ագուցվել աղջկաս նիհար պարանոցի շուրջը, նույն հայի Աստծո անհայտ զորությունը, Որը հրամայել էր աղջկաս ջրհորից հանել ու, սաստել էր, որ ձեռքերը ետ էր քաշի աղջկաս պարանոցից: Այդ բոլորը ես հետո իմացա, երբ արդեն տանն էինք, բայց հիմա, երկուսս էլ քարացած ու անձայն միմյանց էինք զննում, կարծես սպասելով, որ եղեռնահամ և դաժան տարիների մաղձն ու դառնությունը, տարալուծվեր կարոտի ու մայրական սիրո հորձանուտի մեջ: Քուրդն ու իր կինը նույնպես կանգնած սպասում էին, թե ինչ կանի աղջիկը, կմոտենա՞ այդ անծանոթ ու անբացատրելի հոգեվիճակում կարկամած կնոջը, թե վախեցած իր անկյունը կքաշվի:

Եվ ես կամացուկ ու հայերեն, որ նրանք չիմանան որ հայ եմ, ասացի. «Արագո, ձա՛գս, մո՛տս արի…», ու ձեռքով էլ նշան արեցի, որ մոտ գա, որովհետև գիտեի, որ դեռ նոր թոթովալով, գաղթի մահակուլ ճանապարհին լսած, հառաչանքով ու արցունքով շաղաղված մի քանի հայերեն բառերը արդեն մոռացած կլինի: Նա համրաքայլ մոտենալով, լո՛ւռ ու երկար, համարյա անթարթ, աչքերիս նայե՛ց, նայե՛ց և, գլուխը կարոտով, այնքա՛ն ծանոթ, գորովալից ու իրեն սնող մոր կրծքերին դրեց…: 

Հանկարծ քրդի կինը ձեռքերը փեշերին զարկելով ճիվաղաձայն բղավեց, թե ծղրտաց. «Գյավո՛ւր է, գյավո՛ւր է, էս հա՜յի կնիկ է»: Բայց մինչ նա այդ լուրը կհասցներ տարածել գյուղում, ինձ հետ եկած թուրք տղամարդիկ, ահագնալից հայացքով, քրդին հասկացրին, որ եթե կնոջը չսաստի, ապա վատ բան է սպասվում նրա ընտանիքին: Նա էլ տեղից վեր կենալով, մի լայն ու կտրուկ ապտակով կնոջ դեմքին այնպես խփեց, որ նա ոչ այնքան ցավից, այլ ամուսնու ահից, որ մյուս հարվածը արդեն մահացու պիտի լինի. տեղում կծկվեց, մնաց սսկված:

Հետդարձի ճանապարհին, մինչև գյուղի ծայրը, միայն այդ նույն քրդի կինն էր մեզ ուղեկցում, արցունքը աչքերին անընդհատ մի բան էր շշնջալով խնդրում. «Գյավուրի աղջիկ տղիս չանիծե՛ս…, գյավուրի աղջիկ տղիս չանիծե՛ս…, գյավուրի աղջիկ տղիս չանիծե՛ս…, ես արել եմ դու մի արա՜»: Եվ մինչև մայրս չասաց, որ ինքը անիծող բերան չունի, չթողեց գյուղից դուրս գանք: 

Մարդակեր դարն էր սկսվում, աշխարհն էլ չարանում էր մարդկանց նման…:  Հիմա այս պատմություններից սրտի լարերը բարակած, ու երևի մի քանի կաթիլ արցունք թափած ընթերցողը հարց կտա ինձ. թե ի՞նչ կապ ունի այս մեր ազգի դառնահամ պատմությունը սուրբ Երուսաղեմի հետ. ասեմ՝ ամենաուղիղ, ու այն էլ երկնային կապ: 

Եթե չլիներ մեր Քրիտսոս Հիսուսի հավատի սուրբ փարոսը, մենք էլ էինք դառնալու ու նմանվելու մեզ թշնամի այդ ազգերից մեկի մասնիկը, և ի վերջո մահվան բույր շնչող մեր հոգիները գեհենի կրակի բորբոքված կայծի էին վերածվելու, քանզի Աստծո Սուրբին՝ Իր Միածնին մերժած կլինեինք:

(ԽԱՉԱՊԱՏՈՒՄ գրքից մի վկայություն)

Մերուժան Բաբաջանյանի հանրագրից

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ