25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյան-Ալիև հանդիպումը շատ կարևոր և շատ ծանր է լինելու. Արմեն Աշոտյան

«Ինչպես գիտենք՝ իշխանության գալուց հետո Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում իր հիմնական թեզը եղել և այսօր առնվազն հրապարակային դաշտում մնում է իր խոստումը՝ Ղարաբաղը վերադարձնել բանակցային սեղանին: Այսպիսի խոստում նա առաջին անգամ տվեց Ստեփանակերտում մայիսի 9-ին, այդպիսի քաղաքական ուղերձներ էր հղում նաև Բրյուսելից: Այս ընթացքում, սակայն, մեր իշխանությունները թիզ անգամ չեն մոտեցել այս խնդրի լուծմանը: Ավելին, ինչպես հաճախ լինում է Նիկոլ Փաշինյանի պարագայում, իր խոսքը գործից հազարավոր կիլոմետր առաջ է ընկել: Այս անգամ ևս այս թեզով, հույս ունենալով, որ կապիտալիզացնելու է ՀՀ-ում տեղի ունեցող իշխանափոխությունը, կարողանալու է այս հարցը լուծել, նա պատշաճ ուշադրություն չդարձրեց այն հանգամանքին, որ խնդիրը մինչև հրապարակային դաշտում բարձրաձայնելն անհրաժեշտ էր բանակցել նախ և առաջ ՄԽ համանախագահների հետ: Ինչպես տեսնում ենք, ՄԽ համանախագահ և ոչ մի երկիր նման աջակցություն Հայաստանին չի ցուցաբերում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե Ն.Փաշինյանն ի՞նչ է բերում Բրյուսելից, այնտեղ ի՞նչ դիրքորոշում ունեն Ստեփանակերտին բանակցային սեղան վերադարձնելու կապակցությամբ:

Նա հիշեցրեց, որ ժամանակին ՌԴ ԱԳ նախարար Լավրովն էր հրապարակային հայտնել, որ Ռուսաստանը դեմ չէ, բայց այս հարցը պետք է համաձայնեցնել Ադրբեջանի հետ, ինչը նշանակում էր, որ Ռուսաստանի վրա այս հարցով հույս դնել Նիկոլ Փաշինյանը չի կարող.

«Այս անգամ էլ Բրյուսելից, ցավոք, հստակ երկու ուղերձ ստացավ, մեկը՝ Մոգերինիի պաշտոնական հաղորդագրության մեջ «առանց նախապայմանների» բանակցային գործընթացը շարունակելու քաղաքական ուղերձը, մյուսը՝ Դոնալդ Տուսկի և Յոհանես Հանի հետ հանդիպումների ժամանակ բանակցային ձևաչափի պահպանման անհրաժեշտության մասին հայտարարությունները: Այս ամենն ի մի բերելով՝ պետք է փաստել, որ գալիք Փաշինյան-Ալիև հանդիպումը շատ կարևոր և շատ ծանր է լինելու, որովհետև ինչպես Նիկոլ Փաշինյանն էր հայտնել՝ այդ հանդիպումը լինելու է առանց օրակարգի, սակայն Բրյուսելում նա ասաց, որ օրակարգի հարցը լինելու է բանակցությունների ձևաչափի փոփոխության խնդիրը:

Այստեղ շատ կարևոր է, որպեսզի մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը քայլեր ձեռնարկի իր տված խոստումը կատարելու համար, մյուս կողմից՝ չստեղծվի տպավորություն, որ Հայաստանի պատճառով բանակցային գործընթացը ՄԽ համանախագահների շրջանակներում տորպեդավորվում է կամ պարալիզացման եզրին է: Եթե հանկարծ գնաց երկրորդ սցենարով, ապա մեծ վտանգ կա, որ Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողությունները կարող են արդարացված համարվել միջազգային հանրության մի հատվածի մոտ, որ բանակցությունների վիժեցման կամ տորպեդավորման մեղքը կփորձեն գցել Հայաստանի վրա»:

Ա. Աշոտյանը նշեց, որ այս ամենը կանխատեսվող վտանգներ էին, որոնց մասին իրենք խոսում էին ամենասկզբից, երբ պնդում էին, որ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում Արցախի վերադարձի խնդրին զուգահեռ՝ պետք է բարձրաձայնել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը և չսրբագրել Ադրբեջանի դիվանագիտական պարտությունն ապրիլյան պատերազմից հետո Դուշանբեի՝ ոտքի վրա ձեռք բերված՝ չկրակելու բանավոր խոստումով.

«Այդ բանավոր խոստումը շատ արագ կարող էր բանավոր հրահանգի վերածվել Ալիևի կողմից, ինչը նա կարող է անել, եթե միջազգային հանրության մոտ կարողանա ստեղծել տպավորություն, որ Հայաստանն է մեղավոր բանակցային գործընթացի ձախողման համար»:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ