19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լսիր, թե ինչ են խոսում քո մասին քո ղեկավարած երկրի քաղաքացիները եւ ոչ նրանք, որ դրսերից հիանում են եւ զմայլվում

Քաղաքացու օր, չէ, լավ չի․․․․
Ապրիլի 24-ին էլ մեկ այլ անուն տուր եւ հանգիստ նստիր տեղդ

Հայաստանում պիտի ամեն օր լինի քաղաքացու օր, քաղաքացիների օր,քանզի ամեն օր այդ քաղաքացին է արարում, ստեղծում, աշխատում, տքնում, չարչարվում, նեղանում, հայհոյում, սպասում, հավատում, հիասթափվում, արտագաղթում, եւ այլն եւ այսպես շարունակ։ Քաղաքացու օր հռչակելը, երբ ինքդ այդ քաղաքացուն դեռ ոչինչ չես տվել, դեռ հույսերը չես արդարացրել, դեռ միայն խոսում ես, դեռ շարունակում ես փողոց փակել, նույն քաղաքացուն արգելելով, հոխորտալով, թե փողոց փակել չի կարելի, եւ դա միայն քո մենաշնորհն է, հետո էլ ասում եք մենաշնորհ չկա․․ուրեմն, դու կրկին պատասխանատվությունից փախչում ես, խուսափում, դու կրկին քաղաքացուն ասում ես, գնա ինքդ քո աղքատության հարցերը լուծի, գլխիցդ հանի, տես , ես ոնց հանեցի ու վարչապետ դարձա, ասում ես գնա ոչխար պահի, եթե այլ գործ չեմ կարողանում քեզ տալ, ուրեմն, ի՞նչ քաղաքացի եւ ինչ օր․․։

Իսկ նրանք, ովքեր հոգեխանգարմունքի մեջ են այս որոշումիցդ, քաղաքացիներ չեն, զոմբիներ են, իսկ շատերը՝ դրսերում։ Երբ երրորդ անգամ նստեցիր վարչապետի աթոռին, թեւերդ պիտի քշտեիր եւ աշխատեիր, պիտի անցած ամեն օրը դարձնեիր ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՕՐ․․

Նազիրվեզիրներիդ մի կողմ հրի, դուրս արի փողոց,դերվիշի շորերով, որ իբր չճանաչեն, նստիր ամենապատահական տաքսին, կամ երթուղայինը, մտիր շուկա, գնա փողոցների անկյուններում մանր առեւտուր անող տատիկների մոտ, լսիր թե ինչ են խոսում քո մասին քո քաղաքացիները, քո ղեկավարած երկրի քաղաքացիները եւ ոչ նրանք, որ դրսերից հիանում են եւ զմայլվում։

Լսիր ուշադիր, լսիր, գուցե ամաչես, հուսամ՝ կամաչես, որովհետեւ այդ մարդկանց մեջ եթե կար հույս, որ եկել ես ու բան պիտի փոխես իրենց կյանքում, իրենց համար, իրենց դժվար օրերի մեջ, հիմա դու նրանց ընդհամենը փորձում ես սնել շոուներով, երթերով, քաղաքացու օր եւ էլի չգիտես ինչի օր հռչակելով․․․

Մի անգամ, դեռ նոր էիր վարչապետ, ես հարց տվեցի, ասացի, չեք կարծում, որ շատ եք գնում միտինգի-բանի, արդեն իշխանություն եք, ինչու չեք նստում եւ գործ անում, պետական գործ, պետության համար գործ, քաղաքացու համար գործ, ձեր պատասխանից ես նորից ու կրկին հիասթափվեցի ձեզնից եւ դա այդ կարճ ժամակահատվածում երկրորդ անգամն էր։

Դե, հիմա, ասում եմ, հերիք է, նստիր տեղդ, թվերը նայիր, տնտեսվարողներին ձեռք մեկնիր, մանր բիզնեսին մի խճճիր/խոշորները թռան գիրկդ, դա անգամ ոզնիներին է հայտնի այլեւս/, գործ արա լուռ եւ համեստ, առաջին հերթին՝ սրտացավ եւ պատասխանատու գործ արա, դու ես տերը այլեւս եւ իզուր մի սեթեւեթիր, թե ժողովուրդն է ասողը, էդ բլեֆները մի կախիր այստեղ-այնտեղ;;Հիմա ասում ես քաղաքացու օր․․․հաստատ մի հատ էլ միտինգ կանես, դըմբ-դըմբ, հու-հու ձայներով եւ իրոք, երկիրը կդառնա հնդկական կինոների արենա, իսկ աշխատող, աշխատանք փնտրող, հարկերի եւ վարկերի տակ կքած քաղաքացին կնայի էս կինո-համերգը, եւ ձեռքը թափ կտա, որովհետեւ հիասթափությունն անափ է․․Հորդորս՝ մի արա, պարզապես մի արա, գործի անցիր, դու միտինգ վարող չես, դու դեռ վարչապետ ես քաղաքացի Փաշինյան․․․․․

Հ․Գ․ Հա, թեմայի հետ կապ չունի, բայց առիթ է, ասեմ՝ շնորհակալ եմ, որ Իրանում Վարդանանց պատերազմի եւ փղերի մասին չհիշատակեցիր․․․
Իսկ Պապ թագավորը․․մի քիչ չափն անցար, բայց ներելի է․․․

Մարգարիտ Եսայան

նախկին պատգամավոր

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ