21 Մայիսի, Երեքշաբթի, 2019

Փաշինյան-Ծառուկյան ստվերային պայմանավորվածությունը խորը շերտեր ունի. 168 Ժամ

image_750x_5c626179ad19a

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումն ու ընդունումը, ի թիվս այլ շերտերի, մեկ կարեւոր արձանագրման պատճառ դարձան՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պասիվությունը։ Մեղմ ասած, պասիվությունը։

Ծրագրի քննարկման ժամանակ ԲՀԿ-ականները մի քանի ելույթներ ունեցան, որոնք ընդամենն արտաքուստ էին ապահովում ընդդիմադիր ժանրի կանոնները։ ԲՀԿ-ականների ելույթներում ակնհայտորեն պակասում էր իրենց բնորոշ պաթոսն ու պոպուլիզմը, որով նրանք անարգանքի սյունին էին գամում նախկին կառավարություններին։

Իր եզրափակիչ ելույթում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե չանդրադարձավ ԲՀԿ-ականների քննադատությունններին, եթե դրանք, իհարկե, կարելի է քննադատություններ անվանել։ Փաշինյանի ելույթն ակնհայտ դարձրեց մի քանի օր շարունակ երեւացող այն իրողությունը, որ հակամարտությունն ընթանում է իշխանություն-«Լուսավոր Հայաստան» տիրույթում։

Այսինքն՝ առնվազն կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումների մասով «Լուսավոր Հայաստանն» իրեն արձանագրեց՝ որպես իշխանությանը թիվ մեկ ընդդիմադիր խորհրդարանական ուժ։

Այսքանը վստահաբար գիտակցում էին ու գիտակցում են նաեւ ԲՀԿ-ականները։ Հետեւաբար՝ հարց է առաջանում՝ ինչո՞ւ, ինչի՞ դիմաց «Բարգավաճ Հայաստանը», Գագիկ Ծառուկյանը զիջեցին իրենց դիրքերն Էդմոն Մարուքյանի ղեկավարած ուժին։ Այդ քայլին դիմելու քաղաքական դրդապատճառներ «Բարգավաճ Հայաստանը» չուներ։

Ճիշտ հակառակը՝ կառավարության ծրագրի քննարկումն այս ուժը պետք է օգտագործեր՝ որպես թիվ մեկ ընդդիմադիր ավելի ամրանալու, հանրային գիտակցության մեջ՝ որպես իշխանությանը վերահսկող համար առաջին ուժ ֆիքսվելու համար։ Եվ եթե չկան նման քայլի դիմելու հրապարակային պատճառներ, հետեւաբար՝ այդպիսիք պետք է փնտրել ոչ հրապարակային դաշտում, քաղաքական կուլիսներում։

Ըստ ամենայնի, գործ ունենք Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան ստվերային պայմանավորվածության հետ, որը կարող էր ներառել շատ պայմաններ։ Բացառված չէ, որ կառավարության ծրագրի ոչ այնքան սուր քննադատության դիմաց Նիկոլ Փաշինյանը պարտավորվել է իրենց պաշտոններից չազատել ԲՀԿ-ական բազմաթիվ փոխմարզպետների ու նախարարությունների ղեկավար աշխատակիցներին, որոնք հեղափոխությունից հետո հանգրվանել են կառավարությունում ու շարունակում են աշխատել անգամ ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո։ Հնարավոր է՝ պայմանավորվածությունը ներառել է այլ շերտեր ու զարգացումներ, որոնք տեսանելի կլինեն ապագայում։

Բացառված չէ, որ Նիկոլ Փաշինյանը երկրորդ, երրորդ էշելոններում էլի պաշտոններ տա Գագիկ Ծառուկյանին։ Բացառված չէ նաեւ, որ որեւէ պաշտոնի հարց էլ չի քննարկվել, եւ պայման առաջադրողը եղել է Նիկոլ Փաշինյանը՝ մեղմ քննադատություն՝ Ծառուկյանի բիզնեսներում ստուգումները շարունակելու դիմաց. բանն այն է, որ վերջերս Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են միլիոնավոր դրամների հասնող խախտումներ, եւ գուցե այդ գործընթացը կարող էր շարունակվել, եթե ԲՀԿ-ն հանդես գար կառավարության ծրագրի կոշտ քննադատի դիրքերից։

Նոր Հայաստանի նոր քաղաքական խորապատկերում Գագիկ Ծառուկյանի համար բավական բարդ է դիրքավորվելը։

Նա սովոր է եղել նախկին համակարգերի խաղի կանոններին։ Դա չի նշանակում, թե նոր համակարգը խաղի կանոններ չունի։ Ամենեւին։

Պարզապես դրանք, թերեւս, այնքան էլ հեշտ չեն դարձնում Գագիկ Ծառուկյանի քաղաքական կյանքը։ Պատահական չէ, որ, ըստ մամուլի տեղեկությունների՝ նա ԱԺ ղեկավարությունից արդեն թույլտվություն է խնդրում նիստերից բացակայելու համար։ Գուցե դա եւս Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածության մաս է:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ