15 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2019
KFC

Փաշինյան, հիշիր՝ այդ 60 հազար քաղաքացին 1 տարի հետո դառնալու են 600 հազար քաղաքացի. Շարմազանով

Без названия (4)

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները ավելի ոգևորել են Հանրապետական կուսակցությանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախնական տվյալների հրապարակումից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Պարզ է մի բան՝ Նիկոլ Փաշինյանի բոլոր քայլերը, բոլոր դատարկ մտքերը, բոլոր մահախոսականները Հանրապետական կուսակցության վերաբերյալ փուչիկ են։ ՀՀԿ-ն ապացուցեց, որ գեստապոյական փաշինյանական խայտառակ ռեժիմի հակաքարոզչության, սպառնալիքի ու տոտալիտար ճնշումների արդյունքում 60 հազար քաղաքացի մերժել է Նիկոլին ու այո ասել Շարմազանովին, Աշոտյանին, Վիգեն Սարգսյանին, Արփինե Հովհաննիսյանին և մեր ընկերներին։ Դեկտեմբերի 9-ը Հանրապետական կուսակցության վերածննդի օրն է», – ասաց Շարմազանովը։

Ընդդիմության ներկայացուցիչը նկատեց, որ ՀՀԿ-ի մահը գուժողները չարաչար սխալվել են և Փաշնյանին խոսք ուղղեց. «Փաշինյան, հիշիր, այդ 60 հազար քաղաքացին 1 տարի հետո դառնալու են 600 հազար քաղաքացի»։

Ընտրությունների նման արդյունքները, Շարմազանովի կարծիքով, հիմք են դնում իրենց պայքարի 2-րդ փուլի սկզբին։ Իսկ պայքարը շարունակելու են որպես արտախորհրդարանական ընդդիմություն։

«Շնորհակալ ենք այդ բոլոր քաղաքացիներին, ովքեր օտար ճնշումների ու ատելության սպառնալիքի պայմաններում չեն վախեցել ու ձայն են տվել ՀՀԿ-ին», – նկատեց նա։

Մեր հարցին, թե ինչպե՞ս է արտահայտվելու իրենց քաղաքական պայաքրը, Շարմազանովը պատախանեց. «Այդ պայքարն արտահայտվելու է բոլոր հնարավոր օրինական միջոցներով։ Մեր պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության է, հանուն քրիստոնեական արժեքների, հանուն Արցախի»։

Այդուհանդերձ, ըստ Շարմազանովի, իրենց մտահոգությունները դեռ շարունակում են կենսունակ լինել։ Ավելին, դրանք ավելացել են, քանի որ խորհրդարանում չկա ընդդիմություն.

«Պառլամենտում չկա ուժ, որը Փաշինյանի գործունեության մասին ճշմարտությունը չի ասել, լռել է, երբ Հայաստանում ատելության քարոզ ու վախի մթնոլորտ է եղել, երբ ասֆալտին փռելու մասին կոչեր են եղել։ Սա մեզ ավելի է մոտիվացնում, որպեսզի մենք սկսենք պայքարի երկրորդ փուլը խորհրդարանից դուրս։ Քաղաքական գործիչների պորտը Ազգային ժողովի ամբիոնում չեն կտրել։ Ոչ մի բան չի եղել։ Ընդհակառակը, ես ավելի ոգևորված եմ։ Սա ցույց տվեց, որ այն թևը, որը գտնում էր, թե ընտրություններին պետք չէ մասնակցել, իրենք սխալ էին, մենք՝ ճիշտ, սա ցույց տվեց, որ Նիկոլը սխալ էր, մենք՝ ճիշտ։ ՀՀԿ-ն ապացուցեց, որ ինքը գաղափարական նվիրյալների բանակ է ու ունի առնվազն 60 հազար մահապարտ քաղաքացի»։

Արձագանքելով այն դիտարկումներին, թե եթե ՀՀԿ-ն խորհրդարանում սաբոտաժ չաներ ու կողմ քվեարկեր Ընտրական օրենսգրքի փոփոխություններին, որը թույլ էր տալիս 4 տոկոս հավաքած կուսակցություններին անցնել խորհրդարան, Շարմազանովն ասաց. «Մեր նպատակը չի եղել ամեն գնով դուր գալ Փաշինյանին, որ երկու մանդատ ավելի ունենայինք ու մտնեինք խորհրդարան։ Նման բան ասողները Հանրապետականի տեսակը լավ չեն ճանաչում կամ լավ չեն տեղը բերում։ ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի ու Վազգեն Սարգսյանի կուսակցությունն է, և մենք որպես ՀՀԿ-ի նոր սերունդ, նրանց պայքարի ժառանգներն ենք»։

Մյուս հարցին, թե ի վերջո ընդունո՞ւմ են ընտրությունների արդյունքները, Շարմազանովն ի պատասխան ասաց, որ այդ մասին հայտարարություն կուսակցությունը կտարածի։

Հետաքրքրվեցինք նաև, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն շնորհավորի խորհրդարան անցած երեք ուժերին, ի պատասխան ԱԺ փոխնախագահն ասաց, որ այդ մասին կուսակցությունը կխոսի։ Իսկ հնարավո՞ր է, որ ինքը շնորհավորի այդ ուժերին, Շարմազանովը պատասխանեց. «Ես կուսակցության անբաժան մասն եմ»։  

Նկատենք, որ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների համաձայն, Հանրապետական կուսակցության օգտին արտահերթ ընտրություններում քվեարկել է 59 068 ընտրող կամ ընտրողների 4.70%-ը։

Ըստ նույն արդյունքների, խորհրդարան է անցնում 3 ուժ՝ Իմ քայլը դաշինքը, որի օգտին քվեարկել էր 884 849 ընտրող կամ 70.44%-ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 103 837 ընտրող, 8.27% և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 80 049  ընտրող, 6.37%։

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում էր 11 քաղաքական ուժ` 9 կուսակցություն և 2 դաշինք:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ