24 Հուլիսի, Չորեքշաբթի, 2019

Սատանային հաղթող Հիսուսի անվան պահպանության տակ մնալ

unnamed_2

Գործով Օրբելի փողոց էի գնում¸ ու չգիտեմ ինչու¸ որոշեցի այս անգամ Կիևյան կամուրջը ոտքով անցնել¸ հետն էլ ներքևի ձորի գեղեցիկ տեսարանով զմայլվել։ Բայց դեռ կեսին չհասած¸ տեսա մի կին է կանգնել այնտեղ¸ շուրջը կենցաղային իրեր¸ ճամպրուկ ու կապոցներ դրված։ Սովորաբար այդքան իրերով կամրջի մեջտեղում չեն կանգնում¸ ու հասկացա¸ որ սա այն արտակարգ ու տխուր դեպքերից մեկն է։ Բնական էր¸ որ առաջին մղումս իսկույն նրա մոտը շտապելն ու ինչ-որ կերպ հանգստացնելն էր¸ բայց երբ սկսեցի դեպի նա քայլել¸ զգացի¸ որ իմ մոտենալը միայն կլցներ հուսահատության բաժակի վերջին կաթիլը¸ ու նա իր վերջին քայլը կկատարեր իսկույն¸ այնքան էր հիասթափված ՚՚մարդ՚՚ կոչվող տեսակներից։ Ես կանգ առա¸ ու անտարբեր զբոսնողի տեսք ընդունելով¸ և իբրև թե ներքևի տեսարաններն եմ դիտում¸ սկսեցի աղոթել Տիրոջը¸ որ Իր սուրբ հրեշտակների միջոցով ցրի այդ կնոջը շրջապատող չար դևերը¸ որոնք հուսահատության պռնկին էին հասցրել այդ խեղճ կնոջը։ Ու աչքի պոչով նայում եմ նրա շարժումներին¸ որ եթե փորձի ճաղերից վեր բաձրանալ¸ ես իսկույն վազեմ¸ ու չթողեմ վերջին քայլն անելու։ Բայց ոչ մի մեքենա չկանգնեց մոտը¸ ոչ էլ սթափվելու ազդանշան տվեցին¸ մտածելով¸ որ իրերը հետը դժվար թե գար այդ քայլն անելու¸ բայց ինչպես երևում է այդ խեղճ կինը իր աղքատիկ վերջին ունեցվածքով դուրս էր շպրտվել ամուսնու կամ ինչ որ մեկի տանից։ Ես շարունակում էի աղոթել ու խնդրել Տիրոջը¸ որ Ինքը միջամտի¸ քանի որ մարդկային օգնությունը այստեղ անօգուտ էր¸ ու նկատեցի¸ որ այդ կինը կողքի ճամպրուկը բացեց ու ինչ որ ընտանեկան լուսանկարներ հանելով¸ մեկիկ-մեկիկ նայում¸ ու գցում էր կամրջից ցած¸ կարծես դրանով վերջին հրաժեշտը տալով իր հարազատներին¸ ու հասկացա¸ որ այդ կնոջ վիշտը պռնկե-պռունկ լիքն է¸ և միայն Աստված կարող է մխիթարել և օգնել։

Լուսանկարները ցած շպրտելուց հետո¸ որոնք մեռած աղավնիների նման թափվում էին ձորը¸ սկսեց ճամպրուկի հագուստներն ու էլի ինչ որ իրեր¸ առանց ափսոսանքի ներքև շպրտել¸ ինչ-որ խոսքերով ուղեկցելով դրանք։ Երբ հերթը հասավ ձեռքի պայուսյակին¸ որտեղ իր այս երկրային լինելիության փաստաղթերն էին¸ դա էլ առանց վարանելու շպրտեց ճաղերից այն կողմ¸ ու ես հասկացա¸ որ դա արդեն վերջին արգելքն էր¸ հիմա վճռական պահն է գալու¸ ու ես լարված պատրաստվում էի իր կողմը վազել¸ բայց և այդ պահին բարձրաձայն խնդրում էի¸ որ Տերը չթողնի այդ օրհաս քայլին դիմի…։

Ու երբ նա միայնակ¸ ու առանց իրերի կանգնած կամրջի եզրին¸ մի պահ նայեց խոր անդունդին¸ ու միգուցե պատկերացրեց¸ իր վերջին քայլով քիչ անց կարող է արյան ու ջարդուխուրդ եղած ոսկորների մի կույտի վերածվել անդունդի հատակին¸ կամ էլ չգիտեմ թե ինչ մտածեց¸ բայց այն հասկացա¸ որ Աստծո երկյուղը իրեն սթափեցրեց մի պահ¸ ու նա հանկարծ սարսափով ետ ընկրկեց¸ ու գլուխը կախ¸ բարձրաձայն լաց լինելով¸ գնաց դեպի անվտանգ փողոց։ 

Ես փառք տվեցի Աստծուն¸ որ միջամտեց այդ կնոջ հուսահատության պահին¸ ու ես էլ ետևից քայլելով ու աղոթքով ուղեկցում էի նրա հեռացող կերպարանքին¸ մաղթելով Տիրոջ օգնությունն ու ողորմությունը իր կյանքի մնացած օրերի համար։

Այս առիթով Իսահակ Ասորի սուրբը ասել է. ՚՚Մեղք գործելը մարդկային է¸ իսկ հուսահատվելը` սատանայական՚՚։ Քանի որ ինքնասպանը այլևս իր այդ սպանության համար զղջման ու ապաշխարության առիթն էլ է բաց թողնում¸ դրանով իսկ մերժելով Աստծո ամենաթանկագին նվերը` այս ժամանակավոր կյանքը¸ որի մեջ սաղմնավորված է հավիտենական կյանքի խոստումը։
Այսքանի կարդալուց հետո¸ կարծում եմ¸ որ մեզ մնում է սատանային հաղթող Հիսուսի Անվան պահպանության տակ մնալ ամենօրյա աղոթքներով¸ ազգ ու տակով¸ տնով¸ տեղով ու ընտանիքով¸ մինչև որ կգա այս չար աշխարհին տրված ժամնակների վերջը¸ որից հետո Տիրոջ խոստացած Նոր երկրին ու Նոր երկնքին կարժանանք¸ որ խոստացել է անսուտն Տերը Իրեն հավատացող հոգիներին¸ որտեղ արդարությունն ու սերը կբնակվեն…

Մերուժան Բաբաջանյան

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ