20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բաքվի «հայտնի օրակարգն» ու Փաշինյանի «հուսալի կապը»

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նախօրեին գրել էր, որ իր ունեցած տեղեկություններով, ադրբեջանցիները նախապատրաստում են Ալիևի այցը Վաշինգտոն՝ հնարավորինս սեղմ ժամկետներում։ «Թրամփ-Ալիև հանդիպումը կարծես հաստատված է։ Ադրբեջանը ցանկանում է ստրատեգիական համագործակցության համաձայնագիր ստորագրել ԱՄՆ հետ»,-գրել էր քաղաքագետը: Տեղեկությունը Հայաստանի համար , անշուշտ մտահոգիչ է: Հիշենք, որ Թրամփ-Փաշինյան հանդիպում այդպես էլ չեղավ, երբ Հայաստանի վարչապետը Նյու Յորքում էր՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակում: Ալիեւի հնարավոր հանդիպումը Թրամփի հետ եւ Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջեւ ստրատեգիական համագործակցության համաձայնագրի ստորագրման հնարավորությունը, իհարկե, Արցախյան հիմնախնդրի համատեքստում մտահոգիչ է: Այս զարգացումների ֆոնին, հետաքրքրական է Արցախյան կարգավորման հարցի շուրջ Միացյալ Նահանգների վերջին հայտարարությունները:

Օրինակ, Անկախության տոնի առիթով Փաշինյանին հղված ուղերձում ասվում էր. «Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ձեզ հետ հակամարտությանը տևական խաղաղ լուծում գտնելու շուրջ»:

Դժվար է ասել, թե ԱՄՆ նախագահը ինչ հնարավորություն է տեսել, երբ բանակցային գործընթաց ասվածը փաստացի գոյություն չունի, երբ Փաշինյանն ու Ալիեւը ընդամենը ծանոթացել էին Մոսկվայում, իսկ Մամեդյարով-Մնացականյան զույգը հասցրել էր մեկ անգամ հանդիպել:

Ադրբեջանա-ամերիկյան հնարավոր մերձեցման ֆոնին, թերեւս, պատահական չէր նաեւ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Միլսի՝ անսպասելի հայտարարությունը: Հիշենք, որ դեսպանը խոսել էր «գրավյալ տարածքների» վերադարձի եւ «հող խաղաղության դիմաց» թեզի մասին: Այս հայտարարությունների ֆոնին սպասվում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջանը, որը, թեեւ ուղղակիորեն Ղարաբաղյան գործընթացի հետ կապել չի կարելի, բայց, անշուշտ, այցի շրջանակում նաեւ այս խնդրին անդրադարձ կլինի:

Իսկ այս ընթացքում, երբ Փաշինյանը խոսում է Ալիեւի հետ «հուսալի կապի» հաստատման մասին, Բաքուն Հայաստանի ղեկավարությունից քաղաքական կամք է ակնկալում: «Դուշանբեում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև բարձր մակարդակով կայացած զրույցը ցույց է տալիս Ադրբեջանի՝ բովանդակալից երկխոսություն վարելու պատրաստակամությունը: Ցավոք, Երևանում տեղի ունեցած իշխանափոխությունն ու մինչև հիմա նկատվող քաղաքական ոչ կայուն վիճակը որոշակիորեն արգելակել են բանակցային գործընթացը:

Լիահույս ենք, որ Հայաստանի ղեկավարությունը մոտ ապագայում կկարողանա քաղաքական կամք դրսևորել գործող ձևաչափի շրջանակում ու արդեն հայտնի օրակարգի հիման վրա բանակցային գործընթացը շարունակելու համար»,-ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը: Այստեղ մնում է գուշակել, թե որն է Բաքվի «հայտնի օրակարգ»-ը, որի հիման վրա բանակցելու քաղաքական կամք է ակնկալում Մամեդյարովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ